Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը համավարակների մասին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը համավարակների մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ վերջին օրերում համաճարակներ (լայնորեն տարածված հիվանդություններ, համավարակներ) են լինելու (Ղուկաս 21։11)։ Նման համավարակները Աստծու պատիժը չեն։ Իրականում Աստված շուտով իր Թագավորության միջոցով վերջ է դնելու բոլոր հիվանդություններին, այդ թվում՝ համավարակներին։

 Աստվածաշնչում կանխագուշակվե՞լ է համավարակների մասին

 Աստվածաշնչում կանխագուշակված չեն կոնկրետ համավարակներ և հիվանդություններ, ինչպես, օրինակ, COVID-19, ՁԻԱՀ կամ իսպանկա: Սակայն այնտեղ ասվում է, որ լինելու են «համաճարակներ» և «մահացու հիվանդություններ» (Ղուկաս 21։11; Հայտնություն 6։8)։ Այս իրադարձությունները «վերջին օրերի», կամ՝ «այս աշխարհի վախճանի» նշանի մաս են կազմում (2 Տիմոթեոս 3։1; Մատթեոս 24։3

 Աստված երբևէ մարդկանց պատժե՞լ է հիվանդություններով

 Աստվածաշնչում գրված է մի քանի դեպքերի մասին, երբ Աստված մարդկանց պատժել է հիվանդություններով։ Օրինակ՝ նա որոշ մարդկանց բորոտությամբ է հարվածել (Թվեր 12։1–16; 2 Թագավորներ 5։20–27; 2 Տարեգրություն 26։16–21)։ Սակայն սրանք հատուկ դեպքեր էին, ոչ թե համաճարակներ, որոնցից անխտիր տուժում են նաև անմեղ մարդիկ։ Դրանց նպատակը Աստծու դեմ ակնհայտորեն ըմբոստացած անհատներին պատժելն էր։

 Այսօրվա համավարակները Աստծու պատի՞ժն են

 Ո՛չ։ Որոշ մարդիկ պնդում են, թե Աստված համավարակների և այլ հիվանդությունների միջոցով պատժում է մարդկանց։ Բայց Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այդ մտքին։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

 Նախևառաջ՝ Աստծու թե՛ վաղեմի, թե՛ ներկա ծառաներից ոմանք հիվանդություններ են ունեցել։ Օրինակ՝ հավատարիմ Տիմոթեոսը «հաճախակի հիվանդանում» էր (1 Տիմոթեոս 5։23)։ Աստվածաշնչում չի ասվում, որ դա Աստծու հավանությունը չունենալու նշան էր։ Նմանապես այսօր Աստծու հավատարիմ ծառաներից ոմանք հիվանդանում են կամ վարակիչ հիվանդություն ձեռք բերում։ Շատ դեպքերում կարելի է ասել, որ այդ մարդիկ սխալ պահի հայտնվել են սխալ տեղում (Ժողովող 9։11

 Բացի այդ՝ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծու դատաստանի ժամը դեռ չի եկել։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որն Աստվածաշունչը կոչում է «փրկության օր». Աստված սիրով հրավիրում է բոլոր մարդկանց մոտենալու իրեն և փրկվելու (2 Կորնթացիներ 6։2)։ Թագավորության «բարի լուրը» համաշխարհային մասշտաբով քարոզելու գործը այն կերպերից մեկն է, որով նա հրավիրում է մարդկանց (Մատթեոս 24։14

 Երբևէ վերջ կդրվի՞ համավարակներին

 Այո՛։ Աստվածաշունչը կանխագուշակում է, որ մոտ ապագայում ոչ ոք հիվանդ չի լինելու։ Աստված իր Թագավորության իշխանության ներքո վերջ կդնի բոլոր առողջական խնդիրներին (Եսայիա 33:24; 35:5, 6)։ Նա կվերացնի տառապանքը, ցավն ու մահը (Հայտնություն 21։4)։ Աստված նաև հարություն կտա բոլոր նրանց, ովքեր մահացել են։ Այդ մարդիկ առողջ կլինեն ու կյանքը կվայելեն կատարյալ պայմաններում (Սաղմոս 37։29; Գործեր 24։15

 Աստվածաշնչյան համարներ հիվանդությունների մասին

 Մատթեոս 4։23. «[Հիսուսը] շրջում էր ողջ Գալիլեայով մեկ՝ սովորեցնելով նրանց ժողովարաններում, քարոզելով թագավորության բարի լուրը և բուժելով ամեն տեսակ տկարություն ու հիվանդություն, որ մարդիկ ունեին»:

 Նշանակությունը։ Հիսուսի՝ փոքր մասշտաբով արած հրաշքները ցույց էին տալիս, թե ապագայում Աստծու Թագավորությունը ինչ է անելու ողջ մարդկության համար։

 Ղուկաս 21:11. «Կլինեն.... համաճարակներ»։

 Նշանակությունը: Լայնորեն տարածված հիվանդությունները վերջին օրերի նշանի մաս են կազմում։

 Հայտնություն 6:8. «Տեսա մի դժգույն ձի, ու նրա վրա նստողի անունը Մահ էր։ Գերեզմանը գնում էր նրա հետևից։ Նրանց իշխանություն տրվեց.... որպեսզի սպանեն.... մահացու հիվանդություններով»։

 Նշանակությունը: «Հայտնության» չորս ձիավորների մասին մարգարեությունը մատնանշում է, որ համավարակները լինելու են մեր օրերում։