Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները փոխե՞լ են Աստվածաշունչը

Եհովայի վկաները փոխե՞լ են Աստվածաշունչը

 Ո՛չ, մենք Աստվածաշունչը չենք փոխել։ Ընդհակառակը՝ մենք մեր համոզմունքներն ենք փոխել, երբ տեսել ենք, որ դրանք լիովին չեն համապատասխանում Աստվածաշնչին։

 Նախքան 1950թ.-ին Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը հրատարակելը մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Սուրբ Գիրքը՝ օգտվելով Աստվածաշնչի առկա բոլոր թարգմանություններից։ Այդպես ձևավորվել են մեր հավատալիքները։ Նկատի առեք այն համոզմունքներից մի քանիսը, որ արդեն երկար ժամանակ է՝ դավանում են Եհովայի վկաները, և ինքներդ որոշեք՝ արդյոք դրանք համապատասխանում են Աստվածաշնչին, թե ոչ։

  1.   Մենք չենք հավատում, որ Աստված Երրորդություն է։ Դեռևս 1882թ. հուլիսի «Սիոնի Դիտարանում» գրվել է. «Մեր ընթերցողները գիտեն, որ թեև մենք հավատում ենք Եհովային, Հիսուսին և սուրբ ոգուն, սակայն բացարձակապես ոչ սուրբգրային ենք համարում այն ուսմունքը, թե կա երեք Աստված մեկ անձի մեջ, կամ մեկ Աստծու մեջ կա երեք անձ»։

      Ինչ է Աստվածաշունչն ասում։ «Մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է» (2 Օրենք 6:4, «Արարատ» թարգմանություն)։ «Միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով» (1 Կորնթացիներ 8:6, «Էջմիածին» թարգմանություն)։ Հիսուսն ինքը ասաց. «Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14:28, «Արարատ» թարգմանություն)։

  2.   Մենք չենք հավատում, որ կա կրակներով լի դժոխք, որտեղ մարդիկ հավիտյան տանջվում են։ «Սիոնի Դիտարանի» 1882թ. հունիսի թողարկման վերնագիրը վերցված էր Հռոմեացիներ 6:23 համարից, որտեղ ասվում է. «Մեղքի վարձը մահն է»։ Ամսագրում գրվել է. «Որքան պարզ ու հստակ են այս խոսքերը։ Տարօրինակ է, որ շատ-շատերը, թեև Աստվածաշունչը համարում են Աստծու Խոսք, սակայն չեն ընդունում այս միտքը և շարունակում են հավատալ, որ Աստվածաշունչը սովորեցնում է, թե մեղքի վարձը հավիտենական տանջանքն է դժոխքում»։

      Ինչ է Աստվածաշունչն ասում։ «Այն անձը որ մեղանչում է, նա պիտի մեռնէ» (Եզեկիել 18:4, 20, «Արարատ» թարգմանություն)։ Աստծու հակառակորդների վերջնական պատիժը ոչ թե հավիտենական տանջանքն է, այլ «յաւիտենական կործանումը» (2 Թեսաղոնիկեցիներ 1:9, «Էջմիածին» թարգմանություն)։

  3.   Մենք հավատում ենք, որ Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, ոչ թե սրտի վիճակ։ Աստծու Թագավորության վերաբերյալ 1881թ. դեկտեմբերի «Սիոնի Դիտարանում» գրվել է. «Երբ հաստատվի այս թագավորությունը, անշուշտ դա պատճառ կլինի, որ երկրի բոլոր թագավորությունները տապալվեն»։

      Ինչ է Աստվածաշունչն ասում։ «Այդ թագաւորների ժամանակ երկնքի Աստուածը պիտի բարձրացնի մի թագաւորութիւն, որ յաւիտեանս չի կործանուելու, եւ այդ թագաւորութիւնը ուրիշ ազգի չի մնալու։ Այն պիտի փոշիացնի ու վերացնի բոլոր թագաւորութիւնները եւ ինքը պիտի մնայ յաւիտեան» (Դանիել 2:44, «Էջմիածին» թարգմանություն)։

Արդյոք միայն «Նոր աշխարհ» թարգմանությո՞ւնն է թիկունք կանգնում Եհովայի վկաների հավատալիքներին

 Ոչ, քանի որ մենք շարունակում ենք Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ օգտագործել քարոզելիս։ Թեև մենք Աստվածաշունչ ուսումնասիրելու համար մարդկանց անվճար տրամադրում ենք «Նոր աշխարհ» թարգմանությունը, սակայն եթե նրանք ուզում են Աստվածաշնչի իրենց թարգմանության օգնությամբ ուսումնասիրել, մենք սիրով օգնում ենք նրանց։