Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կրթությունն ու փողը լավ ապագայի երաշխի՞ք են

Կրթությունն ու փողը լավ ապագայի երաշխի՞ք են

Շատերը կարծում են, որ նրանք, ովքեր ունեն լավ կրթություն և հարուստ են, ապահով ապագա կունենան։ Նրանք մտածում են, որ բարձրագույն կրթությունը կարող է օգնել, որ մարդը լինի բարեխիղճ աշխատող, օրինապահ քաղաքացի և ավելի լավ հոգ տանի իր ընտանիքին։ Նրանք նաև մտածում են, որ լավ կրթությունը կարող է լավ վարձատրվող աշխատանքի դուռ բացել, իսկ ով շատ փող է աշխատում, երջանիկ կլինի։

ՈՐՈՇՈՒՄ, ՈՐԸ ՇԱՏԵՐՆ ԵՆ ԿԱՅԱՑՆՈՒՄ

Զան Չենը, ով Չինաստանից է, ասում է. «Ինձ թվում էր, որ բարձրագույն կրթություն ստանալով՝ դուրս կգամ աղքատությունից։ Եվ եթե բարձր վարձատրվող աշխատանք ունենամ, կապրեմ երջանիկ ու բավարարված կյանքով»։

Ապահով ապագա ունենալու համար շատերը ձգտում են սովորել հայտնի համալսարաններում, անգամ եթե դրանք գտնվում են արտասահմանում։ Այս երևույթը շատ տարածված էր մինչև COVID-19 համավարակի բռնկումը, որը սահմանափակեց մարդկանց տեղաշարժը։ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» 2012 թ. հաշվետվության մեջ ասվում է. «Արտերկրում սովորող ուսանողների 52%-ը ասիացիներ են»։

Ծնողները հաճախ մեծ զոհողություններ են անում, որ իրենց երեխաները արտերկրում բարձրագույն կրթություն ստանան։ Քիշոնգը, ով Թայվանից է, ասում է. «Ծնողներս հարուստ չէին, բայց մեզ՝ չորս երեխաներիս, ուղարկել էին Միացյալ Նահանգներ՝ սովորելու»։ Շատ ընտանիքներ խոշոր պարտքերի մեջ են ընկնում, որ վճարեն նման կրթության համար։

Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓՈՐՁԸ

Շատերը, ովքեր ձգտում են բարձրագույն կրթության և հարստության, հիասթափություն են ապրում

Կրթությունը ինչ-որ առումով կարող է բարելավել մարդու կյանքը, բայց դրա հետ կապված ուսանողների ակնկալիքները միշտ չէ, որ իրականանում են։ Օրինակ՝ տարիներ շարունակ տքնաջան աշխատելուց և մեծ պարտքեր կուտակելուց հետո շատերը չեն կարողանում գտնել իրենց ուզած աշխատանքը։ Սինգապուրի «Բիզնես թայմս» կայքում Ռեյչլ Մյուին գրում է. «Ակնհայտ է, որ շրջանավարտների մեջ գործազրկությունը լուրջ խնդիր է, որն ավելի է մեծանում»։ Ջինջին, ով ապրում է Թայվանում և ունի դոկտորի կոչում, ասում է. «Շատերը ընտրություն չունեն և ստիպված են անել այնպիսի աշխատանք, որը կապ չունի իրենց մասնագիտության հետ»։

Անգամ երբ ոմանք իրենց մասնագիտությամբ աշխատանք են գտնում, միևնույն է, նրանց ակնկալիքները չեն իրականանում։ Միացյալ Թագավորությունում բարձրագույն կրթություն ստանալուց հետո Նիրինը վերադարձավ Թաիլանդ և աշխատանք գտավ իր մասնագիտական ոլորտում։ Նա ասում է. «Ինչպես և ակնկալում էի, կրթությունս օգնեց բարձր վարձատրվող աշխատանք գտնել։ Սակայն այդպիսի աշխատանքը շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում։ Այն ընկերությունը, որտեղ աշխատում էի, կրճատեց իր աշխատողների մեծ մասին, այդ թվում՝ ինձ։ Հասկացա, որ ոչ մի աշխատանք էլ կայուն չէ»։

Նույնիսկ այն մարդիկ, ովքեր հարուստ են կամ, այսպես ասած, բարեկեցիկ կյանքով են ապրում, ունենում են լուրջ հիվանդություններ, առողջական ու ընտանեկան խնդիրներ։ Ճապոնիայից Կացուտոշին ասում է. «Ճիշտ է, շատ փող ունեի, բայց երջանիկ չէի, քանի որ ուրիշները նախանձում էին ինձ ու վատ վերաբերվում»։ Լամ անունով մի կին, ով ապրում է Վիետնամում, ասում է. «Շատ մարդիկ ձգտում են լավ վարձատրվող աշխատանք ունենալ, որ ֆինանսապես ապահովված լինեն, բայց իրականությունն այլ է։ Նրանք ունենում են անապահովության զգացում, ձեռք են բերում առողջական խնդիրներ, զգացապես քամվում են և ուժասպառ են լինում»։

Ֆրանկլինի նման՝ շատերը եկել են այն եզրակացության, որ կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան բարձրագույն կրթությունն ու հարստությունը։ Ոմանք էլ նյութական բաների վրա կենտրոնանալու փոխարեն՝ ձգտում են լինել լավ մարդ և բարիք անել ուրիշներին։ Կարո՞ղ է նման ապրելակերպը լավ ապագայի հիմք ստեղծել։ Հաջորդ հոդվածում կտրվի այս հարցի պատասխանը։