Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հանդուրժողականություն. Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել

Հանդուրժողականություն. Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել

 «Հանդուրժողականությունը մի արժանիք է, որի շնորհիվ հնարավոր է խաղաղություն հաստատել» (ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիր», 1995)։

 Մյուս կողմից՝ անհանդուրժողականությունը կարող է անհարգալից վերաբերմունքի պատճառ դառնալ կամ նույնիսկ ատելություն առաջ բերել։ Այդպիսի զգացումները հաճախ արտահայտվում են վիրավորական խոսքերի, խտրականության և բռնության միջոցով։

 Սակայն մարդիկ տարբեր կարծիքներ ունեն հանդուրժողականության վերաբերյալ։ Ոմանց կարծիքով՝ հանդուրժող մարդը հավանություն է տալիս բոլոր գործերին և վարքագծի բոլոր տեսակներին։ Մյուսները որդեգրել են Աստվածաշնչի տեսակետը, ըստ որի՝ հանդուրժող մարդը հարգում է արժեքներ ու հավատալիքներ ընտրելու ուրիշների իրավունքը, նույնիսկ եթե ինքը կողմնակից չէ դրանց։

 Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել մարդկանց ժամանակակից աշխարհում լինել իսկապես հանդուրժող։

Աստվածաշնչյան հիմք՝ հանդուրժող լինելու համար

 Աստվածաշունչը խրախուսո՛ւմ է հանդուրժողականությունը։ Այնտեղ ասվում է. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4։5)։ Աստվածաշունչը հորդորում է ուրիշների հետ վարվելիս լինել ուշադիր, քաղաքավարի և անկողմնակալ։ Նրանք, ովքեր առաջնորդվում են այս սկզբունքով, թույլ են տալիս, որ դիմացինը գործի իր ընտրության համաձայն՝ անկախ նրանից՝ համակարծիք են այդ անհատի հետ, թե ոչ։

 Միևնույն ժամանակ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված մարդկանց համար վարքագծի կանոններ է սահմանել։ Այնտեղ նշվում է. «[Աստված] ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչ է բարին» (Միքիա 6։8)։ Նա տվել է սկզբունքներ, որոնք կարող են օգնել մարդկանց ապրել լավագույն կյանքով (Եսայիա 48։17, 18

 Աստված մեզ ուրիշներին դատելու իրավունք չի տվել։ Աստվածաշնչում ասվում է. «Մեկն է օրենսդիրն ու դատավորը.... Ո՞վ ես դու, որ դատում ես քո մերձավորին» (Հակոբոս 4։12)։ Աստված մեզանից յուրաքանչյուրին ընտրություն անելու հնարավորություն է տվել, և մենք ինքներս ենք պատասխանատու մեր որոշումների համար (2 Օրենք 30։19

Ինչ է ասվում Աստվածաշնչում հարգանքի մասին

 Աստվածաշնչում ասվում է, որ մենք պետք է «պատվենք ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 2։17)։ Ուստի նրանք, ովքեր որոշում են ապրել աստվածաշնչյան սկզբունքների համաձայն, հարգանք են դրսևորում բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ նրանց հավատալիքներից և ապրելակերպից (Ղուկաս 6։31)։ Սակայն դա չի նշանակում, որ աստվածաշնչյան սկզբունքներով ապրողները համաձայն են բոլոր հավատալիքների կամ կարծիքների հետ կամ աջակցում են մյուսների կայացրած ցանկացած որոշման։ Կոպիտ կամ անհարգալից լինելու փոխարեն՝ նրանք լավագույնս ընդօրինակում են Հիսուսի վարվելակերպը։

 Օրինակ՝ մի անգամ Հիսուսը հանդիպեց այլ կրոնի պատկանող մի կնոջ։ Այդ կինը ապրում էր մի տղամարդու հետ, ով իր ամուսինը չէր։ Ճիշտ է, Հիսուսը դատապարտում էր նման ապրելակերպը, սակայն հարգանքով խոսեց այդ կնոջ հետ (Հովհաննես 4։9, 17-24

 Հիսուսի պես՝ քրիստոնյաները պատրաստ են խոսելու իրենց հավատալիքների մասին նրանց հետ, ովքեր ցանկանում են լսել, սակայն դա անում են «խոր հարգանքով» (1 Պետրոս 3։15)։ Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին սեփական կարծիքը չփաթաթել ուրիշների վրա։ Այնտեղ ասվում է, որ Քրիստոսի հետևորդը «չպետք է վիճի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի», այդ թվում՝ այլ կրոնի մարդկանց (2 Տիմոթեոս 2։24

Ինչ է ասվում Աստվածաշնչում ատելության մասին

 Աստվածաշունչը հորդորում է մեզ «ձգտել խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ» (Եբրայեցիներ 12։14)։ Խաղաղության ձգտողը հեռու է մնում ատելությունից։ Թեև նա փոխզիջումների չի գնում իր արժեքների հարցում, սակայն ամեն ջանք գործադրում է, որ խաղաղ փոխհարաբերություններ ունենա ուրիշների հետ (Մատթեոս 5։9)։ Իրականում Աստվածաշունչը խրախուսում է քրիստոնյաներին սիրել թշնամիներին և բարի լինել նրանց հանդեպ, ովքեր վատ են վերաբերվում իրենց (Մատթեոս 5։44

 Աստվածաշնչում ասվում է, որ Աստված «ատում է» այն գործերը, որոնք խոցում են մարդու արժանապատվությունը կամ վնաս հասցնում նրան (Առակներ 6։16-19)։ Բայց այստեղ օգտագործված «ատել» բառը մատնանշում է վատ գործերին հավանություն չտալու ուժգին զգացում։ Աստվածաշունչն ընդգծում է, որ Աստված պատրաստ է ներելու և օգնելու նրանց, ովքեր ցանկանում են փոխել իրենց կյանքն ու ապրել իր չափանիշներով (Եսայիա 55։7

Աստվածաշնչյան համարներ՝ հանդուրժողականության և հարգանքի մասին

 Տիտոս 3։2. «[Եղեք] խոհեմ, ամենայն մեղմությամբ վերաբերվեք բոլոր մարդկանց»։

 Խոհեմ մարդը մեղմությամբ է արձագանքում տարակարծություններին և նպաստում է փոխադարձ հարգանքին։

 Մատթեոս 7։12. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց»։

 Մենք բոլորս թանկ ենք գնահատում, երբ մարդիկ հարգում են մեզ և հաշվի են նստում մեր տեսակետի ու զգացմունքների հետ։ Հիսուսի սովորեցրած այս հայտնի սկզբունքի մասին ավելին իմանալու համար կարդացեք «Ի՞նչ է «Ոսկե կանոնը»» հոդվածը։

 Հեսու 24։15. «Ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու»։

 Երբ հարգում ենք ուրիշների՝ ընտրություն անելու իրավունքը, նպաստում ենք խաղաղությանը։

 Գործեր 10։34. «Աստված կողմնակալ չէ»։

 Աստված ոչ ոքի հանդեպ կողմնակալ չէ նրա մշակույթի, սեռի, ազգության, ռասայի կամ անցյալի պատճառով։ Աստծուն ընդօրինակել ցանկացողները հարգանք են դրսևորում բոլոր մարդկանց հանդեպ։

 Ամբակում 1։12, 13. «[Աստված չի] կարող նայել ամբարշտությանը»։

 Աստծու հանդուրժողականությունը սահմաններ ունի։ Նա թույլ չի տա, որ չար մարդիկ շարունակեն հավիտյան վնաս պատճառել մյուսներին։ Ավելին իմանալու համար դիտեք «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» տեսանյութը։

 Հռոմեացիներ 12։19. «Թողեք, որ ձեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»»։ a

 Եհովա Աստված որևէ մեկին վրեժխնդիր լինելու իրավունք չի տվել։ Նա ինքն է արդարություն հաստատելու իր նշանակած ժամանակ։ Ավելին իմանալու համար կարդացեք «Արդարության աղաղակները երբևէ կլսվե՞ն» հոդվածը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Ավելին իմանալու համար կարդացեք «Ո՞վ է Եհովան» հոդվածը։