Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող ես կառավարել խմելու ցանկությունդ

Ինչպե՞ս կարող ես կառավարել խմելու ցանկությունդ

Որոշ մարդիկ սկսում են ավելի շատ ալկոհոլ օգտագործել, երբ սթրեսի մեջ են, միայնակ են կամ պարզապես զբաղմունք չունեն։ Սկսել ես ավելի՞ շատ խմել։ Եթե այո, ապա ի՞նչ կարող ես անել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա, ու կախվածություն ձեռք չբերես։ Այս հոդվածում ներկայացվում են որոշ գործնական առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել։

 Ալկոհոլի ո՞ր քանակությունն է համարվում չափավոր

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Մի՛ եղիր գինով հարբողների մեջ» (Առակներ 23։20

Քննիր։ Աստվածաշունչը չի դատապարտում ոգելից խմիչքի չափավոր օգտագործումը (Ժողովող 9:7)։ Սակայն այն հստակ տարբերություն է դնում խմիչքի չափավոր օգտագործման, այն չարաշահելու և հարբեցողության միջև (Ղուկաս 21։34; Եփեսացիներ 5։18; Տիտոս 2։3)։ Նույնիսկ եթե չափից շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով հարբեցող չդառնաս, այն կարող է ազդել որոշումներ կայացնելու քո ունակության, առողջության և ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունների վրա (Առակներ 23:29, 30

Շատ երկրներում ալկոհոլի վտանգավորության աստիճանը սահմանվում է ըստ այն բանի, թե անհատը մեկ օրում քանի բաժակ (ստանդարտ չափ) է խմում և շաբաթը քանի օր։ a Սակայն մարդիկ նույն դիմադրողականությունը չունեն ալկոհոլի հանդեպ, և երբեմն ամենաճիշտ որոշումը ընդհանրապես չխմելն է։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նույնիսկ մեկ կամ երկու բաժակ խմիչքը կարող է չափից շատ լինել, օրինակ՝

  • վարելիս կամ էլեկտրական սարքավորումներ գործարկելիս

  • հղիության կամ երեխային կերակրելու ընթացքում

  • որոշ դեղամիջոցներ ընդունելիս

  • որոշ առողջական խնդիրների դեպքում

  • եթե չես կարողանում կառավարել խմելու ցանկությունդ

Ի՞նչը կարող է հուշել, որ չարաշահում ես ալկոհոլը

 Ինչ է ասում Աստվածաշունչը. «Եկեք ստուգենք մեր ճանապարհները, քննենք դրանք» (Ողբ 3։40

Քննիր։ Քեզ կպաշտպանես ալկոհոլի բացասական ազդեցությունից, եթե կանոնավոր ստուգես խմելու սովորություններդ և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ անես։ Հետևյալ նշանները ցույց կտան, որ կորցնում ես վերահսկողությունդ.

  • Ալկոհոլ ես օգտագործում, որ քեզ երջանիկ զգաս։ Կարծում ես, որ հանգստանալու, մարդկանց հետ շփվելու կամ լավ ժամանակ անցկացնելու համար քեզ ալկոհոլ է պետք։ Դու նաև խմում ես, որ կարողանաս հաղթահարել խնդիրներդ։

  • Սկսել ես սովորականից շատ խմել։ Ավելի հաճախ, ավելի թունդ և ավելի շատ պետք է խմես, որ զգաս դրանց ազդեցությունը։

  • Խմիչքի պատճառով սկսել ես խնդիրներ ունենալ տանը կամ դպրոցում։ Օրինակ՝ հիմա ավելի շատ գումար ես ծախսում ալկոհոլի վրա, քան քեզ կարող ես թույլ տալ։

  • Խմելուց հետո այնպիսի քայլեր ես անում, որ վտանգավոր իրավիճակներում ես հայտնվում, օրինակ՝ որոշում ես մեքենա վարել, լողալ կամ էլեկտրական սարքավորումներ գործարկել։

  • Ուրիշները սկսում են իրենց անհանգստությունն արտահայտել, որ շատ ես խմում։ Այդ ժամանակ պաշտպանողական դիրք ես բռնում։ Փորձում ես թաքցնել, որ խմել ես, կամ էլ ճիշտը չես ասում, թե որքան ես խմել։

  • Քեզ համար դժվար է կանգ առնելը։ Փորձել ես նվազեցնել ոգելից խմիչքի քանակությունը կամ ընդհանրապես չխմել, բայց չես կարողանում։

Հինգ առաջարկ, որոնք կօգնեն քեզ կառավարել խմելու ցանկությունդ

 1. Պլան մշակիր

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5

Փորձիր հետևյալը։ Ընտրիր, թե շաբաթվա որ օրերին ես ոգելից խմիչք օգտագործելու։ Նաև որոշիր, թե որն է քո չափը, որ չանցնես այդ սահմանը։ Օրացույցի վրա առանձնացրու առնվազն երկու օր և այդ օրերին մի՛ խմիր։

Բրիտանիայում գործող մի բարեգործական հաստատություն, որը իրազեկում է հասարակությանը ալկոհոլի չարաշահման հետևանքների մասին, նշում է. «Կախվածություն ձեռք բերելու ռիսկը նվազեցնելու լավագույն կերպը ժամանակ առ ժամանակ ընդհանրապես չխմելն է»։

2. Պլանդ գործի դիր

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ավարտին հասցրեք.... գործը» (2 Կորնթացիներ 8։11

Փորձիր հետևյալը։ Իմացիր խմիչքի ստանդարտ բաժակաչափերը, որպեսզի ճշգրտորեն չափես ու հաշվես, թե որքան ոգելից խմիչք ես օգտագործելու։ Օգտագործիր քո նախընտրած ոչ ոգելից խմիչքները, որոնք չեն վնասի առողջությունդ։

«Փոքր փոփոխությունները կարող են զգալիորեն նվազեցնել ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունենալու հավանականությունը»,— նշում է ԱՄՆ-ի՝ ալկոհոլի չարաշահման և հարբեցողության ազգային ինստիտուտը։

3. Հավատարիմ մնա որոշումներիդ

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Թող ձեր «այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ» (Հակոբոս 5։12

Փորձիր հետևյալը։ Պատրաստ եղիր քաղաքավարի, սակայն հաստատակամորեն ասելու «ոչ», եթե ինչ-որ մեկը քեզ խմիչք է առաջարկում, սակայն ըստ քո պլանի՝ չպետք է խմես։

«Որքան շուտ ասես «ոչ» այս առաջարկներին, այնքան քիչ է հավանականությունը, որ կհանձնվես»,— նշում է ԱՄՆ-ի՝ ալկոհոլի չարաշահման և հարբեցողության ազգային ինստիտուտը։

4. Կենտրոնացիր որոշումներիդ արդյունքների վրա

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը» (Ժողովող 7։8

Փորձիր հետևյալը։ Ցուցակ կազմիր և նշիր, թե ինչու ես ուզում կառավարել խմելու ցանկությունդ։ Ընդգրկիր այնպիսի պատճառներ, ինչպիսիք են՝ քո առողջությունը, քունը, ֆինանսները և ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունները։ Երբ որոշումներիդ մասին խոսես ուրիշների հետ, դժվարությունների վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնացիր օգուտների վրա։

5. Աստծուց օգնություն խնդրիր

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13

Փորձիր հետևյալը։ Եթե խմելու սովորություններիդ հետ կապված մտահոգություններ ունես, աղոթիր Աստծուն օգնության համար։ Խնդրիր, որ նա քեզ ուժ և ինքնատիրապետում տա։ b Նաև ժամանակ հատկացրու, որ նրա Խոսքից՝ Աստվածաշնչից, գործնական իմաստություն ձեռք բերես։ Եհովայի աջակցությամբ կկարողանաս զերծ մնալ ալկոհոլը չարաշահելուց։

a Ըստ ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների դեպարտամենտի՝ օրվա ընթացքում 4 կամ ավելի բաժակ, իսկ շաբաթվա ընթացքում 8 բաժակ կամ դրանից շատ խմելը վտանգավոր է կանանց համար, իսկ տղամարդկանց համար այդ թիվը կազմում է համապատասխանաբար 5 և 15 բաժակ։ Երկրից երկիր ստանդարտ բաժակաչափը տարբեր է, ուստի խորհրդակցեք առողջապահության ոլորտի մասնագետի հետ, որպեսզի իմանաք, թե ձեր երկրում ալկոհոլի օգտագործման որ չափաբաժինն է համարվում վտանգավոր։

b Եթե չես կարողանում կառավարել խմելու ցանկությունդ, թերևս մասնագիտական օգնության կարիք ունես։