Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչ ենք սովորում Մարիամից

Ինչ ենք սովորում Մարիամից

Ինչ ենք սովորում Մարիամից

Երբ լուրջ պատասխանատվություն ես ստացել, մտահոգվե՞լ ես կամ երբ անսպասելի դժվարության ես հանդիպել, վհատվե՞լ ես։ Հոգնե՞լ ես ծայրը ծայրին հասցնելով ապրելուց։ Թերևս միլիոնավոր մարդկանց նման՝ դու էլ շփոթված ու վախեցած ես, որովհետև ստիպված ես եղել թողնել քո բնակավայրը և դառնալ փախստական։ Կամ էլ մեծ վշտի մեջ ես, քանի որ հարազատդ այլևս կողքիդ չէ։

ԳՈՒՑԵ զարմանաս՝ իմանալով, որ Մարիամը՝ Հիսուսի մայրը, նմանատիպ խնդիրներ է ունեցել։ Սակայն նա կարողացել է հաղթահարել դրանք։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանից։

Ինչ խոսք, Մարիամը առանձնահատուկ դեր ունի Աստծու նպատակների մեջ։ Հետաքրքիր է, որ միլիոնավոր մարդիկ պաշտում են նրան։ Իսկ կաթոլիկ եկեղեցին Մարիամին համարում է սիրված Մայր, որը դրսևորել է ամուր հավատ, եղել է կարեկից և ունեցել է մեծ հույս։ Շատերին էլ սովորեցրել են, թե Մարիամը օգնում է մարդկանց մոտենալու Աստծուն։

Իսկ դու ի՞նչ կարծիք ունես։ Եվ որ ամենակարևորն է, Աստված ի՞նչ կարծիք ունի նրա մասին։

Առանձնահատուկ հանձնարարություն

Մարիամը Իսրայելի Հուդայի ցեղից էր՝ Հեղիի դուստրը։ Աստվածաշնչում Մարիամի մասին խոսվում է այն ժամանակ, երբ նրա կյանքում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Հրեշտակը այցելեց նրան ու ասաց. «Ողջո՛ւյն, ո՛վ շնորհընկալ, Եհովան քեզ հետ է»։ Սկզբում Մարիամն անհանգստանում է ու «սկսում է խորհել, թե ինչ է նշանակում այդ ողջույնը»։ Հրեշտակը ասում է, որ նա մեծ առանձնաշնորհման է արժանացել՝ պետք է ծնի ու մեծացնի Աստծու Որդուն (Ղուկաս 1։26–33

Ի՜նչ մեծ պատասխանատվություն էր դրված այս երիտասարդ աղջկա ուսերին։ Իսկ ինչպե՞ս նա արձագանքեց։ Մարիամը գուցե անհանգստանար՝ մտածելով, թե ով կհավատա իրեն, հնարավոր է կորցներ իր նշանածին կամ հանրության առաջ խայտառակ լիներ (Բ Օրինաց 22։20–24)։ Սակայն առանց երկմտելու՝ Մարիամը հանձն առավ այս լուրջ պատասխանատվությունը։

Ամուր հավատի շնորհիվ Մարիամը հնազանդվեց Եհովային։ Նա համոզված էր, որ Աստված կհոգա իր մասին։ Ուստի բացականչեց. «Ահա՛ Եհովայի աղախինը։ Թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Մարիամը պատրաստ էր դժվարություններ դիմագրավելու, քանի որ հասկանում էր՝ շնորհիվ այս առանձնաշնորհման կարող էր փառք բերել Աստծուն (Ղուկաս 1։38

Երբ Մարիամը ասաց Հովսեփին, որ հղի է, վերջինս որոշեց բաժանվել նրանից։ Հավանաբար երկուսն էլ մեծ ցավ ապրեցին։ Աստվածաշնչում չի նշվում, թե որքան ժամանակ անցավ, մինչև Եհովայի հրեշտակը երևաց Հովսեփին։ Ի՜նչ մեծ թեթևացում զգացին երկուսն էլ։ Հրեշտակը բացատրեց Հովսեփին, որ Մարիամը սուրբ ոգուց է հղիացել ու պատվիրեց նրան կնության առնել (Մատթեոս 1։19–24

Դժվարին ժամանակներ

Այսօր շատ կանայք, որոնք մայրանալու են, ամիսներով պատրաստվում են իրենց երեխային լույս աշխարհ բերելուն։ Մարիամը նույնպես պատրաստվում էր իր առաջնեկի ծնվելուն։ Սակայն որոշ անսպասելի իրադարձություններ տեղի ունեցան։ Օգոստոս կայսրը հրամանագիր արձակեց, որ մարդահամար անցկացվի, և բոլորը պետք է գնային իրենց ծննդավայրերը՝ գրանցվելու։ Ուստի հղիության իններորդ ամսում Մարիամը ստիպված էր ավանակի վրա նստած Հովսեփի հետ 150 կիլոմետր ճանապարհորդել դեպի Բեթլեհեմ։ Քանի որ այդ օրերին Բեթլեհեմը մարդաշատ էր, Հովսեփը չկարողացավ իր կնոջ համար առանձին տեղ գտնել։ Այդ պատճառով երեխան ծնվեց ախոռում։ Այդտեղ ծննդաբերելը պետք է որ շատ դժվար լիներ Մարիամի համար։ Անկասկած, կյանքի այս դժվարին պահերին Մարիամը իր սիրտը բացել է Եհովայի առաջ՝ վստահ լինելով, որ նա հոգ կտանի իրեն և իր փոքրիկին։

Հիսուսի ծնվելուց կարճ ժամանակ անց հովիվները գալիս են փոքրիկին տեսնելու։ Նրանք պատմում են, որ հրեշտակներ են երևացել իրենց ու տեղեկացրել, որ «Փրկիչ» է ծնվել՝ Հիսուս Քրիստոսը։ Ավետարաններից մեկում կարդում ենք. «Մարիամը այս խոսքերը պահում էր՝ իր սրտում եզրակացություններ անելով»։ Այո՛, նա խորհրդածում էր այդ խոսքերի շուրջ և զորանում դրանցով (Ղուկաս 2։11, 16–19

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ «ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին» (Ժողովող 9։11)։ Իսկ մենք ինչպե՞ս ենք վարվում, երբ դժվարությունների ենք բախվում։ Այդ ժամանակ դառնանո՞ւմ ենք ու Աստծո՞ւն ենք մեղադրում։ Լավ կլինի, որ ընդօրինակենք Մարիամին, Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով ավելի մտերմանանք Եհովա Աստծու հետ, խորհրդածենք մեր սովորածի շուրջ, որպեսզի կարողանանք տոկալ փորձությունների ժամանակ։

Աղքատ և փախստական

Մարիամը ուրիշ դժվարություններ էլ տարավ. նա ապրուստի սահմանափակ միջոցներ ուներ, ինչպես նաև ստիպված էր հեռանալ իր բնակավայրից։ Ունե՞ս նման խնդիրներ։ Մի տեղեկության համաձայն՝ «աշխարհի բնակչության կեսը՝ գրեթե երեք միլիարդ մարդ, ստիպված է ապրել օրական երկու դոլարից էլ քիչ աշխատավարձով», իսկ միլիոնավոր մարդիկ բավականաչափ դրամ չունեն, որ կարողանան իրենց կարիքները հոգալ, չնայած որ ապրում են, այսպես կոչված, հարուստ երկրներում։ Արդյո՞ք ընտանիքդ սննդով, հագուստով և կացարանով ապահովելը քեզ համար նույնպես ամենօրյա խնդիր է։

Աստվածաշնչից իմանում ենք, որ Հովսեփն ու Մարիամը աղքատ էին։ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարաններում որոշ տեղեկություններ կան արձանագրված այս զույգի մասին։ Օրինակ՝ Հիսուսի ծնունդից 40 օր անց Հովսեփն ու Մարիամը գնացին տաճար՝ զոհ մատուցելու՝ «մի զույգ տատրակ կամ երկու աղավնու ձագ» * (Ղուկաս 2։22–24)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ միայն աղքատներն էին այսպիսի զոհ մատուցում, քանի որ նրանց միջոցները թույլ չէին տալիս գառ զոհաբերել։ Փաստորեն, Հովսեփի ու Մարիամի համար դժվար էր հոգալ իրենց ամենօրյա կարիքները։ Այդուհանդերձ, նրանք հաղթահարում էին խնդիրները ու պահպանում էին խաղաղ մթնոլորտ իրենց ընտանիքում։ Հստակ է, որ հոգևոր բաները նրանց կյանքում առաջին տեղում էին (Բ Օրինաց 6։6, 7

Հիսուսի ծնվելուց շատ չանցած՝ հանգամանքները նորից կտրուկ փոխվեցին։ Հրեշտակը Հովսեփին պատվիրեց ընտանիքով փախչել Եգիպտոս (Մատթեոս 2։13–15)։ Մարիամը արդեն երկրորդ անգամ էր թողնելու իր տունը, բայց այս անգամ օտար երկիր էր գնալու։ Եգիպտոսում հրեաների մեծ համայնք կար, ուստի Հովսեփն ու Մարիամը կարող էին ապրել իրենց հայրենակիցների միջավայրում։ Այդուհանդերձ, օտար երկրում ապրելն իր դժվարություններն ունի։ Դու և ընտանիքդ նույնպե՞ս ապրում եք օտարության մեջ։ Եթե այո, ապա լավ կպատկերացնեք, թե ինչ դժվարություններ Մարիամը կարող էր ունենալ Եգիպտոսում։

Նվիրված կին ու մայր

Հետաքրքիր է, որ Մարիամի մասին շատ մանրամասներ արձանագրված չեն Ավետարաններում։ Բայցևայնպես, իմանում ենք, որ հետագայում Հովսեփն ու Մարիամը վեց երեխա ունեցան։ Տեսնենք, թե ինչ են Ավետարանները հայտնում մեզ այս մասին։

Ինչ խոսք, Հովսեփը բարձր էր գնահատում այն, որ Մարիամը պատիվ ունի ծնելու Աստծու Որդուն։ Հետևաբար նա հղիության ընթացքում սեռական հարաբերություն չունեցավ Մարիամի հետ։ Մատթեոս 1։25–ում գրված է, որ Հովսեփը «հարաբերություն չունեցավ նրա հետ, մինչև որ նա որդի ծնեց»։ Այս համարում օգտագործված «մինչև» բառը ցույց է տալիս, որ Հիսուսի ծնվելուց հետո Հովսեփն ու Մարիամը ապրել են նորմալ ամուսնական կյանքով և տղաներ ու աղջիկներ են ունեցել։ Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան Հիսուսի եղբայրներն էին։ Մարիամը ունեցել է նաև առնվազն երկու աղջիկ * (Մատթեոս 13։55, 56

Մարիամը հոգևոր անձնավորություն էր։ Թեև Մովսիսական օրենքը չէր պահանջում, որ կանայք ներկա գտնվեն Պասեքի տոնակատարությանը, սակայն ամեն տարի նա իր ամուսնու և երեխաների հետ մոտ 300 կիլոմետր էր անցնում Երուսաղեմ գնալու համար (Ղուկաս 2։41)։ Այս ճանապարհորդությունը ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելու լավ առիթ էր։

Այսօր շատ կանայք ընդօրինակում են Մարիամին։ Նրանք նույնպես անձնվիրաբար կատարում են իրենց պարտականությունները։ Այս նվիրված կանայք դրսևորում են համբերություն, տոկունություն և խոնարհություն։ Հետևելով Մարիամի օրինակին՝ նրանք հոգևոր բաները հարմարավետ ու հաճելի կյանքով ապրելուց բարձր են դասում։ Նրանք գիտեն, որ Աստծուն միասնաբար երկրպագելը ամրացնում և միավորում է ընտանիքը։

Մի անգամ, երբ Հովսեփն ու Մարիամը իրենց երեխաների հետ միասին Երուսաղեմից վերադառնում էին տուն, տեսան, որ 12–ամյա Հիսուսը իրենց հետ չէ։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպես էր Մարիամը՝ անհանգստացած ու նյարդայնացած, երեք օր փնտրում Հիսուսին։ Երբ վերջապես գտնում են նրան տաճարում, Հիսուսն ասում է. «Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ»։ Իսկ Մարիամը «այս բոլոր խոսքերը պահում էր իր սրտում»։ Նա խորհրդածում էր Հիսուսի հետ կապված ամեն բանի շուրջ։ Տարիներ անց Մարիամը այս և այլ դեպքերի մասին հավանաբար պատմել է ավետարանագիրներին (Ղուկաս 2։41–52

Տառապանք և կորուստ

Պատանի Հիսուսի հետ տեղի ունեցած այս դեպքից հետո Հովսեփի մասին այլևս չի հիշատակվում Ավետարաններում։ Ի՞նչ պատահեց նրան։ Ոմանք մտածում են, որ այն ժամանակ, երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը, Հովսեփն արդեն մահացել էր *։ Ինչևէ, փաստն այն է, որ Հիսուսի ծառայության վերջում Մարիամը այրի էր։ Այդ պատճառով էլ մահից առաջ Հիսուսը Հովհաննես առաքյալին պատվիրեց հոգ տանել իր մորը (Հովհաննես 19։26, 27)։ Նա այդպես չէր վարվի, եթե Հովսեփը կենդանի լիներ։

Հովսեփի ու Մարիամի կյանքը արտասովոր անցավ։ Նրանց այցելեցին հրեշտակները, ստիպված եղան փախչել բռնակալից, մի քանի անգամ տեղափոխվեցին ուրիշ բնակավայրեր և, ի վերջո, միասին հոգ տարան բազմանդամ ընտանիքին։ Որքա՜ն շատ երեկոներ են նրանք խոսել Հիսուսի մասին, մտածել, թե ինչ է նրան սպասում ապագայում, մտահոգվել, թե արդյոք ճիշտ ձևով են դաստիարակում ու կրթում նրան։ Ու հիմա Մարիամը մենակ է։

Դո՞ւ էլ ես վշտի մեջ կողակիցդ կորցնելու պատճառով։ Գուցե տարիներ են անցել, սակայն դեռ ցավ ու դատարկություն ես զգում։ Անկասկած, հարության մասին գիտելիքները մխիթարեցին Մարիամին * (Հովհաննես 5։28, 29)։ Այնուհանդերձ, Մարիամը պետք է հոգ տաներ իր երեխաներին՝ առանց ամուսնու աջակցության։

Ինչ խոսք, երբ Հովսեփը մահացավ, Հիսուսն էր հոգում ընտանիքի կարիքները։ Ժամանակի ընթացքում նրա եղբայրները նույնպես որոշ պարտականություններ հանձն առան։ Սակայն երբ Հիսուսը «մոտ երեսուն տարեկան» դարձավ, նա հեռացավ տնից ու սկսեց իր ծառայությունը (Ղուկաս 3։23)։ Շատ ծնողներ թեև հպարտանում են իրենց երեխաներով, բայց տխրում են, երբ չափահաս դարձած իրենց աղջիկը կամ տղան հեռանում է տնից։ Նրանք այնքան ժամանակ, ջանքեր և ուժ են ներդրել իրենց երեխաներին մեծացնելու համար, որ երբ նրանք որոշում են առանձին ապրել, վերջիններս խոր դատարկության զգացում են ունենում։ Եթե քո երեխաներն էլ են որոշել առանձին ապրել, ուրեմն կարող ես հասկանալ, թե ինչ է զգացել Մարիամը, երբ Հիսուսը հեռացել է տնից։

Անսպասելի փորձություններ

Մարիամը մեկ ուրիշ դժվարության էլ բախվեց։ Շատերն էին դառնում Հիսուսի հետևորդը, իսկ նրա հարազատ եղբայրները չէին հետևում նրան։ Աստվածաշնչում կարդում ենք. «Իրականում, նրա եղբայրները հավատ չէին ընծայում նրան» (Հովհաննես 7։5)։ Մարիամն, անկասկած, պատմել էր իր երեխաներին, որ հրեշտակը հայտնել է իրեն, որ Հիսուսը «Աստծու Որդին» է (Ղուկաս 1։35)։ Մինչդեռ Հակոբոսի, Հովսեփի, Սիմոնի և Հուդայի համար Հիսուսը պարզապես ավագ եղբայր էր։ Իրոք, դժվար էր Մարիամի համար. նրա ընտանիքի անդամները կրոնական տարբեր հայացքներ ունեին։

Արդյոք Մարիամը վհատվեց ու հանձնվե՞ց։ Ո՛չ։ Մի անգամ Հիսուսը Գալիլեայում քարոզելիս մի տուն մտավ ճաշելու, ու նորից մարդկանց բազմությունը հավաքվեց նրան լսելու։ Այդ ժամանակ Մարիամը և Հիսուսի եղբայրները իրեն էին փնտրում։ Փաստորեն, Մարիամը եկել էր Հիսուսին լսելու և, ակներևաբար, երեխաներին նույնպես բերել էր իր հետ՝ հույս ունենալով, որ նրանք կփոխեն իրենց տեսակետը (Մատթեոս 12։46, 47

Գուցե քեզ համար էլ է դժվար հետևել Հիսուսին։ Մի՛ վհատվիր։ Շատերը տարիներ շարունակ համբերատարությամբ քաջալերում են իրենց ընտանիքի անդամներին գալ դեպի ճշմարտությունը։ Աստված թանկ է գնահատում նրանց դրսևորած տոկունությունը՝ անկախ նրանից՝ մարդիկ արձագանքում են, թե ոչ (1 Պետրոս 3։1, 2

Ամենածանր փորձությունը

Սակայն ամենածանր փորձությունը, որ ունեցավ Մարիամը, իր որդու մահն էր։ Նա տառապում էր՝ տեսնելով, թե ինչպես է իր սիրելի որդին տանջամահ լինում ցցի վրա։ Սովորաբար երեխայի մահը համարվում է «ամենածանր կորուստը», «ամենաանտանելի ցավը»։ Դեռևս տասնամյակներ առաջ նախագուշակվել էր, թե ինչ է զգալու Մարիամը այդ օրը. ասես նրա հոգու միջով երկար սուր էր անցնելու (Ղուկաս 2։34, 35

Սակայն Մարիամը թույլ չտվեց, որ այդ փորձությունը թուլացնի իր հավատը Եհովայի հանդեպ։ Աստվածաշնչում նշվում է, որ այդ դեպքից հետո նա Հիսուսի աշակերտների հետ «հարատևում էր աղոթքում»։ Նա մենակ չէր։ Մարիամի տղաները, որոնք արդեն դարձել էին Հիսուսի հետևորդ, իր կողքին էին։ Որքա՜ն էին հավանաբար նրանք մխիթարում իրենց մորը * (Գործեր 1։14

Իսկապես, Մարիամը հավատարիմ անձնավորություն էր։ Նա ապրեց գոհացուցիչ կյանքով, չնայած բազում դժվարությունների ու փորձությունների միջով անցավ։ Երբ մենք անսպասելի փորձություն ենք ունենում կամ երբ մտահոգված ենք մեր ընտանիքի խնդիրներով, կարող ենք Մարիամի նման շարունակել հավատարմորեն ծառայել Աստծուն և տոկալ դժվարությունների ժամանակ (Եբրայեցիներ 10։36

Իսկ պե՞տք է արդյոք երկրպագել Մարիամին։ Ի՞նչ է հայտնում այդ մասին Աստվածաշունչը։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 17 Թռչուններից մեկը զոհաբերվում էր որպես մեղքի ընծա (Ղեւտացոց 12։6, 8)։ Տատրակ կամ աղավնու ձագ զոհաբերելով՝ Մարիամը գիտակցում էր, որ ինքը, ինչպես բոլոր անկատար մարդիկ Ադամից՝ առաջին մարդուց, մեղք է ժառանգել (Հռոմեացիներ 5։12

^ պարբ. 26 Կարելի է ենթադրել, որ Հովսեփը մահացել էր, քանի որ Հիսուսի ընտանիքի մյուս անդամները՝ մայրը, եղբայրները և քույրերը, հիշատակվում են Ավետարաններում։ Օրինակ՝ Կանայում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ Մարիամը ակտիվորեն մասնակցում էր խնջույքի կազմակերպչական հարցերին, բայց Հովսեփի մասին ոչինչ չի նշվում (Հովհաննես 2։1–11)։ Մեկ ուրիշ դեպքում տեսնում ենք, որ մարդիկ Քրիստոսի մասին խոսելիս ասում էին ոչ թե Հովսեփի որդին, այլ «Մարիամի որդին» (Մարկոս 6։3

^ պարբ. 28 Հարության մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ/​նկար 6–րդ էջի վրա]

 Հիսուսը եղբայրներ և քույրեր ունեցե՞լ է

Այո՛, ունեցել է։ Որոշ աստվածաբաններ փորձել են կասկածի ենթարկել այս ճշմարտությունը, մինչդեռ Ավետարաններում մի քանի անգամ հստակ նշվում է, որ Հիսուսը ունեցել է եղբայրներ և քույրեր (Մատթեոս 12։46, 47; 13։54–56; Մարկոս 6։3)։ Սակայն աստվածաշնչագետները երկու բան են նշում այն մասին, թե ինչու են աստվածաբանները նման եզրահանգման եկել։ Նրանք ասում են, որ առաջին պատճառը, որը մղել է աստվածաբաններին այդպես մտածելու, եկեղեցու այն ուսմունքն է, ըստ որի՝ Մարիամը իր ողջ կյանքի ընթացքում կույս է մնացել։ Հետևաբար նրանք իրենց այդ պնդմամբ փորձում են թիկունք կանգնել եկեղեցու ուսմունքին։ Բացի այդ, նրանք համոզիչ հիմքեր չեն բերում իրենց ենթադրություններն ապացուցելու համար։

Օրինակ՝ նրանք ասում են, թե Հիսուսի «եղբայրները» Հովսեփի առաջին ամուսնությունից են։ Իրականում այս վարկածը հակասում է այն փաստին, որ Հիսուսը՝ որպես առաջնեկ, պետք է ժառանգեր Դավթի թագավորությունը (Բ Թագաւորաց 7։12, 13

Մեկ ուրիշ վարկածի համաձայն՝ այդ «եղբայրները» Հիսուսի զարմիկներն են եղել։ Մինչդեռ Հունարեն Գրություններում «եղբայր», «զարմիկ» և «բարեկամ» բառերի համար տարբեր բառեր են օգտագործվում։ Աստվածաշնչագետ Ֆրանկ Գաբելեյնը վերոհիշյալ ենթադրությունները անվավեր է համարում։ Նա եկել է հետևյալ եզրահանգման. «Եղբայրներ» բառը ճիշտ հասկանալ նշանակում է ընդունել, որ այն վերաբերում է Հովսեփի և Մարիամի տղաներին, ուստիև Հիսուսի եղբայրներին»։

[շրջանակ 7–րդ էջի վրա]

 Նա քաջություն դրսևորեց ու փոխեց իր կրոնը

Մարիամը ծնվել էր հրեական ընտանիքում և հրեաների կրոնն էր դավանում։ Նա հաճախում էր ժողովարան (այսպես է կոչվում հրեաների երկրպագության վայրը) և գնում էր Երուսաղեմի տաճար։ Սակայն ժամանակի ընթացքում Մարիամը ավելի շատ բան իմացավ Աստծու նպատակների մասին ու հասկացավ, որ իր հայրերի ավանդությունները այլևս չունեն Աստծու հավանությունը։ Հրեա կրոնական առաջնորդները նրա Որդուն՝ Մեսիային, մահապատժի ենթարկեցին։ Հիսուսն ասել էր կրոնական առաջնորդներին. «Ահա ձեր տունը լքված է թողնվում ձեզ» (Մատթեոս 23։38)։ Աստված մերժեց նրանց կրոնը (Գաղատացիներ 2։15, 16

Երբ ձևավորվեց քրիստոնեական ժողովը, Մարիամը հավանաբար արդեն 50 տարեկան էր։ Սակայն ինչպե՞ս վարվեց նա։ Արդյոք մտածե՞ց, որ ինքը դաստիարակվել է հրեական կրոնով և ուզում է հավատարիմ մնալ իր նախահայրերի սովորույթներին, թե՞ մտածում էր, որ չափազանց ուշ է կրոնը փոխելու համար։ Իհարկե ոչ։ Մարիամը հասկացավ, որ Աստված հավանություն է տալիս քրիստոնեական ժողովին, ուստի քաջություն դրսևորեց ու փոխեց իր կրոնը։

[նկար 5–րդ էջի վրա]

Փախչում են Եգիպտոս

[նկար 8–րդ էջի վրա]

Մոր համար որդու կորուստը ամենածանր վիշտն է