Անցնել բովանդակությանը

Բարի լուր ծովագնացների համար

Բարի լուր ծովագնացների համար

Ըստ որոշ հաշվարկների՝ ողջ աշխարհում կա մեկուկես միլիոն ծովագնաց։ Եհովայի վկաները ինչպե՞ս կարող են հնարավորինս շատ ծովագնացների քարոզել աստվածաշնչյան լուրը, եթե նրանք միշտ գնում են մի նավահանգստից մյուսը։ Երբ նավը մտնում է նավահանգիստ, հատուկ մարզում ստացած Վկաները թույլտվություն են խնդրում նավ բարձրանալ և Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն և գրականություն առաջարկել նավապետին ու անձնակազմի մյուս անդամներին իրենց նախընտրած լեզվով։

Ինչպե՞ս են նավաստիները արձագանքում այս նախաձեռնությանը։ Ստեֆանոն, որը Վկա է և կամավոր քարոզում է Վանկուվերի (Կանադա) նավահանգստում, ասում է. «Այն կարծրատիպը կա, թե բոլոր նավաստիները բիրտ ու կոպիտ են։ Գուցե նրանցից ոմանք այդպիսին են, սակայն շատերը, որոնց հանդիպում ենք, խոնարհ ու սովորելու պատրաստ մարդիկ են»։ Ստեֆանոն ավելացնում է. «Շատերը հավատում են Աստծուն և ուզում են ունենալ նրա օրհնությունը։ Այդ պատճառով մենք հաճախ ջերմ ընդունելության ենք արժանանում»։ 2015թ. սեպտեմբերի և 2016թ. օգոստոսի միջև ընկած ժամանակահատվածում միայն Վանկուվերում Եհովայի վկաներին ավելի քան 1600 անգամ հրավիրել են նավ բարձրանալ։ Ծովագնացները հազարավոր գրականություն են վերցրել բազմաթիվ լեզուներով, և նրանցից ավելի քան 1100-ը սկսել են ուսումնասիրել Աստվածաշունչը։

Ինչպե՞ս են Վկաները շարունակում աստվածաշնչյան քննարկումները ծովագնացների հետ

Ողջ աշխարհի նավահանգիստներում կարելի է հանդիպել Վկաների, այդ պատճառով այն նավաստիները, ովքեր ցանկանում են շարունակել աստվածաշնչյան քննարկումները, կարող են խնդրել, որ հաջորդ նավահանգստում նրանք այցելեն իրենց։ Օրինակ՝ 2016թ. մայիսին Վանկուվերում Եհովայի վկաները ծանոթացան Վարլիտո անունով մի մարդու հետ, որը մի բեռնատար նավի գլխավոր խոհարարն էր։ Նրանք այդ անհատին ցույց տվեցին «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը և «Բարի լուր Աստծուց» գրքույկի օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։ Վարլիտոյին շատ էին դուր գալիս նրանց այցելությունները, և նա ցանկացավ շարունակել իր ուսումնասիրությունը։ Սակայն նրա նավը ուղևորվելու էր Բրազիլիայի Պարանագուա հեռավոր նավահանգիստ։

Երբ ավելի քան մեկ ամիս անց Վարլիտոյի նավը վերջիվերջո կայանեց Պարանագուայում, նրան հայտնեցին, որ բրազիլացի երկու Վկա նավ են բարձրացել և նրան են հարցնում։ Վարլիտոն չէր հավատում իր աչքերին։ Այդ Վկաները Վարլիտոյին ասացին, որ Վանկուվերի հավատակիցներից իմացել են, որ նա ուզում է՝ իրեն այցելեն։ Վարլիտոն շատ ուրախ էր բրազիլացի Վկաներին հանդիպելու համար և սրտանց շնորհակալություն հայտնեց, որ կազմակերպել են այդ այցը։ Նա ուրախությամբ համաձայնեց Վկաների օգնությամբ շարունակել ուսումնասիրել Աստվածաշունչը հաջորդ նավահանգստում։