Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, երբ բուլիինգի եմ ենթարկվում

Ի՞նչ անեմ, երբ բուլիինգի եմ ենթարկվում

 Ծաղրանքը լուրջ խնդիրներ է ստեղծում։ Բրիտանական մի ուսումնասիրություն պարզել է, որ ինքնասպանություն գործած պատանիների ավելի քան 40 տոկոսը գնացել է այդ քայլին նաև ծաղրուծանակի ենթարկվելու պատճառով, ինչի մասին հայտնել են ազգային հեռուստատեսությամբ։

 Ի՞նչ է բուլիինգը

 Բուլիինգը շատ ավելին է, քան պարզապես ֆիզիկական բռնությունը։ Այն կարող է ներառել հետևյալը։

  •   Վիրավորանքներ։ «Աղջիկները կարող են կոպիտ խոսքեր ասել,— նշում է 20-ամյա Սելինը։— Երբեք չեմ մոռանա այն անունները, որ նրանք կպցնում էին ինձ, և այն խոսքերը, որ ասում էին։ Նրանց պատճառով ինձ անարժեք, անցանկալի ու անպիտան էի զգում։ Ավելի լավ էր մի ուժգին հարված ստանայի աչքիս»։

  •   Շփումից խուսափել։ «Դասընկերներս խուսափում էին ինձնից,— ասում է 18-ամյա Հալին։— Նրանք հասկացնում էին, որ ճաշի ժամին սեղանին տեղ չկա ինձ համար, այդ պատճառով չէի կարողանում նրանց հետ նստել։ Ամբողջ տարի մենակ եմ ճաշել ու լաց եմ եղել»։

  •   Կիբերբուլիինգ։ «Համակարգչի ստեղնաշարին մի քանի հարված հասցնելով՝ դու կարող ես փչացնել ինչ-որ մեկի համբավը, նույնիսկ կործանել նրա կյանքը,— ասում է 14-ամյա Դանիելը։— Գուցե չափազանցություն թվա, բայց դա հնարավոր բան է»։ Կիբերբուլիինգի մեջ կարող է մտնել նաև հեռախոսով անպարկեշտ նկարներ կամ անվայել հաղորդագրություններ ուղարկելը։

 Ինչո՞ւ են մարդիկ ծաղր ու ծանակի ենթարկում և ճնշում ուրիշներին

 Ահա որոշ տարածված պատճառներ։

  •   Իրենք են բուլիինգի ենթարկվել։ «Ես այնքան էի հոգնել հասակակիցներիս վատ վերաբերմունքից, որ սկսեցի ուրիշներին այդպես վերաբերվել,— խոստովանում է 21-ամյա Անտոնիոն։— Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչքան սխալ եմ վարվել»։

  •   Վատ օրինակներ ունեն։ «Հաճախ այդպիսի պատանիները ուրիշների հետ վարվում են այնպես, ինչպես իրենց ծնողները, ավագ եղբայրներն ու քույրերը կամ ընտանիքի մյուս անդամներն են վարվում ուրիշների հետ»,— գրում է Ջեյ Մակ-Գրոուն իր գրքում (Life Strategies for Dealing With Bullies)։

  •   Ցույց են տալիս, թե բոլորից գերադաս են, բայց ներքուստ անվստահ են։ «Այն երեխաները, ովքեր ծաղրում են ու ճնշում ուրիշներին, իրենց բոլորից բարձր են դասում, ինչը հաճախ դիմակ է, որի տակ թաքցնում են խոր ցավն ու անարժեքության զգացումը»,— նշում է Բարբարա Կոլորոսոն իր գրքում (The Bully, the Bullied, and the Bystander)։

 Ովքե՞ր են հաճախ դառնում դրա թիրախը

  •   Ինքնամփոփները։ Որոշ պատանիներ, ովքեր չունեն հաղորդակցվելու հմտություններ, մեկուսանում են մարդկանցից և դառնում բուլիինգի թիրախը։

  •   Պատանիները, որոնց տարօրինակ են համարում։ Որոշ պատանիներ դառնում են բուլիինգի թիրախը իրենց արտաքինի, ռասայի կամ կրոնի և նույնիսկ ինչ-որ ֆիզիկական արատ ունենալու պատճառով. ցանկացած բան, ինչի համար կարող են ծաղրվել ու ճնշումների ենթարկվել։

  •   Ինքնավստահության պակաս ունեցողները։ Ծաղրողների զոհ կարող են դառնալ իրենց մասին բացասական կարծիք ունեցողները։ Նրանք հեշտությամբ են թիրախ դառնում, քանի որ հակահարված չեն տալիս։

 Ի՞նչ կարող ես անել, երբ բուլիինգի զոհն ես դառնում

  •   Մի՛ արձագանքիր։ «Ծաղրողները կարծում են, որ քեզ ցավ պատճառելով՝ իրենք հաջողության են հասնում,— ասում է 21-ամյա Քեյլին։— Եթե չարձագանքես, նրանք կորցնում են իրենց հետաքրքրությունը»։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում» (Առակներ 29:11

  •   Նույն ձևով մի՛ հատուցիր։ Վրեժ լուծելը նոր խնդիրներ կստեղծի և ոչ թե կլուծի խնդիրը։ Սուրբ Գիրքն ասում է. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք» (Հռոմեացիներ 12:17; Առակներ 24:19

  •   Մի՛ ընկիր անախորժ իրավիճակի մեջ։ Հնարավորինս խուսափիր ծաղրող մարդկանցից և այն իրավիճակներից, երբ կարող ես բուլիինգի զոհը դառնալ (Առակներ 22:3

  •   Փորձիր անսպասելի պատասխան տալ։ Աստվածաշունչն ասում է. «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը» (Առակներ 15:1

  •   Հումորով նայիր հարցին։ Օրինակ՝ եթե ծաղրողն ասում է, որ գիրացել ես, պարզապես ուսդ թոթվիր և ասա. «Ճիշտ ես, վատ չէր լինի մի քանի կիլո գցել»։

  •   Հաղթանակած դուրս արի։ «Լռությունը ցույց է տալիս, որ դու հասուն մարդ ես և ավելի ուժեղ ես, քան քեզ վրա ճնշում բանեցնողը,— ասում է 19-ամյա Նորան։— Դու ինքնատիրապետում ես դրսևորում, մի հատկություն, որ ծաղրողը չունի»։

  •   Ինքնավստահություն զարգացրու։ «Բուլիինգի ենթարկողը նկատում է, թե դու երբ ես լարված,— ասում է Ռիտա անունով մի աղջիկ։— Եվ դա օգտագործում է քո ինքնավստահությունը կոտրելու համար»։

  •   Պատմիր ինչ-որ մեկին։ Մի հարցման համաձայն՝ բոլոր զոհերի կեսից ավելին, որ ծաղր ու ծանակի ու ճնշումների են ենթարկվել օնլայն, չեն հայտնել կատարվածի մասին թերևս այն պատճառով, որ ամաչել են (հատկապես տղաները) կամ վախեցել են, որ վրեժ կլուծեն։ Բայց հիշիր, ծաղրողները հաջողությունների են հասնում հենց այն բանի պատճառով, որ մարդիկ գաղտնի են պահում տեղի ունեցածը։ Խոսելը կլինի մղձավանջին վերջ տալու առաջին քայլը։