Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Մտահոգություն

Մտահոգություն

Մտահոգության ազդեցությունը երկակի է։ Մի կողմից այն կարող է կաշկանդել մեզ, մյուս կողմից՝ խթանել։ Աստվածաշունչը օգնում է հասկանալ մտահոգվելու դրական և բացասական կողմերը։

Մտահոգվելը բնակա՞ն երևույթ է

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ։

Մտահոգությունը ներառում է անհանգստության, լարվածության և տագնապի զգացողություն։ Քանի որ ապրում ենք անորոշություններով լի աշխարհում, մեզնից ոչ ոք ապահովագրված չէ մտահոգություններից։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Դավիթ թագավորը գրեց. «Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը» (Սաղմոս 13։2, Արարատ թարգմանություն)։ Ի՞նչն օգնեց Դավթին։ Աղոթքով նա իր սիրտը բացեց Աստծու առաջ՝ լիովին ապավինելով նրա սիրառատ բարությանը (Սաղմոս 13։5; 62։8Աստված հորդորում է մեզ մեր հոգսը իրեն հանձնել։ 1 Պետրոս 5։7-ում կարդում ենք. «Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին»։

Սիրելի մարդկանց համար լավ բան անելը կարող է նվազեցնել նրանց մասին մտահոգությունը

Հաճախ մենք կարող ենք նվազեցնել մեր մտահոգությունները։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Պողոս առաքյալը, երբ մտահոգվում էր «բոլոր ժողովների հոգսի» պատճառով, ամեն բան անում էր, որ մխիթարի և քաջալերի նրանց, ում մասին անհանգստանում էր (2 Կորնթացիներ 11։28)։ Այս առումով առաքյալի մտահոգությունը խթան էր, քանի որ այն մղում էր նրան օգնելու ուրիշներին։ Նույնը կարող ենք մենք անել։ Սակայն հակառակ վերաբերմունքը՝ անտարբերությունը, սիրո և հոգատարության պակասի նշան է (Առակներ 17։17

«Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4)

Ինչպե՞ս հաղթահարել անտեղի մտահոգությունները

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ։

Մարդկանց մտահոգության պատճառ կարող են լինել անցյալի սխալները, ապագան կամ ֆինանսական խնդիրները։ *

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Մտահոգություն անցյալի սխալների պատճառով։ Առաջին դարում ոմանք նախքան քրիստոնյա դառնալը հարբեցողներ, շորթողներ, գողեր և անբարո մարդիկ էին եղել (1 Կորնթացիներ 6։9–11)։ Սակայն անցյալի համար մտատանջվելու փոխարեն՝ նրանք փոխեցին իրենց վարքը՝ վստահ լինելով, որ Աստված պատրաստ է անսահման ողորմածություն դրսևորել բոլոր զղջացողների հանդեպ։ Սաղմոս 130։4-ում ասվում է. «Դու [Աստված] իսկապես ներում ես մարդկանց, որպեսզի վախենան քեզանից»։

Մտահոգություն վաղվա օրվա մասին։ «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին,— ասաց Հիսուս Քրիստոսը,— որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները» (Մատթեոս 6։25, 34)։ Ի՞նչ էր նա ուզում ասել։ Ուշադրությունդ կենտրոնացրու տվյալ օրվա խնդիրների վրա։ Դրանց մի՛ ավելացրու հաջորդ օրվա հոգսերը, քանի որ դա կարող է մթագնել առողջ դատողությունդ և դրդել հապճեպ որոշումների։ Հիշիր նաև, որ հաճախ հետագայում պարզ է դառնում, որ շատ մտահոգություններ անտեղի էին։

Մտահոգություն փողի մասին։ Մի իմաստուն մարդ Աստծուն հետևյալ խնդրանքն ուղղեց. «Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն» (Առակներ 30։8)։ Նա ցանկանում էր գոհունակ լինել, քանի որ բավարարվածության զգացում ունեցող մարդը արժանանում է Եհովայի հավանությանը։ Եբրայեցիներ 13։5-ում կարդում ենք. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով, քանի որ [Աստված] ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»»։ Փողը կարող է հուսախաբ անել, բայց Աստված երբեք հուսախաբ չի անում նրանց, ովքեր վստահում են իրեն և պարզ կյանքով են ապրում։

«Դեռ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս» (Սաղմոս 37։25)

Մտահոգություններին երբևէ վերջ կլինի՞

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

«Մենք ոտք ենք դնում անհանգստությունների մի նոր դարաշրջան»,— ասում է լրագրող Հարիետ Գրինը 2008-ին «Գարդիան» թերթում լույս տեսած մի հոդվածում։ Իսկ 2014-ին «Ուոլ սթրիթ ջորնլում» Պատրիկ Օ’Քոնորը գրում է, որ «ամերիկացիների կյանքը երբեք այսքան շատ մտահոգություններով ծանրաբեռնված չի եղել»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակներ 12։25)։ «Բարի խոսք» մեզ հայտնում է «Թագավորության բարի լուրը» (Մատթեոս 24։14)։ Այդ Թագավորությունը, որը ղեկավարվում է Աստծու կողմից, շուտով կիրագործի այն, ինչն ինքներս երբեք չէինք կարողանա անել։ Այն վերջ կդնի բոլոր մտահոգություններին՝ վերացնելով դրանց պատճառները, այդ թվում հիվանդությունն ու մահը։ «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4

«Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռոմեացիներ 15։13)

^ պարբ. 10 Լավ կլինի, որ տագնապային խանգարումներ ունեցողները դիմեն բժշկական օգնության։ «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ կոնկրետ ձև չի առաջարկում։