Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Երեք բան, որ փողով չես կարող գնել

Երեք բան, որ փողով չես կարող գնել

ՊԱՐԱԴՈՔՍ է. շատերը, նույնիսկ երբ կանգնած են լինում աշխատանքը, տունը կամ նպաստը կորցնելու վտանգի առաջ, շարունակում են տարված լինել տարբեր ապրանքներ գնելով։

Նման մարդիկ հեշտությամբ դառնում են գովազդատուների թիրախը, որոնք գայթակղիչ գովազդներ են անում, թե պետք է ունենալ ավելի մեծ տուն, շքեղ մեքենա կամ բրենդային հագուստ։ Եվ դրանց համար պարտադիր չէ կանխիկ վճարել։ Այս ամենը կարելի է ձեռք բերել վարկով։ Շատերն ուզում են ցույց տալ, թե հարուստ են, սակայն իրականում խրված են պարտքերի մեջ։

Վաղ թե ուշ դառը իրականությունը ջրի երես է դուրս գալիս։ Մի գրքում ասվում է. «Հարուստ երևալու համար վարկով ապրանքներ գնելը նման է տրամադրությունը բարձրացնելու նպատակով կոկաին ծխելուն։ Սկզբում թվում է, թե երկուսի համար էլ մեծ գումար չես վճարում։ Սակայն շատ չանցած՝ հասկանում ես, որ մնացել ես առանց լումայի և անելանելի վիճակում ես» (The Narcissism Epidemic)։

Աստվածաշունչը ցույց է տալիս, թե որքան անմիտ է «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը» (1 Հովհաննես 2։16)։ Փաստն այն է, որ ունեցվածքով տարվելը շեղում է մեզ ավելի կարևոր բաներից, որոնք փողով չենք կարող գնել։

 1. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգներում ապրող 17-ամյա Բրիանը * կարծում է, որ իր հայրը չափից շատ է կարևորում աշխատանքն ու փող վաստակելը։ Նա ասում է. «Մենք ունենք անհրաժեշտ բոլոր բաները, նույնիսկ ավելին, բայց վատն այն է, որ իմ հայրը երբեք տանը չի լինում, քանի որ միշտ գործուղման մեջ է։ Գիտեմ, որ դա իր աշխատանքն է, բայց չէ՞ որ նա պատասխանատվություններ ունի նաև ընտանիքում»։

Մտածիր։ Ինչի՞ համար Բրիանի հայրը հետագայում գուցե ափսոսա։ Մեծ ուշադրություն դարձնելով նյութականին՝ ինչպե՞ս է նա վտանգի տակ դնում աղջկա հետ ունեցած իր փոխհարաբերությունները։ Փողից առավել նրա ընտանիքը ինչի՞ կարիք ունի։

Աստվածաշնչյան սկզբունքներ

  • «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվել են հավատից ու իրենց շատ ցավերով խոցել» (1 Տիմոթեոս 6։10

  • «Ավելի լավ է բանջարեղենով կերակուր՝ սիրո հետ մեկտեղ, քան պարարտ ցուլ՝ ատելության հետ միասին» (Առակներ 15։17

Ամփոփում։ Ընտանեկան միասնությունը փողով գնել չես կարող։ Քո տանը միասնություն կլինի, եթե ժամանակ անցկացնես ընտանիքիդ հետ ու բավականաչափ սեր և հոգատարություն դրսևորես նրանց հանդեպ (Կողոսացիներ 3։18–21

 2. ԻՍԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

«Մայրս միշտ ասում է, որ ես պետք է հարուստ մարդու հետ ամուսնանամ և այնպիսի մասնագիտություն ձեռք բերեմ, որ ինքս էլ լավ աշխատանք ունենամ, որպեսզի, ինչ էլ լինի, մինչև կյանքիս վերջը ապահովված լինեմ։ Նրան միայն փողն է հետաքրքրում»,— ասում է 17-ամյա Սառան։

Մտածիր։ Ի՞նչն է քեզ անհանգստացնում, երբ խորհում ես ապագայիդ մասին։ Ե՞րբ է մտածմունքդ վերածվում մտահոգության։ Ինչպե՞ս կարող է Սառայի մայրը հավասարակշռված տեսակետ ունենալ փողի վերաբերյալ։

Աստվածաշնչյան սկզբունքներ

  • «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են և որտեղ գողերը ներխուժում ու գողանում են» (Մատթեոս 6։19

  • «Չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը» (Հակոբոս 4։14

Ամփոփում։ Փող կուտակելով՝ չես կարող ապագադ ապահով դարձնել։ Փողը կարող են գողանալ, այն ի զորու չէ հիվանդություն բուժելու կամ մահը կանխելու (Ժողովող 7։12)։ Աստվածաշունչն ասում է, որ իսկական ապահովություն հնարավոր է ունենալ Աստծուն ճանաչելու և նրա նպատակների մասին իմանալու շնորհիվ (Հովհաննես 17։3

 3. ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

«Ծնողներս սովորեցրել են ինձ պարզ կյանքով ապրել,— ասում է 24-ամյա Տանյան։— Իմ ու քրոջս մանկությունը ուրախ է անցել, թեև ունեցել ենք միայն ամենաանհրաժեշտ բաները»։

Մտածիր։ Ինչո՞ւ գուցե դժվար լինի անհրաժեշտ բաներով բավարարվել։ Փողի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունես և այդ հարցում ի՞նչ օրինակ ես ընտանիքիդ անդամների համար։

Աստվածաշնչյան սկզբունքներ

  • «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8

  • «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3

Ամփոփում։ Կյանքում փողից և իրերից ավելի կարևոր բաներ կան։ Աստվածաշունչն ասում է. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Իսկական բավարարվածություն կգտնես այն ժամանակ, երբ ստանաս այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են.

  • ո՞րն է կյանքի իմաստը,

  • ինչպիսի՞ն է լինելու ապագան,

  • ինչպե՞ս կարող եմ բավարարել իմ հոգևոր կարիքները։

Այս ամսագրի հրատարակիչները՝ Եհովայի վկաները, ուրախությամբ կօգնեն քեզ ստանալու վերոնշյալ հարցերի պատասխանները։ Դու կարող ես դիմել քո տարածքի Եհովայի վկաներին կամ այցելել jw.org վեբ կայք։

^ պարբ. 8 Այս հոդվածում անունները փոխված են։