Անցնել բովանդակությանը

Ի՞նչ օգուտ է բերում Թագավորության սրահը ձեր համայնքին

Ի՞նչ օգուտ է բերում Թագավորության սրահը ձեր համայնքին

Ավելի քան մեկ դար է՝ Եհովայի վկաները նախագծում և կառուցում են իրենց երկրպագության վայրերը, որոնք կոչվում են Թագավորության սրահ։ Ձեր տարածքում կառուցվո՞ւմ է երկրպագության այդպիսի կենտրոն։ Թագավորության սրահը ի՞նչ օգուտ կարող է տալ ձեր համայնքին։

Ֆլաուերի Բրանչ (Ջորջիա, ԱՄՆ)

«Հաճելի նվեր համայնքի համար»

Թագավորության սրահները նախագծվում են այնպես, որ հաճելի համադրություն լինեն տվյալ տեղանքի մյուս շինությունների հետ։ «Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր Թագավորության սրահ լինի տվյալ տարածքի ամենագեղեցիկ և վայելուչ շինություններից մեկը»,— ասում է Ջեյսոնը, որն օգնում է վերահսկելու Թագավորության սրահների շինարարությունը Միացյալ Նահանգներում։ Մի Վկա ճարտարապետ, ով համագործակցում է նախագծման համար պատասխանատու խմբի հետ, ավելացնում է. «Մենք ուզում ենք, որ վերջնական արդյունքը հաճելի նվեր լինի տվյալ համայնքի համար և դրական ազդեցություն թողնի»։

Թագավորության սրահի շինարարները Եհովայի վկաներ են, ովքեր սրտանց ցանկանում են կառուցել բարձրորակ շինություններ։ Նրանց վարպետությունը հաճախ նկատվում է ուրիշների կողմից։ Օրինակ՝ Ռիչմոնդում (Տեխաս, ԱՄՆ) վերջերս արված մի նախագծի ժամանակ շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնողը, տեսնելով Թագավորության սրահի տանիքը, ասաց, որ հազվադեպ է այդքան լավ պատրաստված տանիք տեսնում։ Երբ Ջամայկա կղզում տեխնիկական հսկիչը մի խումբ նոր հսկիչների հետ գնաց Թագավորության սրահի շինհրապարակ, նրանց ասաց. «Այս մարդկանց հետ կապված անհանգստանալու պատճառ երբեք չեք ունենա։ Եհովայի վկաները մանրակրկիտ հետևում են նախագծին և նույնիսկ գերազանցում են տեղի շինարարական նորմերը»։ Իսկ Ֆլորիդայի քաղաքներից մեկում տեխնիկական հսկիչն ասաց. «Ես ստուգում եմ անցկացրել հիվանդանոցներում և պետական խոշոր հիմնարկներում, բայց դրանցից ոչ մեկը այնքան կազմակերպված չի եղել, որքան այս մեկը։ Դուք շատ լավ եք աշխատում»։

Քոնսեշն (Զիմբաբվե)

Դրական ազդեցություն հարևանների վրա

Թագավորության սրահում անցկացվող հանդիպումները դրական ազդեցություն են թողնում այն մարդկանց կյանքի վրա, ովքեր հաճախում են դրանց։ Հանդիպումները օգնել են նրանց դառնալու լավ հայրեր, մայրեր և երեխաներ։ Ռոդը, որն աշխատում է Թագավորության սրահի նախագծման համար պատասխանատու խմբի հետ, ասում է. «Յուրաքանչյուր Թագավորության սրահ կրթական կենտրոն է։ Այն բարոյական բարձր արժեքներ է սերմանում, ինչը օգուտ է բերում ամբողջ համայնքին»։ Նա ավելացնում է. «Սա մի վայր է, որտեղ կարող եք օգնություն ստանալ կյանքում դժվարությունների բախվելիս։ Ներսում ջերմ ու ընկերական մթնոլորտ է տիրում, որը հաճելի է և օգտակար բոլոր նրանց համար, ովքեր մխիթարության և հոգևոր աջակցության կարիք ունեն»։

Թագավորության սրահ հաճախողները հոգ են տանում իրենց հարևանների մասին և արագ օգնության են հասնում աղետների ժամանակ։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ 2016 թ.-ին «Մեթյու» փոթորիկը հարվածեց Բահամյան կղզիներին, Եհովայի վկաները նորոգեցին 254 տուն։ Վիոլետ անունով 80-ամյա մի կին, որի տունը հեղեղվել էր, մոտեցավ տուժածներին օգնելու նպատակով աշխատանքներ անող Վկաների մի խմբի և առաջարկեց նրանց գումար վճարել, որպեսզի օգնեն իրեն ինչով որ կարող են։ Նրանք հրաժարվեցին փողից, սակայն վերանորոգեցին տանիքը՝ տեղադրելով բաղդատի սալիկներ այն հատվածներում, որտեղ դրանք բացակայում էին։ Նաև վերանորոգեցին հյուրասենյակի առաստաղը՝ գիպսաստվարաթղթե առաստաղ տեղադրեցին և այն ավարտուն տեսքի բերեցին։ Այդ ամենից տպավորված՝ Վիոլետը գրկեց այդ խմբի բոլոր անդամներին, բազմաթիվ անգամ շնորհակալություն հայտնեց և բացականչեց. «Դուք իրոք որ Աստծու ժողովուրդն եք»։

Բադ Էյնհաուզեն (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա)

«Ուրախ ենք, որ մեր համայնքում Թագավորության սրահ կա»

Թագավորության սրահները լավ վիճակում պահելու համար Եհովայի վկաները մշակել են մի ծրագիր, որն օգնում է տեղի ժողովներին հոգ տանելու իրենց սրահների մասին։ Դա լավ արդյունքներ է բերել։ Օրինակ՝ մի անգամ Արիզոնայի փոքր համայնքում բնակվող մի կին ընդունեց Թագավորության սրահում անցկացվող ժողովի հանդիպմանը ներկա լինելու հրավերը։ Նա գովասանքով արտահայտվեց սրահի լավ վիճակի մասին և նշեց, որ ինքը տպավորվել է՝ լսելով տեխսպասարկման ծրագրի մասին, հատկապես երբ իմացել է, որ քայլեր են ձեռնարկվում շինությունը բարեկարգելու համար, չնայած որ այն արդեն լավ վիճակում է։ Այդ կինը տեղի լրագրի համար հոդվածներ էր գրում և ավելի ուշ լրագրում մի հոդված հրապարակվեց այն մասին, թե որքան լավ վիճակում է պահվում Թագավորության սրահը։ Այդ հոդվածը հետևյալ խոսքերով էր եզրափակվում. «Ուրախ ենք, որ.... մեր համայնքում Թագավորության սրահ կա»։

Թագավորության սրահներ կարող եք գտնել աշխարհի բոլոր մասերում։ Սրտանց ձեզ հրավիրում ենք այցելել այնտեղ։ Վստահ եղեք, որ դուք ջերմ ընդունելության կարժանանաք։