Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հեռարձակում ենք համաժողովի ծրագիրը

Հեռարձակում ենք համաժողովի ծրագիրը

ՕԳՈՍՏՈՍԻ 1, 2021

 2020 թ. տարածաշրջանային համաժողովը պատմական էր. այն առաջինն էր, որ տեսագրվեց և ինտերնետի միջոցով հասանելի դարձավ ամբողջ աշխարհին։ Սակայն Մալավիում և Մոզամբիկում բնակվող մեր հավատակիցների մեծ մասը դիտեց համաժողովը այլ եղանակով։ Իսկ ինչպե՞ս։

 Որպես բացառություն՝ Կառավարիչ մարմնի՝ կոորդինատորների և ուսումնական կոմիտեները հավանություն տվեցին, որ Մալավիում և Մոզամբիկում համաժողովի ծրագիրը հեռարձակվի հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Տեղի՞ն էր արդյոք այդ բացառությունը։ Այո, քանի որ Մալավիում ինտերնետի գինը ամենաբարձրն է աշխարհում, ուստի այնտեղ բնակվող Վկաներից շատ քչերը ինտերնետ ունեն։ Մալավիի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ուիլյամ Չումբին ասում է. «Մեր հավատակիցները այս հոգևոր կերակուրը կարող էին ստանալ միայն ռադիոյի և հեռուստատեսության միջոցով»։ Իսկ Լուկա Սիբեկոն, ով նույնպես Մալավիի մասնաճյուղի կոմիտեում է ծառայում, ասում է. «Եթե համաժողովը չհեռարձակեինք հեռուստատեսությամբ ու ռադիոյով, ապա մեր մասնաճյուղի տարածքում բնակվող եղբայրներից ընդամենը մի քանիսը կկարողանային օգուտներ քաղել ծրագրից»։ Մոզամբիկում նույնպես շատ քչերը կարող են համապատասխան սարք գնել համաժողովը դիտելու համար, էլ չենք խոսում ինտերնետի մասին։

Նախապատրաստական աշխատանքներ

 COVID-19 համավարակի պատճառով մեր հանդիպումներն արդեն իսկ հեռարձակվում էին որոշ հեռուստաալիքներով և ռադիոկայաններով։ a Եղբայրները կապ հաստատեցին դրանց հետ, որպեսզի հավելյալ եթերաժամ հատկացվի համաժողովը հեռարձակելու համար։

 Սակայն Մալավիում եղբայրները որոշ դժվարությունների բախվեցին։ Սովորաբար հեռուստաընկերությունները մեկ ժամից ավել եթերաժամ չեն տրամադրում՝ պատճառաբանելով, թե երկար ծրագրերը չեն հետաքրքրի հեռուստադիտողներին։ Այնուամենայնիվ, մեր եղբայրները բացատրեցին, որ մեր գործունեությունը նպաստում է հասարակության բարօրությանը։ Անգամ համավարակի ընթացքում մենք մարդկանց պատմում ենք աստվածաշնչյան բարի լուրի մասին, որը օգնում է նրանց լինել օրինապահ և ունենալ երջանիկ ընտանիք։ Հաշվի առնելով սա՝ հեռուստաընկերությունները համաձայնեցին հավելյալ եթերաժամ տրամադրել։

 Մալավիում համաժողովը հեռարձակվեց մեկ հեռուստաալիքով և մեկ ռադիոկայանով։ Երկուսն էլ ամբողջ երկրի մասշտաբով հասանելի են միլիոնավոր մարդկանց։ Իսկ Մոզամբիկում այն հեռարձակվեց մեկ հեռուստաալիքով և 85 ռադիոկայաններով։

 Երկու երկրներում համաժողովը հեռուստատեսությամբ հեռարձակելու համար ընդհանուր առմամբ ծախսվել է 28 227 դոլար, իսկ ռադիոյով հեռարձակելու համար՝ մոտ 20 000 դոլար։ Գները տատանվում էին 15-ից (փոքր ռադիոկայանների համար) մինչև 2 777 դոլարի (ամբողջ երկրով մեկ հեռարձակվող ռադիոկայանների համար) սահմաններում։

 Մեր եղբայրներն իրենց լավագույնն արեցին նվիրաբերված միջոցները արդյունավետ օգտագործելու համար։ Օրինակ՝ Մալավիում եղբայրներին հաջողվեց ավելի ցածր գներով պայմանագրեր կնքել, և մի անգամ նույնիսկ ստացվեց մինչև 30 տոկոսով նվազեցնել ծառայության արժեքը։ Այսպիսով հնարավոր եղավ խնայել 1 711 դոլար։ Մոզամբիկում որոշ կայաններ համաձայնեցին իջեցնել գինը, քանի որ վճարումների ընթացքում նկատել էին մեր ազնվությունն ու ճշտապահությունը։

Շնորհակալական խոսքեր

 Մեր հավատակիցները շատ շնորհակալ էին, որ կարողացան դիտել և լսել համաժողովը։ Պատրիկը, ով երեց է և բնակվում է Մալավիում, ասում է. «Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ Կառավարիչ մարմինն արել է համավարակի ընթացքում»։ Այզեկը, ով նույնպես Մալավիից է, ասում է. «Մենք էլեկտրոնային սարքեր չունենք, ուստի շատ շնորհակալ ենք, որ Եհովայի կազմակերպության ջանքերի շնորհիվ հնարավորություն ունենք ռադիոյով լսել համաժողովը։ Իմ ամբողջ ընտանիքը շատ օգուտներ է քաղել ծրագրից։ Մեզ համար սա վառ ապացույց էր, որ Եհովան շատ է սիրում իր ժողովրդին»։

 Մոզամբիկից մի քարոզիչ, ում համար 2020 թ. համաժողովը առաջինն էր, ասում է. «Այն, որ համաժողովը դիտեցինք հեռուստացույցով, ևս մեկ անգամ փաստեց, որ Եհովան ամենակարող է։ Համավարակը չխոչընդոտեց, որ նա հոգևոր սնունդ տա իր ծառաներին և այն մատուցի հենց մեր հյուրասենյակում։ Նաև համոզվեցի, որ Եհովայի ժողովրդի մեջ սեր է տիրում։ Վստահ եմ, որ սա է ճիշտ կրոնը»։

 Ուիսըն անունով մի երեց ասաց. «Ուզում եմ իմ երախտիքի խոսքը հայտնել հավատարիմ և իմաստուն ծառային, որ համավարակի ընթացքում հոգաց մեր հոգևոր կարիքների մասին։ Այս նախաձեռնության շնորհիվ շատերս, ովքեր այս աղքատ երկրում ենք ապրում և շատ գումար չունենք, համաժողովից մեծ օգուտներ քաղեցինք»։

 2021 թ.-ին կոորդինատորների և ուսումնական կոմիտեները նույնպես բացառություն արեցին և թույլ տվեցին որոշ երկրներում տարածաշրջանային համաժողովի ծրագիրը հեռարձակել հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Իսկ ինչպե՞ս են փակվում համաժողովի հեռարձակման ծախսերը. համաշխարհային գործի համար արված նվիրատվությունների շնորհիվ, որոնք կարող եք կատարել donate.isa4310.com կայքում առկա տարբեր մեթոդներով։ Շնորհակալ ենք ձեր առատաձեռն նվիրատվությունների համար։

a 2020 թ.-ին կոորդինատորների կոմիտեն հավանություն էր տվել, որ COVID-19 համավարակի ընթացքում որոշ երկրներում ժողովի հանդիպումները հեռարձակվեն ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Այս նախաձեռնությունն օգտակար է եղել շատ մարդկանց համար, որոնք չեն կարող միանալ ժողովի հանդիպումներին կամ օգտվել JW Stream-ից, քանի որ ապրում են այնպիսի տարածքներում, որտեղ ինտերնետային ու բջջային ծածկույթ չկա, կամ ծառայությունը թանկ է։ Սակայն այն նախատեսված չէ այն ժողովների համար, որոնք հնարավորություն ունեն օնլայն հանդիպումներ անցկացնելու։