Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպե՞ս երեխային պաշտպանել անհանգստացնող նորություններից

Ինչպե՞ս երեխային պաշտպանել անհանգստացնող նորություններից

 Շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ հեռուստացույցով, հեռախոսով, պլանշետով կամ համակարգչով հասանելի են նորություններ, որոնք հաճախ ուղեկցվում են պատահարների վայրերից սարսափելի տեսանյութերով։

 Երեխաները նույնպես դիտում են դրանք։

 Ինչպե՞ս կարող ես պաշտպանել երեխաներիդ անհանգստացնող նորությունների վատ ազդեցությունից։

 Ի՞նչ ազդեցություն են թողնում լուրերը երեխաների վրա

  •   Անհանգստացնող նորությունները շատ երեխաների հոգեվիճակի վրա վատ են անդրադառնում։ Որոշ երեխաներ գուցե ազատորեն չարտահայտեն իրենց զգացումները, սակայն ողբերգական լուրերը կարող են խոր ազդեցություն թողնել երեխայի հուզական աշխարհի վրա։ a Եթե երեխաները տեսնեն, որ իրենց ծնողները չափից շատ են անհանգստանում, ապա նրանց անհանգստությունը կարող է ավելի սրվել։

  •   Երեխաները նորությունները դիտելուց հետո հնարավոր է՝ սխալ եզրակացություններ անեն։ Օրինակ՝ որոշ երեխաներ մտածում են, թե այն, ինչ տեսել են լուրերով, կարող է պատահել իրենց ընտանիքին։ Իսկ որոշ երեխաներ էլ նույն պատահարի վերաբերյալ տարբեր տեսանյութեր դիտելիս գուցե մտածեն, թե նույն դեպքը նորից է տեղի ունենում։

  •   Երեխաները հնարավոր է՝ դժվարանան տեսնել իրական պատկերը։ Նրանք թերևս չհասկանան, որ լրատվամիջոցների շահույթը կախված է լսարանի մեծությունից։ Այդ իսկ պատճառով տեղեկությունները կարող են ուռճացվել, որպեսզի վախեցած դիտողները շարունակեն դեպքին վերաբերող այլ ռեպորտաժներ դիտել։

 Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ հաղթահարել լուրերի պատճառով առաջացած անհանգստությունը

  •   Թույլ մի՛ տուր, որ երեխաներդ հաճախ դիտեն ողբերգական դեպքերի վերաբերյալ լուրեր։ Դա չի նշանակում, որ երեխաներդ պետք է անտեղյակ լինեն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Սակայն լավ չէ, երբ երեխաները հաճախակի են լսում նույն դեպքի մասին կամ դրա վերաբերյալ տեսանյութեր դիտում հեռուստատեսությամբ։

     «Երբեմն ես ու ամուսինս երեխաների ներկայությամբ մանրամասն քննարկում ենք նորությունները՝ առանց գիտակցելու, թե դա որքան ծանր կարող է լինել նրանց համար» (Մարիա)։

     Աստվածաշնչյան սկզբունք: «Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը» (Առակներ 12:25

  •   Համբերությամբ լսիր և կարեկցանք դրսևորիր։ Եթե երեխայիդ համար դժվար է խոսել դեպքի մասին, առաջարկիր, որ նկարելով արտահայտվի։ Երեխայիդ հետ իր մտահոգությունների մասին խոսելիս նրան հասկանալի բառեր օգտագործիր և խուսափիր անհարկի մանրամասներ նշելուց։

     «Մեր աղջկա վիճակը թեթևացավ, երբ նստեցինք ու լսեցինք նրան։ Նրան չէինք օգնի, եթե ասեինք՝ «Աշխարհն այսպիսին է, պիտի հարմարվենք» (Սառա)։

     Աստվածաշնչյան սկզբունք: «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19

  •   Օգնիր երեխայիդ տեսնել իրական պատկերը։ Օրինակ՝ առևանգման մասին ռեպորտաժներ դիտելիս գուցե տպավորություն ստեղծվի, թե այդպիսի հանցագործություններ հաճախ են տեղի ունենում։ Բացատրիր երեխայիդ, թե ինչ քայլեր ես ձեռնարկել նրա անվտանգությունն ապահովելու համար։ Բացի այդ՝ հիշեցրու, որ լուրերով հաղորդում են ողբերգության մասին, քանի որ այն ոչ թե հաճախակի, այլ հազվադեպ է տեղի ունենում։

     «Օգնիր երեխաներիդ հաղթահարել բացասական զգացումները։ Սովորաբար զգացումները առաջանում են մտքերից, ուստի եթե օգնես երեխաներիդ կենտրոնանալ դրական բաների վրա, նրանք կկարողանան ուրախ ու անհոգ լինել» (Լուրդես)։

     Աստվածաշնչյան սկզբունք։ «Իմաստունի սիրտը նրա բերանին հասկացողություն է տալիս և նրա շուրթերին համոզելու կարողություն է ավելացնում» (Առակներ 16։23

a Մանկահասակ երեխաների մոտ անհանգստությունը երբեմն արտահայտվում է գիշերամիզությամբ։ Ինչպես նաև հնարավոր է՝ նրանք վախենան դպրոց գնալ, որ հեռու չլինեն իրենց ծնողներից։