Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Միջկրոնական համագործակցություն. ընդունելի՞ է Աստծուն

Միջկրոնական համագործակցություն. ընդունելի՞ է Աստծուն

«Կրոնը միավորո՞ւմ, թե՞ բաժանում է մեզ»։ Այս հարցն ուղղեց ընթերցողին «Սիդնեյ մորնինգ հերալդ» պարբերաթերթը։ Արձագանքողների մեծ մասը՝ մոտ 89 տոկոսը, կարծում էր, որ կրոնը բաժանում է մեզ։

ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ համագործակցության կողմնակիցները, սակայն, այլ կարծիք ունեն։ «Ցույց տուր ինձ մի կրոն, որը չի մտածում կարեկցանքի մասին.... չի մտահոգվում երկրի շրջակա միջավայրի մասին.... չի մտածում հյուրասիրության մասին»,— ասում է Իբու Պատելը՝ Միջկրոնական երիտասարդական կենտրոնի հիմնադիրը։

Բուդդայականները, կաթոլիկները, բողոքականները, հնդուականները, մահմեդականները և այլ կրոնի ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ հավաքվել են՝ պայքարելու աղքատության դեմ, պաշտպանելու մարդու իրավունքները, արգելելու ականների գործածությունը կամ ուշադրություն հրավիրելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրների վրա։ Միջկրոնական երկխոսությունները նպաստել են փոխադարձ հասկացողությանն ու մղել են գործերի։ Նրանք իրենց տարբերությունները ուրախության առիթ են համարում և հանդիսավոր կերպով նշում են դա՝ մոմ վառելով, փառատոններ կազմակերպելով, երաժշտությամբ, աղոթքներով և այլն։

Արդյոք կրոնների համագործակցությունը կլուծի՞ կրոնների միջև գոյություն ունեցող խնդիրները։ Արդյո՞ք միջկրոնական համագործակցությունը լավ աշխարհ ստեղծելու Աստծու միջոցն է։

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ. Ի՞ՆՉ ԳՆՈՎ

Մեծ միջկրոնական կազմակերպություններից մեկը պարծենում է, որ ունի տարբեր կրոններին պատկանող ավելի քան 200 անդամ, և այն գործում է 76 երկրներում։ Նրա նպատակն է «նպաստել կրոնների ամենօրյա ու հարատև համագործակցությանը»։ Սակայն ավելի հեշտ է ասել, քան անել։ Օրինակ՝ ըստ հիմնադիրների՝ նրանք պետք է զգույշ լինեին իրենց կանոնադրությունը ձևակերպելու հարցում, որ չվիրավորեին բազմաթիվ կրոններին և տեղաբնիկ խմբերին, որոնք ստորագրել էին փաստաթուղթը։ Ինչո՞ւ։ Խնդիրներից մեկն այն էր, որ համաձայնության չէին գալիս կանոնադրության մեջ Աստծուն ընդգրկելու հարցում։ Արդյունքը եղավ այն, որ նրանք խուսափեցին ընդհանրապես Աստծու մասին որևէ հիշատակում անելուց։

Եթե Աստծու մասին չեն էլ հիշատակում, ապա ի՞նչ դեր է խաղում հավատը։ Իսկ ինչո՞վ են տարբերվում այս միջկրոնական շարժումները բարեգործական կամ մարդասիրական կազմակերպություններից։ Ահա թե ինչու վերոնշյալ միջկրոնական կազմակերպությունը ինքն իրեն բնութագրում է ոչ թե որպես կրոնական մարմին, այլ որպես «կամուրջ ստեղծող կազմակերպություն»։

ՄԻԱՅՆ ԼԱՎ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱ՞Ր ԵՆ

«Բոլոր մեծ կրոնները հիմնականում նույն բաներն են քարոզում՝ սեր, կարեկցանք և ներողամտություն»,— ասում է դալայ-լաման՝ միջկրոնական համագործակցության հայտնի մի կողմնակից։ Նա ավելացնում է. «Կարևորն այն է, որ դրանք լինեն մեր առօրյա կյանքի մի մասը»։

 Ճիշտ է, այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սերը, կարեկցանքը և ներողամտությունը անչափ կարևոր են։ Օրինակ՝ նկատի առնենք Հիսուսի խոսքերը, որոնք հայտնի են որպես Ոսկե կանոն. «Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Բայց արդյո՞ք իսկական հավատը միայն մղում է մարդուն լավ հատկություններ զարգացնելու։

Պողոս առաքյալը շատերի մասին, ովքեր պնդում էին, թե ծառայում են Աստծուն, ասաց. «Ես վկայում եմ նրանց, ովքեր Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների համաձայն»։ Իսկ ի՞նչ խնդրի է դա հանգեցնում։ Առաքյալն ասում է. «Որովհետև չգիտեն Աստծու արդարությունը և ձգտում են հաստատել իրենց սեփական արդարությունը» (Հռոմեացիներ 10։2, 3)։ Նրանց նախանձախնդրությունն ու հավատն իրականում իզուր էր, քանի որ չունեին ճշգրիտ գիտելիքներ այն մասին, թե ինչ է Աստված ուզում, որ անեն (Մատթեոս 7։21–23

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

«Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են»,— ասաց Հիսուսը (Մատթեոս 5։9)։ Նա ոչ միայն քարոզում էր, այլև ապրում էր իր սովորեցրածի համաձայն։ Նա դեմ էր բռնություն գործադրելով խնդիրները լուծելուն և խաղաղություն էր քարոզում տարբեր կրոնական ծագում ունեցող մարդկանց (Մատթեոս 26։52)։ Նրանք, ովքեր արձագանքում էին, կապվում էին սիրո անխախտ կապով (Կողոսացիներ 3։14)։ Բայց մի՞թե Հիսուսի քարոզի թեման միայն տարբեր ծագում ունեցող մարդկանց միջև կամուրջ գցելն էր, որ նրանք խաղաղ փոխհարաբերություններ ունենային։ Արդյոք նա միանո՞ւմ էր ուրիշներին՝ մասնակցելով նրանց կրոնական արարողություններին։

Փարիսեցիների և սադուկեցիների աղանդի կրոնական առաջնորդները չարամտորեն հակառակվում էին Հիսուսին, նույնիսկ փորձում էին սպանել նրան։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։ Նա ասաց իր աշակերտներին. «Թողե՛ք նրանց։ Նրանք կույր առաջնորդներ են» (Մատթեոս 15։14)։ Հիսուսը հրաժարվեց նրանց հետ համագործակցելուց և իր հոգևոր եղբայրները համարելուց։

Որոշ ժամանակ հետո քրիստոնեական ժողով հիմնադրվեց Կորնթոսում (Հունաստան)՝ մի քաղաքում, որը հայտնի էր բազմազգ, բազմակրոն մշակույթով։ Ի՞նչ պետք է անեին քրիստոնյաները այդ միջավայրում։ Պողոս առաքյալը պարզ նշում է, որ նրանք չպետք է մասնակցեին այդ մարդկանց երկրպագությանը. «Ի՞նչ ընկերակցություն ունի արդարությունը անօրենության հետ։ Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի լույսը խավարի հետ։ Ի՞նչ ներդաշնակություն կա Քրիստոսի և Բելիարի [Սատանայի] միջև»։ Այնուհետև նա խորհուրդ է տալիս. «Ուստի դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք» (2 Կորնթացիներ 6։14, 15, 17

Հստակ է, որ Աստվածաշունչը դեմ է խոսում միջկրոնական համագործակցությանը։ Սակայն գուցե հարցնես. «Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր իսկական միասնության հասնել»։

ՀԱՍՆԵԼ ԻՍԿԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ

Միջազգային տիեզերական կայանը տեխնոլոգիական մի հրաշք է, որը պտտվում է երկրի շուրջ, և մոտ 15 ազգերի միասնական ջանքերի արդյունք է։ Քո կարծիքով՝ հնարավոր կլինե՞ր իրագործել այս նախագիծը, եթե մասնակից ազգերը համաձայնության չգային, թե ինչ սխեմա պետք է օգտագործեին։

Ժամանակակից միջկրոնական շարժումները թեև համագործակցություն և հարգանք են քարոզում, բայց չունեն համաձայնեցված սխեմա՝ հավատ կառուցելու համար։ Արդյունքում բարոյական ու դավանաբանական հարցերը շարունակում են պառակտել։

Սուրբ Գիրքը պարունակում է Աստծու սկզբունքները, որոնք նման են սխեմայի։ Մենք կարող ենք կառուցել մեր կյանքը՝ համաձայն այն ամենի, ինչ ասում է Աստվածաշունչը։ Նրանք, ովքեր ընդունել են դա, հաղթահարել են ռասայական ու կրոնական նախապաշարումները և սովորել են համագործակցել խաղաղության ու միասնության մթնոլորտում։ Այդ մասին կանխագուշակելով՝ Աստված ասաց. «Ես ժողովուրդներին մաքուր լեզու կտամ, որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը և ուս ուսի ծառայեն նրան»։ Միասնությունը «մաքուր լեզվով» խոսելու՝ Աստծու սահմանած երկրպագության չափանիշի արդյունքն է (Սոփոնիա 3։9; Եսայիա 2։2–4

Եհովայի վկաները սրտանց հրավիրում են քեզ Թագավորության սրահ՝ անձամբ տեսնելու այն բացառիկ խաղաղությունն ու միասնությունը, որ տիրում է նրանց մեջ (Սաղմոս 133։1