Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եղանակային անոմալիաներ. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել քեզ

Եղանակային անոմալիաներ. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել քեզ

 Դո՞ւ էլ ես այն միլիոնավոր մարդկանց թվում, որոնք վնասներ են կրել անոմալ եղանակներից։ Եղանակային անոմալիաները տարբեր կերպերով են դրսևորվում, և դրանք բոլորը մեծ վնասների պատճառ են դառնում։ Օրինակ՝ փոթորիկների, թայֆունների, ցիկլոնների և պտտահողմերի հետևանքով առաջանում են ջրհեղեղներ և քամիներ, որոնք մեծ վնասներ են հասցնում։ Հորդառատ անձրևների հետևանքով կարող են առաջանալ սողանքներ, իսկ մրրիկների ժամանակ կայծակի հարվածից կարող են սկսվել ավերիչ անտառային հրդեհներ։ Երաշտները, անոմալ շոգերը և ձնամրրիկները նույնպես շատ կործանարար են։

 Աշխարհի շատ մասերում ծայրահեղ եղանակային անոմալիաները դարձել են ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ։ Ըստ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հաշվետվության՝ «տարեցտարի ավելանում է աղետներից տուժած մարդկանց քանակը։ Ինչո՞ւ։ Որովհետև գնալով ավելանում է ջրհեղեղների, փոթորիկների և երաշտների թիվը, ինչի հետևանքով ամեն տարի շատ-շատերը կորցնում են իրենց կյանքը, մյուսները չեն կարողանում հոգալ իրենց կարիքները, իսկ միլիոնավորներն էլ կորցնում են իրենց տները»։

 Նման աղետների ժամանակ մարդիկ վնասվում են ոչ միայն ֆիզիկական, այլև զգացական առումով։ Ունեցվածքը, տունը կամ գուցե հարազատին կորցնելը հոգեբանական տրավմայի պատճառ են դառնում շատերի համար։

 Եթե դու էլ ես անոմալ եղանակների զոհը դարձել, ապա Աստվածաշունչը կարող է օգնել քեզ։ Դու կարող ես մխիթարություն և հույս գտնել այս գրքի շնորհիվ, նաև գործնական խորհուրդներ, որոնք օգնել են աղետից տուժած անթիվ մարդկանց (Հռոմեացիներ 15։4)։ Բացի այդ՝ կարող ես գտնել այն հարցի պատասխանը, որն անհանգստացնում է շատերին. ինչո՞ւ է Աստված թույլատրում, որ այսպիսի բաներ տեղի ունենան։ Արդյո՞ք դա նրա պատիժն է։

Անոմալ եղանակը պատիժ չէ Աստծուց

 Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված չէ մարդկանց տառապանքի պատճառը։ Այն հավաստիացնում է, որ «Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1:13)։ Դա նշանակում է, որ նա չէ եղանակային անոմալիաների պատճառը։

 Աստվածաշնչում կան դեպքեր, երբ Աստված բնության ուժերի միջոցով պատժել է չար մարդկանց։ Սակայն դրանք անհամեմատելի են այսօրվա եղանակի հետ, որը առանց նախազգուշացման կտրուկ փոխվում է՝ վնասելով թե՛ լավ, թե՛ վատ մարդկանց։ Աստվածաշնչում արձանագրված դեպքերից երևում է, որ Աստված միշտ պաշտպանել է անմեղ մարդկանց, նախապես զգուշացրել է աղետի մասին և բացատրել է իր որոշման պատճառները։ Օրինակ՝ Նոյի օրերում Աստված նախապես բացատրել էր, թե ինչու է ջրհեղեղ բերելու, նախազգուշացրել, ինչպես նաև պաշտպանել էր Նոյին ու նրա ընտանիքին (Ծննդոց 6:13; 2 Պետրոս 2:5

 Իմանալու համար, թե որտեղից գիտենք, որ մեր օրերում տեղի ունեցող բնական աղետները Աստծու պատիժը չեն՝ տես «Ի՞նչ է Աստվածաշունչը ասում բնական աղետների մասին» հոդվածը։

Աստված անտարբեր չէ եղանակային անոմալիաներից տուժած մարդկանց հանդեպ

 Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան a հոգատար է և կարեկից։ Հետևյալ աստվածաշնչյան համարները մխիթարական կլինեն քեզ համար.

  •   Եսայիա 63:9. «Նրանց բոլոր նեղությունների մեջ [Աստված] էլ էր նեղվում»։

     Նշանակությունը։ Եհովային խոր ցավ է պատճառում, երբ նա տեսնում է մարդկանց տառապանքը։

  •   1 Պետրոս 5:7. «Նա հոգ է տանում ձեր մասին»։

     Նշանակությունը։ Եհովան հետաքրքրված է քո բարօրությամբ։

 Եհովայի հոգատարությունը և կարեկցանքը նրան մղում են գործերի։ Աստվածաշնչի միջոցով նա գործնական խորհուրդներ է տալիս և մխիթարում, ինչպես նաև խոստանում, որ ապագայում ապրելու ենք մի աշխարհում, որտեղ եղանակային անոմալիաներ չեն լինի (2 Կորնթացիներ 1:3, 4):

Կգա ժամանակ, երբ եղանակային անոմալիաներ այլևս չեն լինի

 Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան խոստացել է «ապագա և հույս տալ» (Երեմիա 29:11)։ Նա ուզում է, որ մարդիկ ոչ թե վախենան կլիմայից, այլ վայելեն կյանքը դրախտ-երկրում (Ծննդոց 1:28; 2:15; Եսայիա 32:18

 Աստված իր նպատակը կիրագործի երկնային Թագավորության՝ մի կառավարության միջոցով, որի ղեկավարը Հիսուսն է (Մատթեոս 6:10)։ Հիսուսն ունի և՛ իմաստություն, և՛ զորություն՝ կանխարգելելու բնական աղետները։ Երբ նա երկրի վրա էր, ցույց տվեց, որ զորություն ունի ղեկավարելու բնության ուժերը (Մարկոս 4:37–41)։ Նա կիշխի հասկացողությամբ և իմաստությամբ, մարդկանց կսովորեցնի հոգ տանել շրջակա միջավայրի մասին և բնության հետ ներդաշնակ ապրել (Եսայիա 11:2)։ Հիսուսի իշխանության ներքո եղանակն այլևս վնաս չի հասցնի մարդկանց։

 Գուցե մտածես. «Հիսուսը ե՞րբ գործի կդնի բնության ուժերը ղեկավարելու իր զորությունը»։ Այդ հարցին պատասխանելու համար տես «Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը» հոդվածը։

Ի՞նչ կարող ենք անել հիմա

 Աստվածաշնչում գրված խորհուրդները կարող են օգնել քեզ եղանակային անոմալիաներից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո։

  •   Առաջ։ Պատրաստ եղիր, որ արագ գործես

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3

     Նշանակությունը: Ծանոթացիր հավանական վտանգներին, որպեսզի կարողանաս արագ գործել և պաշտպանել քո ընտանիքը։

     Օրինակ: «Մեզ հաջողվեց փախչել հրդեհի ժամանակ, քանի որ պատրաստված էինք։ Մեր աղետի պայուսակները պատրաստ էին, մեր դեղերը, հագուստը, ամեն ինչ մեզ հետ էր։ Շրջապատի մարդիկ խուճապի մեջ էին և չէին կարողանում սթափ դատել։ Իսկ մենք ունեինք այն, ինչ անհրաժեշտ էր մեզ։ Ես շատ ուրախ եմ դրա համար» (Թամարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ)։

  •   Ընթացքում: Կենտրոնացիր ամենակարևորի վրա

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15

     Նշանակությունը: Կյանքը ունեցվածքից թանկ է։

     Օրինակ: «Երբ «Լավին» b թայֆունը ավերեց մեր տունը, չէի հասկանում, թե ինչ պետք է անեմ։ Առաջին բանը, որ արեցի, Եհովային անկեղծորեն աղոթելն էր։ Ուրախ էի, որ ունեցվածքս եմ կորցրել, ոչ թե կյանքս» (Լեսլի, Ֆիլիպպիններ)։

  •   Հետո։ Վաղվա մտահոգությունը թող վաղվան

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները» (Մատթեոս 6։34

     Նշանակությունը: Չափից շատ մի՛ մտահոգվիր այն խնդիրների պատճառով, որոնք գուցե ապագայում լինեն։

     Օրինակ։ ««Իրմա» փոթորկի հետևանքով տունս հեղեղվել էր: Բազմաթիվ որոշումներ պիտի կայացնեի ու ծայրաստիճան լարված էի: Փորձեցի հետևել աստվածաշնչյան խորհրդին և չմտահոգվել վաղվա օրվա համար։ Արդյունքում հասկացա, որ Եհովայի օգնությամբ հնարավոր է անհաղթահարելին հաղթահարել» (Սալի, Ֆլորիդա, ԱՄՆ)։

 Հավելյալ գործնական առաջարկներ գտնելու համար տես «Երբ վրա է հասնում աղետը. քայլեր, որոնք կարող են փրկել ձեր կյանքը» հոդվածը։

a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18

b Հայտնի է նաև «Հայմա» անունով։