Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեծագույն Ուսուցչին փառք բերող շինություններ

Մեծագույն Ուսուցչին փառք բերող շինություններ

ՀՈՒԼԻՍԻ 1, 2023

 Եհովան սիրում է կրթել իր ժողովրդին։ Ահա թե ինչու է նրա կազմակերպությունը հիմնել մի շարք դպրոցներ, որոնք մարզում են ուսանողներին տարբեր նշանակումների համար։ Այդ դպրոցներից մեկը Թագավորության քարոզիչների դպրոցն է (ԹՔԴ)։ Վերջին տարիներին Աստծու կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձրել ոչ միայն դասընթացի ծրագրին, այլև այն շինություններին, որոնցում անցկացվում է դպրոցը։ Գլխավոր նպատակն է հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծել թե՛ ուսանողների, թե՛ դասավանդողների համար։ Ինչպե՞ս են ձեր նվիրատվություններն օգնում հասնել այդ նպատակին։

Ավելի շատ ուսանողներ՝ ավելի լավ միջավայրում

 Տարիներ շարունակ աստվածապետական դպրոցներն անցկացվել են Թագավորության և համաժողովների սրահներում։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք սկսել կառուցել կամ վերակառուցել հավելյալ շինություններ, որոնք բացառապես օգտագործվում են աստվածապետական դպրոցների համար։ Քննենք երեք պատճառ։

 Ավելի մեծ կարիք։ Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեի օգնական եղբայր Քրիստոֆեր Մեյվորը նշում է. «Մասնաճյուղերից տեղեկացել ենք, որ դաշտում կարիքը գնալով աճում է։ Օրինակ՝ 2019 թ.-ին Բրազիլիայի մասնաճյուղը հաշվարկեց, որ իրենց մասնաճյուղի տարածքի կարիքներին ընդառաջ՝ ԹՔԴ-ի հավելյալ 7 600 շրջանավարտներ են անհրաժեշտ»։ ԱՄՆ-ի մասնաճյուղն էլ հայտնում է, որ հմուտ ռահվիրաների մեծ կարիք ունի, ովքեր կմարզեն մյուսներին մեծ քաղաքներում իրականացվող հատուկ հրապարակային վկայության, ինչպես նաև նավահանգիստներում և բանտերում բարի լուրը քարոզելու համար։ Նաև անհրաժեշտ են մեծ թվով եղբայրներ, ովքեր կծառայեն նախագծման/շինարարության տեղի բաժիններում և հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում։ ԹՔԴ-ի շրջանավարտները կարող են մեծ օգնություն լինել այս ոլորտներում։

 Ավելի շատ դիմորդներ։ Շատ մասնաճյուղեր քարոզիչներից ավել շատ դիմումներ են ստանում, քան կարող են ընդունել։ Օրինակ՝ Բրազիլիայի մասնաճյուղն ընդամենը մեկ տարում ստացավ ԹՔԴ-ի մոտ 2 500 դիմում։ Բայց սահմանափակ շինությունների պատճառով այն կարողացավ ընդունել ընդամենը 950 ուսանողի։

 Հարմարավետ կացարաններ։ Երբ դպրոցն անցկացվում է Թագավորության կամ համաժողովների սրահում, ուսանողներին հյուրընկալում են տեղի եղբայրներն ու քույրերը։ Սա արդյունավետ է այն երկրներում, որտեղ դպրոցը տարվա կտրվածքով քիչ է կազմակերպվում։ Սակայն այն տարածքներում, որտեղ դպրոցը հաճախ է անցկացվում, տեղի քարոզիչները գուցե չկարողանան տարվա մեջ շատ ամիսներ ուսանողների հյուրընկալել։ Ահա թե ինչու են կառուցվում կացարաններ, որոնք մոտ են դասասենյակին և հատուկ նախագծված են ուսանողների համար։

 Մեկ շինությունը, որը ներառում է մեկ դասասենյակ, դասավանդողների և շուրջ 30 ուսանողների համար կացարաններ, ինչպես նաև նրանց մասին հոգալու համար նախատեսված տարածքներ, կարող է արժենալ մի քանի միլիոն ԱՄՆ դոլար՝ կախված վայրից և այլ գործոններից։

Դպրոցի շինության առանձնահատկությունները

 Սովորաբար դպրոցները կառուցվում են ոչ բանուկ վայրում, որը հեռու է խոշոր քաղաքից, բայց ունի տրանսպորտային համակարգ։ Նախապատվությունը տրվում է մեծ թվով քարոզիչներ ունեցող տարածքներին, որպեսզի նրանք աջակցեն դպրոցի գործունեությանը և շենքերի ու սարքավորումների տեխսպասարկմանը։

 Շինություններում կան գրադարաններ, սովորելու տարածքներ, համակարգիչներ, տպիչներ և այլ սարքավորումներ։ Հաճախ լինում է նաև ճաշարան, որտեղ ուսանողներն ու դասավանդողները կարող են միասին սնվել։ Նաև առանձնացված է որոշակի տարածք ֆիզիկական վարժությունների և հանգստի համար։

 Դասասենյակին նույնպես մեծ ուշադրություն է դարձվում։ Թրոյը, ով ծառայում է նախագծման/շինարարության միջազգային բաժնում (Ուորվիք, Նյու Յորք), հետևյալն է նշում. «Դիմեցինք աստվածապետական դպրոցների բաժնի օգնությանը, որ նախագծենք այնպիսի դասասենյակներ, որոնք նպաստավոր պայմաններ կստեղծեն ուսման համար։ Եղբայրները մեզ բացատրեցին, թե դասասենյակներն ինչ չափի պետք է լինեն, ինչպիսի կահավորում և լուսավորություն ունենան, նաև աուդիո-վիդեո համակարգի ինչ սարքավորումներով համալրված լինեն»։ Զոլտանը, ով Հունգարիայում ԹՔԴ-ի դասավանդող է, աուդիո սարքավորումների վերաբերյալ հետևյալն է ասում. «Սկզբում խոսափողներ չունեինք, ուստի հաճախ էինք ուսանողներին հիշեցնում, որ բարձր խոսեն։ Բայց այժմ այդ խնդիրն անցյալում է, քանի որ ամեն սեղանին խոսափող կա»։

«Եհովայի հատուկ հյուրերը»

 Շինությունների բարելավումն ի՞նչ ազդեցություն է ունեցել դասավանդողների և ուսանողների վրա։ Անջելան, ով մասնակցել է ԹՔԴ-ին Փալմ Քոստ քաղաքում (Ֆլորիդա, ԱՄՆ), ասում է. «Այստեղ շատ խաղաղ միջավայր է։ Ամեն բան այնքա՜ն լավ է մտածված, այդ թվում՝ դասասենյակների և մեր սենյակների դասավորությունը։ Դրա շնորհիվ ամբողջովին կենտրոնանում ենք սովորելու վրա»։ Չաբան, ով Հունգարիայում դասավանդող է, շատ է գնահատում ուսանողների հետ ճաշելու հնարավորությունը։ Նա ասում է, որ սեղանի շուրջ ուսանողներն անկեղծանում են և իրենց կյանքից դեպքեր պատմում։ Չաբան հավելում է. «Այդպես ուսանողներին մոտիկից ենք ճանաչում ու կարողանում ենք ուսումնական ծրագիրը ավելի արդյունավետ կերպով հարմարեցնել նրանց կարիքներին»։

 Թե՛ ուսանողները, թե՛ դասավանդողները դպրոցի բարելավված շինությունները օրհնություն են համարում «Մեծագույն Ուսուցչից»՝ Եհովա Աստծուց (Եսայիա 30։20, 21)։ Ֆիլիպիններից մի քույր, ով մասնակցել է ԹՔԴ-ին այնպիսի շինությունում, որը հատուկ ձևափոխվել էր դպրոցի համար, այսպես է արտահայտվել. «Դպրոցի միջավայրը հիշեցրեց, որ մենք ոչ թե պարզապես ուսանողներ ենք, այլ Եհովայի հատուկ հյուրերը։ Նա ուզում է, որ բավականություն ստանանք իր Խոսքի մանրակրկիտ ուսումնասիրությունից»։

 Դպրոցների շինությունները կառուցվում, վերանորոգվում ու տեխսպասարկվում են ձեր նվիրատվությունների շնորհիվ, որոնց զգալի մասը արվում է donate.isa4310.com կայքի միջոցով։ Անչափ շնորհակալ ենք ձեզ առատաձեռնության համար։

Դպրոցի շինության մուտքը (Փալմ Քոստ, Ֆլորիդա, ԱՄՆ)

Հիսուսի օրերի տաճարի մոդելը՝ դպրոցի ընդունարանում (Փալմ Քոստ, Ֆլորիդա, ԱՄՆ)

Ուսանողները ժամանում են Թագավորության քարոզիչների դպրոց (Բրազիլիա)

Դասապրոցես (Բրազիլիա)

Ուսանողները ժամանում են Թագավորության քարոզիչների դպրոց (Ֆիլիպիններ)

Ուսանողներն ու դասավանդողները վայելում են սնունդը դպրոցի ճաշարանում (Ֆիլիպիններ)