Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ԳԻՅԵՐՄՈ ՊԵՐԵՍ

Վիրաբույժ-խորհրդատուն պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Վիրաբույժ-խորհրդատուն պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Գիյերմո Պերեսը, որը վերջերս է թոշակի անցել, եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության 700-մահճակալանոց մի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչը։ Տարիներ շարունակ նա հավատացել է էվոլյուցիային։ Բայց հետագայում համոզվել է, որ Աստված է ստեղծել մարդուն։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Կպատմե՞ք, թե ինչու էիք մի ժամանակ հավատում էվոլյուցիային։

— Թեև մեծացել եմ կաթոլիկ ընտանիքում, սակայն կասկածներ եմ ունեցել Աստծու վերաբերյալ։ Օրինակ՝ չէի կարողանում հավատալ մի Աստծու, որը մարդկանց այրում է դժոխքում։ Եվ երբ համալսարանում դասախոսները մեզ սովորեցրին, որ կենդանի օրգանիզմները ոչ թե ստեղծվել են Աստծու կողմից, այլ առաջացել են էվոլյուցիայի արդյունքում, ես ընդունեցի այդ տեսակետը՝ մտածելով, թե այն հիմնված է փաստերի վրա։ Ի դեպ, իմ եկեղեցին չէր մերժում էվոլյուցիան, պարզապես ասում էր, որ այդ պրոցեսն ընթացել է Աստծու վերահսկողությամբ։

— Ինչո՞ւ ձեզ հետաքրքրեց Աստվածաշունչը։

— Կինս՝ Սուսանան, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Նրանք կնոջս ցույց տվեցին, որ Աստված մարդկանց չի տանջում կրակե դժոխքում *։ Նաև ցույց տվեցին, որ Աստված խոստանում է մեր մոլորակը դարձնել դրախտային վայր *։ Վերջապես գտանք ուսմունքներ, որոնցում տրամաբանություն կար։ 1989-ին Նիկ անունով մի Վկա սկսեց այցելել ինձ։ Մի անգամ զրուցում էինք մարդու օրգանիզմի և նրա ծագման մասին, և ինձ անչափ տպավորեց Եբրայեցիներ 3։4-ում գրված խոսքերի պարզ տրամաբանությունը. «Ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է»։

— Մարդու օրգանիզմի ուսումնասիրությունն օգնե՞ց ձեզ հավատալու արարչագործությանը։

— Այո՛, օգնեց։ Օրինակ՝ մեր օրգանիզմի ինքնավերականգնման ունակությունը փաստում է, որ այդ պրոցեսը նախագծված է։ Ես ուսումնասիրեցի վերքերի լավացման ընթացքը, որը բաղկացած է չորս փուլից, և հասկացա, որ որպես վիրաբույժ՝ պարզապես գործակցում էի օրգանիզմի բնական վերականգնողական համակարգի հետ։

— Կբացատրե՞ք՝ ինչ է տեղի ունենում, երբ վնասվածք ենք ստանում։

— Վայրկյանների ընթացքում սկսում է վերքի լավացման առաջին փուլը, որի ժամանակ դադարում է  արյունահոսությունը։ Այս փուլն ընդգրկում է մի շարք պրոցեսներ, որոնք շատ բարդ են ու արդյունավետ։ Մեր արյունատար համակարգը, որի մեջ մտնող անոթների ընդհանուր երկարությունը մոտ 100000 կիլոմետր է, ունի «ծորացող» հատվածները փակելու և ինքն իրեն նորոգելու կարողություն։ Այս ամենը անշուշտ կհիացնի ինժեներ-սանտեխնիկներին։

— Իսկ ի՞նչ է տեղի ունենում երկրորդ փուլի ժամանակ։

— Մի քանի ժամից արյունահոսությունը դադարում է, և սկսվում է երկրորդ՝ բորբոքման փուլը, որն ընդգրկում է միմյանց հաջորդող ապշեցուցիչ պրոցեսներ։ Նախ արյունատար անոթները, որոնք մինչ այդ սեղմվել էին արյան կորուստը նվազեցնելու համար, այժմ լայնանում են, որպեսզի ավելի շատ արյուն հոսի դեպի վերքի շրջան։ Այնուհետև վերքի շրջանում հավաքվում է սպիտակուցներով հարուստ հեղուկ, որի պատճառով վնասված հատվածն այտուցվում է։ Այդ հեղուկը կարևոր դեր է կատարում վարակի դեմ պայքարելու, թունավոր նյութերը նոսրացնելու և մահացած հյուսվածքները հեռացնելու համար։ Յուրաքանչյուր փուլում արտադրվում են միլիոնավոր մասնագիտացված մոլեկուլներ և բջիջներ, որոնք մասնակցում են ֆիզիոլոգիական պրոցեսների մի շղթայի։ Ընդ որում, այդ պրոցեսներից մի քանիսը խթանում են յուրաքանչյուր հաջորդ փուլը և հետո ավարտվում են։

— Ինչպե՞ս է շարունակվում ապաքինման պրոցեսը։

— Մի քանի օրվա ընթացքում մեր օրգանիզմը սկսում է արտադրել վերականգնման համար անհրաժեշտ նյութեր։ Այդ պրոցեսով սկիզբ է դրվում երրորդ փուլին, որն իր գագաթնակետին է հասնում մոտ երկու շաբաթից։ Հյուսվածքի թելեր ձևավորող բջիջները հասնում են վնասված հատված և բազմանում են։ Նաև վերքի եզրերից սկսում են մազանոթներ աճել դեպի կենտրոնական հատված։ Այդտեղ քայքայման և վերականգնման պրոցեսների ընթացքում մազանոթների միջոցով հեռացվում են մահացած բջիջները, և հավելյալ սննդանյութեր են մատակարարվում հյուսվածքներին։ Ապա սկսվում է պրոցեսների մեկ այլ բարդ շղթա, և այդ ընթացքում արտադրվում են հատուկ բջիջներ, որոնք իրար են միացնում վերքի եզրերը։

— Ի՜նչ հսկայական գործընթաց։ Իսկ ե՞րբ է վերքն ամբողջությամբ ապաքինվում։

— Վերջին փուլը վերանորոգման փուլն է, որը կարող է տևել ամիսներ։ Այդ ընթացքում վերականգնվում է կոտրված ոսկորների ամրությունը, իսկ այն հյուսվածքաթելերը, որոնք սկզբում աճել էին փափուկ հյուսվածքի վնասված հատվածում, փոխարինվում են ավելի ամուր նյութերով։ Ինչպես տեսնում ենք, վերքի լավացման ողջ պրոցեսը բարձրակարգ ձևով ծրագրված համակարգի հրաշալի օրինակ է։

— Կարո՞ղ եք պատմել մի դեպք, որը շատ է տպավորել ձեզ։

Երբ տեսնում եմ, թե ինչպես է մարդու օրգանիզմը վերականգնվում, պարզապես ապշում եմ

— Այո՛, հիշում եմ՝ մի անգամ բուժում էի լուրջ ավտովթարի ենթարկված 16-ամյա մի աղջկա, որը շատ ծանր վիճակում էր։ Նրա փայծաղը պատռվել էր, և նա ներքին արյունահոսություն ուներ։ Տարիներ առաջ մենք կվիրահատեինք ու կհեռացնեինք փայծաղը կամ կկարեինք պատռվածքը։ Սակայն այսօր բժիշկները ավելի շատ թողնում են, որ օրգանիզմն ինքնիրեն վերականգնվի։ Ես պարզապես բուժում նշանակեցի վարակի, հեղուկի կորստի, սակավարյունության և ցավի դեմ։ Մի քանի շաբաթ անց ճառագայթային հետազոտումը ցույց տվեց, որ նրա փայծաղը վերականգնվել է։ Երբ տեսնում եմ, թե ինչպես է մարդու օրգանիզմը վերականգնվում, պարզապես ապշում եմ և ավելի շատ եմ համոզվում, որ մենք ստեղծված ենք Աստծու կողմից։

— Իսկ ի՞նչը ձեզ դուր եկավ Եհովայի վկաների մեջ։

— Այն, որ նրանք շատ բարեհամբույր էին և միշտ Աստվածաշնչի օգնությամբ պատասխանում էին իմ հարցերին։ Նաև հիանում էի՝ տեսնելով, թե ինչ քաջությամբ են նրանք պատմում իրենց հավատալիքների մասին և օգնում ուրիշներին ճանաչելու Աստծուն։

— Եհովայի վկա դառնալը օգնե՞ց ձեզ աշխատանքի ընթացքում։

— Այո՛։ Դա օգնեց ինձ պայքարելու, օրինակ, հուզական այրման համախտանիշի դեմ, որը էմոցիոնալ հյուծվածության մի ձև է։ Դրանով հաճախ տառապում են բժիշկներն ու բուժքույրերը, որոնք շարունակ առնչվում են տարբեր հիվանդություններ ու վնասվածքներ ունեցող մարդկանց հետ։ Բացի այդ, ես օգնում էի այն հիվանդներին, որոնք ցանկանում էին զրուցել, և նրանց պատմում էի Արարչի այն խոստման մասին, որ շուտով նա վերացնելու է հիվանդություններն ու տառապանքը * և հաստատելու է մի նոր աշխարհ, որտեղ ոչ ոք չի ասի՝ «ես հիվանդ եմ» *։