Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես կառավարել անհանգստության զգացումը

Ինչպես կառավարել անհանգստության զգացումը

 Ծայրաստիճան մտահոգվելը կարող է վնասել թե՛ ֆիզիկական և թե՛ զգացական առումով։ Դա նույնիսկ քեզ մտահոգող խնդրից ավելի մեծ խնդիրների կարող է հանգեցնել։

Առաջարկներ, որոնք կօգնեն շատ չանհանգստանալ

  •  Քիչ լսիր բացասական լուրեր։ Պարտադիր չէ, որ տեղի ունեցած վատ դեպքի վերաբերյալ իմանաս ամեն մանրամասնություն։ Որքան շատ դիտես, լսես կամ կարդաս դրա մասին, այնքան ավելի շատ կհամակվես վախով և կհուսահատվես։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17։22

     Ջոն անունով մի տղամարդ ասում է. «Երբեմն անընդհատ ուզում ես ստուգել նորությունները և տեսնել, թե ինչ թարմ ու ցնցող դեպքեր են տեղի ունեցել։ Սակայն դա վատ սովորություն է։ Անհանգստությանս զգացումը զգալիորեն նվազում է, երբ սկսում եմ ավելի քիչ հետևել լրահոսին»։

     Մտածիր։ Ի՞նչ հաճախականությամբ է պետք հետևել լրահոսին։

  •  Կառչած մնա գրաֆիկիդ։ Փորձիր միշտ նույն ժամին արթնանալ, սնվել, անել առօրյա գործերդ և քնել։ Գրաֆիկն օգնում է, որ կյանքդ կանոնակարգված լինի, նաև նվազեցնում է անհանգստության զգացումը։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5

     «Երբ բռնկվեց COVID-19 համավարակը, գրաֆիկս խախտվեց, և ես սկսեցի չափից շատ ժամանակ տրամադրել զվարճություններին։ Սակայն ուզում էի ժամանակս ճիշտ օգտագործել, այդ իսկ պատճառով նոր գրաֆիկ կազմեցի, որ բոլոր գործերս հասցնեմ» (Ջոզեֆ)։

     Մտածիր։ Գրաֆիկդ օգնո՞ւմ է, որ օրվա վերջում բավարարվածության զգացում ունենաս։

  •  Կենտրոնացիր դրական բաների վրա։ Եթե կենտրոնանաս չարած բաների և ապագային վերաբերող մտացածին դժվարությունների վրա, կմեծացնես անհանգստության զգացումը։ Փոխարենը՝ լավ կլինի մտաբերես երկու կամ երեք բան, որոնց համար կարող ես շնորհակալ լինել։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3։15

     «Աստվածաշունչ կարդալը օգնում է, որ միտքս բացասական բաներով չլցնեմ ու կենտրոնանամ դրականի վրա։ Պարզ բան է թվում, բայց շատ է օգնում» (Լիսա)։

     Մտածիր։ Հակվա՞ծ ես կենտրոնանալ բացասականի վրա և մոռանալ կյանքումդ տեղի ունեցած դրական բաները։

  •  Մտածիր ուրիշների մասին։ Երբ մտահոգված ես լինում, ամենահեշտ տարբերակը գուցե մեկուսանալը թվա, սակայն դրա փոխարեն մտածիր, թե ինչպես կարող ես օգնել դժվարության մեջ եղողներին։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4

     «Ուրիշների համար որևէ բան անելը ինձ ուրախություն է պատճառում։ Նրանք իրենց լավ են զգում, ես էլ ավելի քիչ եմ անհանգստանում։ Այդպես անհանգստանալու ժամանակ էլ չի մնում» (Մարիա)։

     Մտածիր։ Քո ծանոթներից ո՞վ օգնության կարիք ունի, որին կարող ես ձեռք մեկնել։

  •  Հետևիր առողջությանդ։ Բավականաչափ մարզվիր և հանգստացիր։ Առողջ սննդակարգ ունեցիր։ Առողջությանդ մասին հոգ տանելը կօգնի, որ չկորցնես լավատեսությունդ և ավելի քիչ անհանգստանաս։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Մարմնին վարժութիւնը քիչ բանի օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։

     «Ճիշտ է, ես և որդիս չենք կարողանում հաճախ դուրս գալ, բայց տանը կանոնավորաբար վարժություններ ենք անում։ Դա օգնում է, որ լավ ինքնազգացողություն ունենանք, և նույնիսկ մեր փոխհարաբերությունների վրա է դրական ազդում» (Քեթրին)։

     Մտածիր։ Կարիք կա՞ բարելավել սննդակարգդ և ավելի շատ մարզվել։

 Վերոհիշյալ առաջարկները կիրառելուց բացի՝ շատերի համար օգտակար է եղել նաև ապագային վերաբերող աստվածաշնչյան խոստումներն իմանալը։ Դրանց ծանոթանալու համար տես «Ինչ է անելու Աստծու Թագավորությունը» հոդվածը։