Անցնել բովանդակությանը

Ինչպե՞ս են անցկացվում Եհովայի վկաների հարսանեկան արարողությունները

Ինչպե՞ս են անցկացվում Եհովայի վկաների հարսանեկան արարողությունները

 Եհովայի վկաների հարսանեկան արարողությունները պարզ և արժանավայել կերպով են անցկացվում։ Դրանց ժամանակ ներկայացվում է Աստվածաշնչի վրա հիմնված կարճ ելույթ, որից հետո գուցե հավաքույթ կազմակերպվի, օրինակ, ճաշկերույթ կամ հարսանեկան խնջույք։ a Հիսուսն իր ծառայության սկզբում այդպիսի մի ճաշկերույթի մասնակցեց Կանա քաղաքում (Հովհաննես 2։1–11

 Ի՞նչ է տեղի ունենում հարսանեկան արարողության ժամանակ

 Արարողության ամենակարևոր մասը հարսանեկան ելույթն է, որը մոտ 30 րոպե է տևում, և ներկայացվում է Եհովայի վկաների կրոնական ծառայողներից մեկի կողմից։ Այդ ջերմ և կերտիչ ելույթն ընդգծում է, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել զույգին ունենալ հարատև և երջանիկ ընտանիք (Եփեսացիներ 5։33

 Շատ երկրներում կառավարությունը լիազորություն է տալիս Եհովայի վկա կրոնական ծառայողներին օրինականորեն անցկացնել արարողությունը և գրանցել ամուսնությունը։ Հարսանեկան ելույթի վերջում զույգերը երդում են տալիս և թերևս ցանկանան փոխանակվել մատանիներով, ինչից հետո Վկա ծառայողը նրանց հայտարարում է ամուսին և կին։

 Երկրներ էլ կան, որտեղ օրենքը պահանջում է, որ զույգն ամուսնանա պետական հաստատությունում։ Այս իրավական քայլը նրանք անում են հարսանեկան ելույթից կարճ ժամանակ առաջ։ Եթե քաղաքացիական արարողության ժամանակ նրանք իրար ամուսնական երդում չեն տվել, ապա գուցե ցանկանան դա անել ելույթի ժամանակ։ Եթե քաղաքացիական արարողությամբ նախատեսված է երդում տալ, բայց նորապսակները ցանկանում են նաև Եհովայի և ժողովի առաջ դա անել, ապա նրանք երդումը կասեն անցյալ ժամանակով։ Ելույթի վերջում ներկայացվում է եզրափակիչ աղոթք, որի ընթացքում եղբայրը խնդրում է Եհովային օրհնել նորապսակներին։

 Որտե՞ղ են անցկացվում Եհովայի վկաների հարսանիքները

 Եհովայի վկա շատ զույգեր նախընտրում են իրենց հարսանեկան արարողությունը անցկացնել Թագավորության սրահում, իսկ հարսանեկան խնջույքը նրանք անում են մեկ այլ վայրում։ b

 Ովքե՞ր կարող են մասնակցել

 Եթե հարսանեկան արարողությունը տեղի է ունենում Թագավորության սրահում, այն սովորաբար բաց է լինում բոլորի համար՝ թե՛ Վկաների և թե՛ ոչ Վկաների։ Եթե զույգը որոշում է խնջույք կազմակերպել, ապա նրանք են որոշում, թե ում հրավիրեն։

 Կա՞ ընդունված դրես-կոդ

 Թեև Թագավորության սրահում տեղի ունեցող հարսանեկան արարողության համար պահանջվող դրես-կոդ չկա, սակայն Եհովայի վկաները ձգտում են հետևել աստվածաշնչյան սկզբունքներին և կրել համեստ ու պարկեշտ հագուստ։ Նրանց համար հաճելի է նաև, երբ ուրիշներն էլ են այդպես վարվում (1 Տիմոթեոս 2։9)։ Իհարկե, նույն սկզբունքները կիրառելի են նաև խնջույքի դեպքում։

 Հյուրերը նվերներ տալի՞ս են

 Աստվածաշունչը խրախուսում է առատաձեռն լինել (Սաղմոս 37։21)։ Եհովայի վկաները սիրով տալիս և ընդունում են հարսանեկան նվերներ (Ղուկաս 6։38)։ Սակայն նրանք նվերներ չեն խնդրում, ստանալուց հետո էլ հանրորեն չեն հայտարարում նվերներ տվողների անունները (Մատթեոս 6։3, 4; 2 Կորնթացիներ 9։7; 1 Պետրոս 3։8)։ Բացի այն, որ այդ սովորույթները աստվածաշնչյան հիմք չունեն, դրանք նաև կարող են անհարմար դրության մեջ գցել ներկաներին։

 Կենացներ լինո՞ւմ են

 Ո՛չ։ Եհովայի վկաները կենացներ չեն ասում, քանի որ այդ սովորությունը կեղծ կրոնական արմատներ ունի։ c Վկաները նորապսակներին ուղղված իրենց բարեմաղթանքները այլ կերպերով են արտահայտում։

 Բրինձ կամ կոնֆետներ շաղ տալի՞ս են նորապսակների գլխին

 Ո՛չ։ Որոշ երկրներում մարդիկ բրինձ, քաղցրավենիք կամ այլ բաներ են շաղ տալիս նորապսակների գլխին, քանի որ կարծում են, որ դա հաջողություն, երջանկություն և երկար կյանք կպարգևի նրանց։ Սակայն Եհովայի վկաները հեռու են մնում սնահավատության հետ կապված այդպիսի սովորույթներից։ Վկաները «բարի բախտ» չեն ցանկանում նորապսակներին, քանի որ դա հակասում է աստվածաշնչյան սկզբունքներին (Եսայիա 65։11

 Ուտելիք և խմիչք մատուցվո՞ւմ է

 Թագավորության սրահում անցկացվող արարողության ժամանակ ուտելիք և խմիչք չի մատուցվում։ Սովորաբար այն մատուցվում է հարսանեկան խնջույքի ժամանակ, որը կազմակերպվում է դրանից հետո (Ժողովող 9։7)։ Եթե զույգը որոշում է ոգելից խմիչք հյուրասիրել, ապա հոգ է տանում, որ այն չափավոր քանակությամբ լինի և միայն նրանց համար, ում օրենքով թույլատրվում է ալկոհոլային խմիչք օգտագործել (Ղուկաս 21։34; Հռոմեացիներ 13։1, 13

 Երաժշտություն կամ պարեր լինո՞ւմ են

 Եթե զույգը որոշում է խնջույք կազմակերպել, ապա թերևս այն ուղեկցվի երաժշտությամբ և պարերով (Ժողովող 3։4)։ Երաժշտության ընտրությունը կարող է պայմանավորված լինել անձնական նախընտրությամբ և մշակութային առանձնահատկություններով։ Զույգը նաև հոգ է տանում, որ երաժշտությունը ճաշակով լինի։ Հարսանեկան արարողության ժամանակ Թագավորության սրահում սովորաբար հնչում է հոգևոր երաժշտություն։

 Եհովայի վկաները նշո՞ւմ են ամուսնության տարեդարձը

 Աստվածաշունչը ո՛չ խրախուսում, ո՛չ էլ դատապարտում է ամուսնության տարեդարձ նշելը, ուստի Եհովայի վկա զույգն ինքն է որոշում նշել այն, թե ոչ։ Եվ եթե ամուսինները որոշում են նշել իրենց ամուսնության տարեդարձը, ապա դա անում են երկուսով, ընկերների կամ ընտանիքի անդամների հետ։

a Տեղանքից կախված՝ ավանդույթներն ու օրենքները կարող են տարբեր լինել։

b Կրոնական ծառայողը հարսանեկան ելույթ ներկայացնելու համար գումար չի ստանում։ Գումար չի վճարվում նաև Թագավորության սրահի օգտագործման համար։

c Կենացների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար տես «Ընթերցողների հարցերը» հոդվածը «Դիտարանի» 2007 թվականի փետրվարի 15-ի համարում։