Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Դմիտրի Մալևանի, Օլգա Ապալևա, Օլգա Պանյուտա և Ալեքսեյ Տրոֆիմով

ՀՈՒՆԻՍԻ 29, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Ոչինչ չի կոտրում Վկաների վճռականությունը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Ոչինչ չի կոտրում Վկաների վճռականությունը

2023 թ. փետրվարի 10-ին Պրիմորիեի երկրամասի Սպասկի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Դմիտրի Մալևանիին, քույրեր Օլգա Ապալևային ու Օլգա Պանյուտային և եղբայր Ալեքսեյ Տրոֆիմովին։ Եղբայր Մալևանին դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման։ Եղբայր Տրոֆիմովը դատապարտվեց վեց տարի ու վեց ամսվա ազատազրկման։ Քույր Պանյուտան դատապարտվեց չորս տարվա ազատազրկման։ Երեքին էլ դատական նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։ Քույր Ապալևան դատապարտվեց չորս տարի և վեց ամսվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։

Տվյալներ

Դմիտրի Մալևանի

  • Ծնվել է 1990 թ. (Սպասկ-Դալնի)

  • Կենսագրություն: Դասավանդում է համակարգչային ծրագրավորում։ Նրա կինը՝ Ուլիանան, նկարչուհի է։ Պատանեկան տարիքում Դմիտրին սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների հետ։ Նա համոզվեց, որ Աստվածաշունչը արժանահավատ է, և դրա սկզբունքներով ապրելը կյանքը իմաստով է լցնում։ Մկրտվել է 2004 թ.-ին։

Օլգա Ապալևա

  • Ծնվել է 1952 թ. (Սպասկ-Դալնի)

  • Կենսագրություն: Երիտասարդ տարիքից հավատացել է Աստծու գոյությանը, սակայն Աստվածաշնչով չի հետաքրքրվել։ Եհովայի վկաներին հանդիպել է իր 22-ամյա դստեր մահից կարճ ժամանակ անց։ Հարության հույսի մասին իմանալը նրան շատ ուրախացրեց։ Ժամանակի ընթացքում երբ Օլգայի հավատը աճեց, նա սկսեց իր հույսի մասին պատմել ուրիշներին։ Մկրտվել է 1995 թ.-ին։ Մանկուց սիրում է երաժշտություն լսել և երգել։ Այժմ հաճույքով երգում է Թագավորության երգերը։

Օլգա Պանյուտա

  • Ծնվել է 1959 թ. (Նիժնի Նովգորոդ)

  • Կենսագրություն: Նախքան թոշակի անցնելը աշխատել է որպես մանկապարտեզի դաստիարակ և սոցիալական աշխատող։ 1982 թ.-ին ամուսնացել է Վլադիմիրի հետ։ Ունեն երեք չափահաս երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Եհովայի վկաների հետ սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը, և նրան շատ է դուր եկել, որ աստվածաշնչյան ուսմունքները պարզ են և հասկանալի։ Մկրտվել է 1996 թ.-ին։

Ալեքսեյ Տրոֆիմով

  • Ծնվել է 1959 թ. (Մամական, Իրկուտսկի մարզ)

  • Կենսագրություն: Վլադիվոստոկում՝ քոլեջում սովորելիս հանդիպել է ապագա կնոջը՝ Թամարային։ Ունեն չորս երեխա և թոռնիկներ։ Աշխատել է որպես փականագործ և կաթսայատան վերահսկիչ։ 1990-ականների սկզբին սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և սովորեց, որ այն կարող է օգնել ավելի իմաստալից կյանք ունենալ։ Այնուհետև որոշեց ծառայել Եհովային և 1996 թ.-ին մկրտվեց։

Դատական գործի պատմություն

2018 թ. նոյեմբերի 25-ին ոստիկանները Սպասկ-Դալնիում խուզարկեցին չորս Եհովայի վկաների տներ։ Նրանք էլեկտրական սղոց օգտագործեցին Օլգա Ապալևայի տան դուռը բացելու համար։ Ներս մտնելուց հետո ոստիկանները հարցրին, թե նա ինչու չէր բացում դուռը։ Օլգան դժվարանում էր խոսել։ Ոստիկանները շտապօգնություն կանչեցին, և պարզվեց, որ նա ինֆարկտ է ունեցել։ Նույն օրը՝ ավելի ուշ, ոստիկանները նրան հիվանդանոցից տարան հարցաքննության։ Կաթվածի պատճառով Օլգան դժվարանում էր շարժել իր ձախ ձեռքն ու ոտքը։ Օլգայի որդու՝ եղբայր Վիտալի Իլինիխի դեմ, որը հոգ է տանում նրա մասին, մեկ այլ քրեական գործ է հարուցվել։

Բոլոր չորս հավատակիցները երկու օրով նախնական կալանքի էին վերցվել։ Սակայն 2018 թ. նոյեմբերի 27-ին նրանց նկատմամբ տնային կալանք նշանակվեց։ Մոտ մեկ տարի անց սահմանափակումները նվազեցին։

Այս մարդկանց մեղադրում են «ծայրահեղական» գործունեություն կազմակերպելու և այդ գործունեությանը մասնակցելու մեջ։

Նրանց ընտանիքի անդամները և ընկերները, որոնց մեջ կան նաև ոչ Վկաներ, զարմանում են, թե ինչու են նման օրինապահ քաղաքացիները պատժվում իրենց հավատի համար։ Անգամ Դմիտրիի աշխատակիցները, ովքեր այլ կրոնական համոզմունքներ ունեն, աջակցում են նրան և հորդորում են չհանձնվել։

Դմիտրին գիտակցում է, որ այս հալածանքների պայմաններում ուրախությունը չկորցնելը Եհովայի աջակցության նշանն է։ Նա ասում է. «Ճիշտ ինչպես Մովսեսի գավազանն էր Եհովայի աջակցության նշանը, այնպես էլ իմ ուրախությունն է ցույց տալիս, որ Եհովան ինձ հետ է»։ Նա ասում է, որ իր ուրախությունը «լավ վկայություն կլինի դատարանում և քննչական բաժնում աշխատողների համար»։

Օլգա Ապալևան էլ ասում է. «Տեսնելով, թե ինչպես եմ հաղթահարում այս փորձությունը՝ հասկանում եմ, որ Եհովան միշտ իմ կողքին է։ Սկսել եմ ամեն ինչում՝ անգամ ամենափոքր հարցերում, ապավինել Եհովային և փորձում եմ միշտ բեռս նրա ուսերին դնել»։

Ալեքսեյը պատմում է, թե ինչը օգնեց իրեն նախնական և տնային կալանքի ընթացքում. «[Եհովան] ինձ ամրացրեց։ Ես այդ ամրությունը սկսեցի զգալ քրեակատարողական հիմնարկում։ Եհովայից քաջություն խնդրեցի և միանգամից զգացի, որ ձեռքերս և ոտքերս էլ չեն դողում, իսկ ձայնս ավելի հաստատուն դարձավ։ Մտովի տրամադրվեցի, որ այսուհետ նոր պայմաններում եմ ապրելու»։

Օլգա Պանյուտան ասում է. «Սա Եհովայի համբավի հարցն է.... Այդ իսկ պատճառով պետք է վստահենք նրան, ամբողջ հոգով ծառայենք, կատարենք Աստծու կամքը և ամրացնենք իր հետ ունեցած մեր մտերմությունը»։

Մինչ մեր սիրելի հավատակիցները սպասում են իրենց դատավճռին, մենք աղոթում ենք, որ նրանք շարունակեն զորության համար ապավինել Եհովային և նրան դարձնեն իրենց «Վեմը» (2 Օրենք 32։4