Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շինարարական աշխատանքներ համավարակից առաջ

Շինարարական աշխատանքներ համավարակից առաջ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 2020

 Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ են մկրտվում, դրա հետ մեծանում է նաև աստվածապետական շինությունների կարիքը։ Այդ պատճառով նախագծման/շինարարության տեղի բաժինները պլանավորել էին 2020 ծառայողական տարվա ընթացքում կառուցել կամ վերանորոգել ավելի քան 2 700 երկրպագության վայրեր ամբողջ աշխարհում։ a

 Ցավոք, COVID-19 համավարակը խոչընդոտեց այդ ծրագրերի իրականացումը։ Մեր հավատակիցներին վտանգի չենթարկելու և կառավարության հրահանգներին ենթարկվելու համար Կառավարիչ մարմնի հրատարակչական կոմիտեն ամբողջ աշխարհում դադարեցրեց շինարարական նախագծերի մեծ մասը։ Այդուհանդերձ, նախքան համավարակի բռնկումը՝ 2020 ծառայողական տարվա ընթացքում, ավելի քան 1 700 երկրպագության վայրեր են կառուցվել կամ վերանորոգվել։ Բացի այդ՝ ավարտին են հասցվել մասնաճյուղերի շինարարության ավելի քան 100 նախագծեր։ Տեսնենք, թե դրանցից երկուսը ինչ օգուտներ բերեցին մեր հավատակիցներին։

 Կամերունի մասնաճյուղ։ Մասնաճյուղի նախկին շենքը, որը գտնվում էր Դուալայում, շատ փոքր էր և մեծ փոփոխությունների կարիք ուներ։ Հրատարակչական կոմիտեն ցանկանում էր վերանորոգել մասնաճյուղը, սակայն պարզվեց, որ վերանորոգումը ավելի թանկ էր լինելու, քան շինությունների արժեքն էր։ Նրանք նաև քննարկեցին երկու տարբերակ՝ նոր շինություն կառուցել կամ կառուցված շինություն գնել և այն վերանորոգել։ Սակայն երկու տարբերակներն էլ չհաստատվեցին։

 Եղբայրներն իմացան, որ Դուալայի հյուսիսում կառավարությունը պլանավորում է ճանապարհ կառուցել, որը մեր համաժողովների սրահներից մեկի մոտով էր անցնելու։ Այդ ճանապարհը զգալիորեն հեշտացնելու էր շենքի կոմունալ ծառայությունների մատակարարումը։ Դա հենց այն էր, ինչ մասնաճյուղին հարկավոր էր։ Ուստի Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ մասնաճյուղի նոր շենքը կառուցվի համաժողովների սրահի տարածքում։

Եղբայրներն ու քույրերն օգնում են կառուցել Կամերունի մասնաճյուղի շենքը։

 Շինարարությունն իրականացրել են Վկաները և կապալառուները, ինչի շնորհիվ խնայվեց և՛ գումարը, և՛ ժամանակը։ Այդ նախագծի բյուջեն կրճատվեց ավելի քան 2 մլն դոլարով։ Համավարակի բռնկումից կարճ ժամանակ առաջ Բեթելի ընտանիքը տեղափոխվեց նոր մասնաճյուղ։

Կամերունի մասնաճյուղի շինարարությունն ավարտվել է նախքան COVID-19 համավարակի բռնկումը։

 Կամերունի Բեթելի ընտանիքն այժմ ավելի լավ պայմաններում է ապրում ու աշխատում։ Նրանց համար նոր մասնաճյուղը նվեր է Եհովայից։ Մի ամուսնական զույգ ասում է. «Մենք ուզում ենք ավելի մեծ եռանդով աշխատել ու մեր գնահատանքը ցույց տալ այս նվերի համար»։

Եղբայրներն ու քույրերն աշխատում են իրենց նոր գրասենյակներում (համավարակից առաջ)։

 Տոխոլաբալ լեզվի թարգմանչական գրասենյակ, Մեքսիկա։ Տոխոլաբալ լեզվով թարգմանող խումբը երկար տարիներ ծառայել է Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղում, որը գտնվում է Մեխիկոյի մոտ։ Սակայն այդ լեզվով խոսում են հիմնականում Ալտամիրանոյում և Լաս Մարգարիտասում, որոնք մոտ 1 000 կմ (620 մղոն) հեռու են մասնաճյուղից։ Դա ազդում էր թարգմանիչների հմտությունների վրա։ Բացի այդ՝ եղբայրները դժվարանում էին գտնել այդ տարածքում ապրող հմուտ թարգմանիչներ, որոնք կօգնեին թարգմանության և ձայնագրության հարցում։

Եղբայրներն ու քույրերը մասնակցում են թարգմանչական գրասենյակի վերանորոգմանը։

 Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Կառավարիչ մարմնի հրատարակչական կոմիտեն հավանություն տվեց, որ թարգմանչական խումբը տեղափոխվի տոխոլաբալ լեզվով խոսող տարածք։ Այդ նպատակով որոշում կայացվեց նոր շենք գնել և այն վերանորոգել։ Դա ավելի ձեռնտու կլիներ, քան գրասենյակներ կառուցելը կամ վարձակալելը։

 Թարգմանիչներից մեկը նշում է, թե այդ փոփոխությունն ինչպես է օգնել իրեն. «Տասը տարի է, ինչ ծառայում եմ թարգմանչական բաժնում և երբևէ իմ լեզվով խոսող որևէ ընտանիքի չեմ հանդիպել մասնաճյուղի մոտակայքում։ Հիմա մեր գրասենյակը գտնվում է այնպիսի տարածքում, որտեղ բնակչությունը խոսում է տոխոլաբալ լեզվով։ Ամեն օր շփվում եմ տոխոլաբալ լեզվով խոսող մարդկանց հետ։ Դրա շնորհիվ բառապաշարս հարստացել է, իսկ աշխատանքիս որակը բարելավվել է»։

Տոխոլաբալ լեզվի թարգմանչական գրասենյակը վերանորոգման աշխատանքներից առաջ և հետո։

2021 ծառայողական տարվա նախագծերը

 Եթե հանգամանքները թույլ տան, 2021 ծառայողական տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել կամ վերանորոգել 75 թարգմանչական գրասենյակներ և աստվածապետական դպրոցներ։ 8 մասնաճյուղերի շինարարությունը կշարունակվի, այդ թվում՝ գլխավոր վարչության նախագիծը Ռամապոյում (Նյու Յորք), ինչպես նաև Արգենտինայի և Իտալիայի մասնաճյուղերի շինարարությունը։ Բացի դրանից՝ ավելի քան 1 000 նոր Թագավորության սրահների կարիք կա, 6 000 երկրպագության վայրեր էլ հարմար չեն հանդիպումներն անցկացնելու համար, և նոր շինություններ են հարկավոր, ևս 4 000 Թագավորության սրահ էլ վերանորոգման կարիք ունի։

 Իսկ ինչպե՞ս են ֆինանսավորվում այս շինարարական նախագծերը։ Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Լազարո Գոնսալեսը տոխոլաբալ թարգմանչական գրասենյակի նախագծի քննարկման ընթացքում այսպես պատասխանեց այդ հարցին. «Մեր մասնաճյուղը սահմանափակ միջոցներ ունի, ուստի առանց համաշխարհային եղբայրության աջակցության անհնար կլիներ թարգմանչական գրասենյակներ կառուցել։ Մեր եղբայրների տրամադրած օգնության շնորհիվ հնարավոր եղավ թարգմանիչներին բնակեցնել այդ լեզվով խոսող մարդկանց շրջանում։ Մենք ի սրտե շնորհակալ ենք մեր ողջ եղբայրությանը իրենց առատաձեռնության համար»։ Այս շինարարական նախագծերը հնարավոր դարձան համաշխարհային գործի համար արված ձեր նվիրատվությունների շնորհիվ, որոնց մեծ մասը արվում է donate.isa4310.com կայքի միջոցով։

a Նախագծման/շինարարության տեղի բաժինը նախագծում և իրականացնում է Թագավորության սրահների շինարարությունը տվյալ մասնաճյուղի տարածքում։ Նախագծման/շինարարության միջազգային բաժինը, որը գտնվում է գլխավոր վարչությունում, հավանություն է տալիս առաջնահերթ նախագծերին ու կոորդինացնում է ամբողջ աշխարհում իրականացվող աշխատանքները։