Անցնել բովանդակությանը

Կույս Մարիամ. ի՞նչ է Աստվածաշունչը ասում նրա մասին

Կույս Մարիամ. ի՞նչ է Աստվածաշունչը ասում նրա մասին

 Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշունչն ասում է, որ Մարիամը, երբ դեռ կույս էր, առանձնահատուկ պատվի արժանացավ՝ լույս աշխարհ բերելով Հիսուսին։ Այս հրաշքը կանխագուշակվել էր Աստվածաշնչի «Եսայիա» գրքում, իսկ դրա կատարման մասին գրվել Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում։

 Մեսիայի հայտնվելու մասին մարգարեության մեջ Եսայիան կանխագուշակել էր. «Ահա օրիորդը կհղիանա և մի որդի կծնի» (Եսայիա 7։14)։ Աստծու սուրբ ոգուց ներշնչված՝ Մատթեոս ավետարանագիրը ցույց տվեց, որ Եսայիայի մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ Մարիամը հղիացավ Հիսուսով։ Մարիամի՝ հրաշքով հղիանալու մասին տեղեկությունը հայտնելուց հետո Մատթեոսը ավելացրեց. «Այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով Եհովայի ասած խոսքը՝ «ահա կույսը a կհղիանա և մի որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կդնեն», որը թարգմանվում է «Աստված մեզ հետ է»» (Մատթեոս 1։22, 23

 Ավետարանագիր Ղուկասը նույնպես հայտնել է Մարիամի՝ հրաշքով հղիանալու մասին։ Նա գրել է, որ Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկեց «մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Այդ կույսի անունը Մարիամ էր» (Ղուկաս 1:26, 27)։ Մարիամի խոսքերը հաստատեցին, որ նա կույս էր։ Լսելով, որ դառնալու է Հիսուսի՝ Մեսիայի մայրը՝ նա հարցրեց. «Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե ես երբեք հարաբերություն չեմ ունեցել տղամարդու հետ» (Ղուկաս 1:34

 Կույսը ինչպե՞ս կարող էր երեխա ունենալ

 Մարիամը հղիացավ սուրբ ոգու միջոցով, որը Աստծու գործուն ուժն է (Մատթեոս 1:18)։ Նրան ասվեց. «Սուրբ ոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ այն երեխան, որ պիտի ծնվի, կկոչվի սուրբ, Աստծու Որդի b» (Ղուկաս 1։35)։ Աստված հրաշքով իր Որդու կյանքը տեղափոխեց Մարիամի արգանդ՝ այնպես անելով, որ նա հղիանա։

 Ինչո՞ւ Հիսուսը ծնվեց կույսից

 Աստված այնպես արեց, որ Հիսուսը, ով ծնվեց կույսից, կատարյալ մարմին ունենա, որպեսզի կարողանա մարդկությանը փրկել մեղքից ու մահից (Հովհաննես 3։16; Եբրայեցիներ 10։5)։ Աստված Հիսուսի կյանքը տեղափոխեց Մարիամի արգանդ։ Դրանից հետո Աստծու սուրբ ոգին ակներևաբար պաշտպանում էր զարգացող սաղմը, որպեսզի անկատարություն չփոխանցվի դրան (Ղուկաս 1:35

 Հետևաբար Հիսուսը ծնվեց որպես կատարյալ մարդ, որը հավասար էր Ադամին նախքան վերջինիս մեղք գործելը։ Աստվածաշունչը Հիսուսի մասին ասում է. «Նա ոչ մի մեղք չգործեց» (1 Պետրոս 2։22)։ Լինելով կատարյալ՝ Հիսուսը կարող էր վճարել փրկանքը, որպեսզի ազատեր մարդկանց մեղքից ու մահից (1 Կորնթացիներ 15։21, 22; 1 Տիմոթեոս 2։5, 6

 Արդյոք Մարիամը կո՞ւյս մնաց

 Աստվածաշունչը չի սովորեցնում, որ Մարիամը իր ողջ կյանքում կույս է մնացել։ Ընդհակառակը՝ այն հայտնում է, որ Մարիամը ուրիշ երեխաներ էլ է ունեցել (Մատթեոս 12։46; Մարկոս 6։3; Ղուկաս 2։7; Հովհաննես 7։5

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հիսուսը մի քանի եղբայրներ և քույրեր է ունեցել

 Մարիամի «անարատ հղիության» մասին ուսմունքը ներդաշնա՞կ է Աստվածաշնչի սովորեցրածին

 Ո՛չ։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» նշվում է, որ համաձայն «անարատ հղիության» մասին ուսմունքի՝ «Կույս Մարիամը իր կյանքի հենց սկզբից, այսինքն՝ իր բեղմնավորումից ի վեր զերծ էր ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՄԵՂՔԻՑ։ Մյուս մարդիկ ժառանգել են մեղքով արատավորված էություն.... Սակայն Մարիամը իրեն տրված առանձնահատուկ ՇՆՈՐՀՈՎ պաշտպանված էր ժառանգաբար փոխանցվող մեղքի հետ երբևէ առնչվելուց»։ c

 Աստվածաշունչը չի սովորեցնում, որ Մարիամը զերծ էր ժառանգաբար փոխանցվող մեղքից (Սաղմոս 51:5; Հռոմեացիներ 5:12)։ Փաստն այն է, որ նա ընդունում էր իր մեղավոր լինելը, քանի որ մեղքը քավելու համար զոհ մատուցեց, ինչը, ըստ Մովսիսական օրենքի, պահանջ էր մայրերի համար (Ղևտական 12:2–8; Ղուկաս 2:21–24)։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է. «Աստվածաշնչում «անարատ հղիության» մասին հստակ գրված ուսմունք չկա.... [Դա] Եկեղեցու արած դատողությունն է» (New Catholic Encyclopedia)։

 Մարիամի մասին ո՞ր տեսակետն է ճիշտ

 Մարիամը հավատի, հնազանդության, խոնարհության և հոգևոր մարդու հրաշալի օրինակ է։ Նա այն հավատարիմ անհատներից է, ում լավ կլինի, որ ընդօրինակենք (Եբրայեցիներ 6:12

 Չնայած որ Մարիամը Հիսուսի մայրը լինելու առանձնահատուկ դերն ուներ, Աստվածաշունչը չի սովորեցնում, որ մենք պետք է պաշտենք կամ աղոթենք նրան։ Հիսուսն իր մորը չէր առանձնացնում նրան հատուկ պատվի արժանացնելու համար և ոչ էլ իր հետևորդներին էր ասում, որ այդպես վարվեն։ Փաստն այն է, որ Մարիամի մասին հիշատակվում է միայն Ավետարաններում և մեկ անգամ՝ «Գործեր» գրքում, իսկ Նոր Կտակարանի մնացած 22 գրքերում նրա մասին ոչինչ չի խոսվում (Գործեր 1:14

 Աստվածաշնչում ոչ մի ապացույց չկա, որ առաջին դարի քրիստոնյաները Մարիամին հատուկ ուշադրության են արժանացրել, էլ չենք խոսում այն մասին, որ ակնածել են նրանից։ Փոխարենը՝ Աստվածաշունչը սովորեցնում է, որ քրիստոնյաները միայն Աստծուն պետք է երկրպագեն (Մատթեոս 4:10

a Եսայիայի մարգարեության մեջ «օրիորդ» թարգմանված եբրայերեն բառը ալմա բառն է, որը կարող է վերաբերել և՛ կույսին, և՛ ոչ կույս կնոջը։ Սակայն Մատթեոսը, սուրբ ոգուց ներշնչված, օգտագործեց հունարեն ավելի կոնկրետ բառ՝ պարթենոս, որը նշանակում է «կույս»։

b Ոմանք դեմ են «Աստծու Որդի» արտահայտության գործածմանը՝ կարծելով, որ դա փոխանցում է այն միտքը, թե Աստված սեռական հարաբերություն է ունեցել կնոջ հետ։ Սակայն Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։ Սուրբ Գիրքը Հիսուսին կոչում է «Աստծու Որդի» և «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը», քանի որ նա առաջինն է և միակը, ով ստեղծվել է անմիջականորեն Աստծու կողմից (Կողոսացիներ 1։13–15)։ Աստվածաշունչը առաջին մարդ Ադամին նույնպես կոչում է Աստծու որդի (Ղուկաս 3:23, 38)։ Պատճառն այն է, որ Աստված էր ստեղծել Ադամին։

c «New Catholic Encyclopedia», երկրորդ հրատարակություն, հատոր 7, էջ 331։