Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԱՄԻԼԱ ՌՈԶԵՄ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովային հնազանդ լինելը կյանքիս նպատակն էի դարձրել

Եհովային հնազանդ լինելը կյանքիս նպատակն էի դարձրել

 Պապս և տատս Եհովայի Թագավորության մասին լսել էին 1906 թ.-ին՝ այն բանից հետո, երբ իրենց որդին մահացել էր դիֆթերիայից։ Նրան բուժող բժիշկը Աստվածաշունչ ուսումնասիրող էր (Եհովայի վկաները մի ժամանակ այդպես էին կոչվում)։ Նա էր նրանց պատմել Աստվածաշնչի մխիթարական հույսի, այդ թվում՝ հարության մասին։ Արդյունքում պապս, տատս, մայրս և մորաքույրս նույնպես Աստվածաշունչ ուսումնասիրող էին դարձել։

 Տարիներ շարունակ նրանք ընտանիքով եռանդորեն ծառայում էին Եհովային։ Երբ Իլինոյսի Չիկագո քաղաքում (ԱՄՆ) ցուցադրվում էր «Արարչության լուսադրաման», տատս, մայրս և մորաքույրս օգնում էին հյուրերին գտնել իրենց տեղերը։ Ցավոք, մայրս միակն էր, ով շարունակեց ծառայել Եհովային։ Նրա համար հեշտ չէր, քանի որ ընտանիքով շատ մտերիմ էին և մինչև 1930-ականները միասնաբար ծառայել էին Եհովային։ Մորս նվիրվածությունն ու հնազանդ ոգին մեծ ազդեցություն էին թողնում ինձ վրա։ Ինձ շատ էր տպավորում նաև հորս օրինակը, ով նույնպես հավատարիմ Աստվածաշունչ ուսումնասիրող էր։

Ընտանեկան նկար, 1948 թ.

 Ծնվել եմ 1927 թ.-ին։ Վեց երեխաներից առաջինն էի։ Բոլորս էլ ճշմարտությունը մերը դարձրինք։ Հայրս ատաղձագործ էր։ Ապրում էինք Չիկագոյի ծայրամասում գտնվող մի հարմարավետ տանը։ Մի մեծ բանջարանոց ունեինք, ինչպես նաև հավեր և բադեր էինք պահում։

 Փոքրուց շատ աշխատասեր էի։ Իմ տնային գործերից մեկը տնեցիների գուլպաները կարելն էր։ Այսօր միգուցե նման բան քիչ են անում, բայց այն ժամանակներում, երբ գուլպան ծակվում էր, դեն չէինք նետում։ Այն թել ու ասեղով կարկատում էինք։ Լավ էր, որ ձեռք բերեցի այդ հմտությունը, քանի որ հետագայում կարուձևով շատ եմ զբաղվել։

Ծնողներիս լավ օրինակը

 Հայրս մեծ ուշադրություն էր դարձնում, որ մեր ընտանիքը աչքաթող չանի հոգևորը։ Ուստի մենք միշտ ներկա էինք լինում քրիստոնեական հանդիպումներին, կանոնավոր մասնակցում էինք քարոզչական ծառայությանը և ամեն օր քննարկում էինք օրվա խոսքը։ Շաբաթ երեկոները մեր ընտանեկանի օրն էր, «Դիտարանի» միջոցով Աստվածաշունչ էինք ուսումնասիրում։

 Մեր հարևաններին վկայություն տալու նպատակով հայրս մեր հյուրասենյակի պատուհանին մեր եղբայրների պատրաստած մի էլեկտրական ցուցանակ էր տեղադրել։ Նման ցուցանակները գովազդում էին որևէ հանրային ելույթ կամ հրատարակություն։ Դրանց անընդմեջ վառվող և մարող լույսերը գրավում էին անցորդների ուշադրությունը։ Հայրս նաև մեր մեքենայի վրա էր երկու ցուցանակ տեղադրել։

Մայրս մեզ տանում է ֆոնոգրաֆով ծառայության

 Հայրս իր խոսքով և գործով սովորեցնում էր մեզ, թե որքան կարևոր է հնազանդվել Եհովային։ Մայրս էլ բոլոր հարցերում աջակցում էր նրան։ Երբ ամենափոքր քույրս հինգ տարեկան դարձավ, մայրս ռահվիրայություն սկսեց և մինչև կյանքի վերջ այդ ծառայության մեջ անցկացրեց։ Ավելի լավ ծնողների մասին չէի էլ կարող երազել։

 Այն ժամանակ կյանքը լրիվ այլ էր։ Հեռուստացույց չունեինք, ուստի քույրերիս ու եղբայրներիս հետ նստում էինք հատակին ու ռադիոյով հետաքրքրաշարժ հաղորդումներ լսում։ Բայց մեր ընտանիքը ամենաշատը սիրում էր ունկնդրել այն հոգևոր ծրագրերը, որ մեր կազմակերպությունն էր հեռարձակում։

Համաժողովներ, ֆոնոգրաֆներ և «սենդվիչ» ազդագրեր

 Մենք սիրում էինք մասնակցել Եհովայի վկաների համաժողովներին։ 1935 թ.-ին կայացած համաժողովին իմացանք, որ Հայտնություն 7։9, 14-ում նշված «մեծ բազմությունը», որը վերապրելու է «մեծ նեղությունը», դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունի։ Մինչ 1935 թ. ծնողներս օգտվում էին Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Սակայն այդ համաժողովից հետո միայն հայրս շարունակեց օգտվել։ Մայրս հասկացավ, որ իր հույսը ոչ թե Քրիստոսի հետ երկնքում թագավորելն է, այլ երկրի վրա հավիտյան ապրելը։

 1941 թ.-ին Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում տեղի ունեցած համաժողովին Ջոզեֆ Ռադերֆորդը, ով այդ ժամանակ առաջնորդում էր մեր գործունեությունը, հայտնեց «Երեխաներ» գրքի լույսընծայման մասին։ Հնչեցին բուռն ծափահարություններ։ Այդ ժամանակ 14 տարեկան էի և մեկ տարի առաջ էի մկրտվել։ Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էի հերթ կանգնել մյուս երեխաների հետ, որ բեմ բարձրանամ ու ստանամ գրքի իմ օրինակը։

Լորեյնի հետ, 1944 թ.

 Այն ժամանակ ծառայությունը շատ էր տարբերվում մեր օրերից։ 1930-ականներին շարժական ֆոնոգրաֆ էինք օգտագործում, որ բնակիչների համար հնչեցնեինք աստվածաշնչյան ելույթների ձայնագրությունները։ Նախքան դուռը թակելը լարում էինք ֆոնոգրաֆը և համոզվում, որ սկավառակն ու ասեղը ճիշտ դիրքում էին։ Երբ բնակիչը բացում էր դուռը, կարճ մատուցում էինք անում, ապա միացնում չորսուկես րոպե տևողությամբ աստվածաշնչյան ելույթ ու գրականություն առաջարկում։ Մեր տարածքի մարդիկ հարգանքով էին վերաբերվում մեզ։ Չեմ հիշում, որ ինչ-որ մեկը կոպիտ արձագանքեր։ Երբ 16 տարեկանում ռահվիրայություն սկսեցի, հայրս ինձ ֆոնոգրաֆ նվիրեց։ Մեծ հպարտությամբ օգտագործում էի այն ծառայության մեջ։ Իմ ռահվիրա ծառայակիցը Լորեյն անունով մի հրաշալի քույր էր։

 Մենք նաև վկայություն էինք տալիս ինֆորմացիոն երթերի միջոցով։ Այդ երթերի ժամանակ մենք երկու կտորից բաղկացած ազդագրեր էինք կրում, մեկը՝ առջևից, մյուսը՝ հետևից։ «Սենդվիչ» կոչվող այս պաստառների վրա տարբեր կարգախոսներ էին գրված, ինչպիսիք էին՝ «Կրոնը թակարդ է և խաբեություն» կամ «Ծառայե՛ք Աստծուն և Քրիստոսին՝ Թագավորին»։

Ազդագրերով ծառայության ժամանակ

 Մեր հանդիպումները պատրաստում էին մեզ հակառակությանը և սովորեցնում էին, թե ինչպես պաշտպանենք ճշմարտությունը։ Եվ հակառակությունը երկար սպասել չտվեց։ Օրինակ՝ երբ առաջին անգամ մի բանուկ առևտրային թաղամասում ամսագրեր էինք առաջարկում, ոստիկանները մեզ բերման ենթարկեցին։ Մի քանի ժամ հետո մեզ ազատ արձակեցին։ Ուրախ էինք, որ Եհովային հնազանդվելու համար հալածանքի էինք բախվում։

Ամուսնություն, «Գաղաադ» և զորակոչ

Ես ու Յուջինը՝ մեր հարսանիքին

 Օրերից մի օր Լորեյնը ինձ ծանոթացրեց Յուջին Ռոզեմ անունով մի եղբոր հետ, ում ճանաչում էր Մինեսոտայի Միննեապոլիս քաղաքում կայացած համաժողովից։ Յուջինն իր մանկությունն անցկացրել էր Ֆլորիդայում՝ Քի Ուեսթում։ Տասներորդ դասարանում նրան դպրոցից հեռացրել էին, քանի որ հրաժարվել էր մասնակցել հայրենասիրական միջոցառման։ Յուջինն անմիջապես ռահվիրայություն էր սկսել։ Մի օր նա հանդիպել էր իր նախկին դասընկերուհուն։ Քանի որ Յուջինն օրինակելի աշակերտ էր եղել, դասընկերուհուն հետաքրքրել էր, թե նրան ինչու էին հեռացրել։ Տպավորվելով, թե Յուջինն ինչպես է Աստվածաշնչով պատասխանում իր հարցերին՝ նա սկսել էր ուսումնասիրել, ամբողջ սրտով ընդունել էր ճշմարտությունը և հավատարիմ քույր դարձել։

Քի Ուեսթում, 1951 թ.

 Ես ու Յուջինն ամուսնացանք 1948 թ.-ին։ Մեր ամուսնական կյանքը սկսեցինք՝ Քի Ուեսթում ռահվիրա ծառայելով։ Ավելի ուշ մենք սովորեցինք «Գաղաադ» դպրոցի 18-րդ դասարանում, որի ավարտականը տեղի ունեցավ 1952 թ. սկզբներին։ Դպրոցում իսպաներեն էինք սովորում, ուստի ակնկալում էինք, որ կնշանակվենք ծառայելու որպես միսիոներ իսպանախոս երկրներից մեկում։ Բայց այդպես չեղավ։ Մինչ սովորում էինք «Գաղաադում», մոլեգնում էր Կորեական պատերազմը, և Յուջինին զորակոչեցին։ Սա շատ անսպասելի էր, քանի որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նրան որպես կրոնական ծառայողի ազատել էին զինծառայությունից։ Զորակոչի պատճառով մեզ խնդրեցին ԱՄՆ-ում մնալ։ Հիասթափությունից լաց էի լինում։ Երկու տարի անց այդ հարցը վերջնականապես լուծվեց. Յուջինին ազատեցին զինծառայություն կատարելու պարտավորությունից։ Տեղի ունեցածից կարևոր դաս քաղեցինք. երբ մի դուռ փակվում է, Եհովան կարող է մեկ այլ դուռ բացել։ Մեր պարագայում նա հենց այդպես էլ վարվեց։ Ուղղակի պիտի համբերությամբ զինվեինք։

«Գաղաադի» մեր դասարանը

Շրջագայական ծառայություն և տեղափոխություն՝ Կանադա

 1953 թ.-ին՝ Արիզոնայի Թուսոն քաղաքի իսպանախոս ժողովում ծառայելուց հետո, շրջանային ծառայության անցանք։ Տարիների ընթացքում ծառայեցինք Օհայո և Կալիֆոռնիա նահանգներում և Նյու Յորք քաղաքում։ 1958 թ.-ին մարզային ծառայություն a սկսեցինք Կալիֆոռնիայում և Օրեգոնում։ Մենք օթևանում էինք հավատակիցների տներում։ 1960 թ.-ին տեղափոխվեցինք Կանադա, որտեղ Յուջինը դասավանդում էր ժողովի վերակացուների համար նախատեսված Թագավորական ծառայության դպրոցում։ Կանադայում մնացինք մինչև 1988 թ.։

 Կուզեմ պատմել Կանադայի վերաբերյալ իմ ամենաջերմ հուշերից մեկը։ Մի անգամ տնետուն ծառայության ժամանակ ես ու մի քույր հանդիպեցինք Գեյլ անունով մի կնոջ։ Նա ասաց, որ իր որդիները շատ նեղված են, քանի որ իրենց պապիկին են կորցրել։ Նրանք հարցնում էին. «Ինչո՞ւ նա մահացավ։ Հիմա որտե՞ղ է»։ Գեյլը չգիտեր՝ ինչ պատասխանել։ Ուստի նրան Աստվածաշնչից մի քանի մխիթարական համարներ ցույց տվեցինք, որոնք պատասխանում էին այդ հարցերին։

 Քանի որ այդ ժամանակ Յուջինը շրջանային վերակացու էր, այդ տարածք մեկ շաբաթով էինք եկել։ Սակայն ինձ հետ ծառայող քույրը նորից այցելեց Գեյլին։ Արդյունքում՝ Գեյլը ընդունեց ճշմարտությունը։ Նրան միացան նաև ամուսինը՝ Բիլը, և երեք որդիները՝ Քրիստոֆերը, Ստիվը և Պատրիկը։ Քրիսը Կանադայում երեց է ծառայում։ Ստիվը աստվածաշնչյան դպրոցների դասավանդող է Փալմ Քոստ քաղաքում (Ֆլորիդա)։ Իսկ Պատրիկը Թաիլանդի մասնաճյուղի կոմիտեի անդամ է։ Տարիներ շարունակ ես ու Յուջինը շատ մտերիմ ենք եղել այս ընտանիքի հետ։ Այնքան երջանիկ եմ, որ իմ փոքրիկ մասնակցությունն եմ ունեցել նրանց ճշմարտությունը պատմելու հարցում։

Հիվանդանոցների հետ կապի կոմիտեների կազմավորումը

 Երբ Կանադայում էինք ծառայում, Եհովան Յուջինի առաջ մի նոր դուռ բացեց՝ տալով մի ոգևորիչ հանձնարարություն։ Թույլ տվեք՝ պատմեմ այդ մասին։

 Տարիներ առաջ արյան փոխներարկման վերաբերյալ մեր դիրքորոշումը սխալ էր ընկալվում և մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության մեջ։ Կանադական թերթերը հոդվածներ էին գրում այն մասին, թե Վկաների երեխաները մահանում են այն պատճառով, որ ծնողները հրաժարվում են արյուն փոխներարկել։ Ամուսինս պատիվ ունեցավ մյուս եղբայրների հետ զբաղվելու այդ ստերը քողազերծելու գործով։

 1969 թ.-ին՝ Նյու Յորքի Բուֆալո քաղաքում տեղի ունեցած միջազգային համաժողովից առաջ, Յուջինը մի քանի եղբայրների հետ այցելեց տեղի խոշոր հիվանդանոցներ՝ տեղեկացնելու, որ Կանադայից և ԱՄՆ-ից 50 000 Վկաներ են գալու։ Հաշվի առնելով, որ հնարավոր է՝ պատվիրակներից մեկը անհապաղ բուժօգնության կարիք ունենա՝ նրանք նախապես հոգ տարան, որ բժիշկներին բացատրեին արյան վերաբերյալ մեր դիրքորոշումը և դրա ողջամիտ լինելը։ Եղբայրները բժիշկներին հեղինակավոր աղբյուրներից հոդվածներ տրամադրեցին անարյուն բժշկության վերաբերյալ։ Բժիշկների դրական արձագանքից ոգևորված՝ Յուջինն ու մի քանի եղբայրներ սկսեցին ակտիվորեն այցելել Կանադայի հիվանդանոցներ։ Նրանք նաև օգնում էին տեղի երեցներին՝ անհապաղ բուժօգնության անհրաժեշտության դեպքում ավելի արդյունավետորեն գործել։

 Կամաց-կամաց նրանց ջանքերը դրական արդյունքներ բերեցին։ Ի վերջո այնպիսի բան տեղի ունեցավ, որը վեր էր մեր պատկերացումներից։

Մեծ բավականություն եմ ստացել՝ աշխատելով կարի արհեստանոցում

 1980-ականների կեսերին Յուջինը զանգ ստացավ Բրուքլինի գլխավոր վարչությունից (Նյու Յորք)։ Միլթոն Հենշելն էր։ Նա ասաց, որ Կառավարիչ մարմինն ուզում է ընդլայնել ԱՄՆ-ում արդեն գործարկվող ծրագիրը, որպեսզի ավելի մեծ թվով բժիշկների տեղեկություն տրամադրվի։ Ուստի ես ու Յուջինը տեղափոխվեցինք Բրուքլին, և 1988 թ. հունվարին Կառավարիչ մարմինը գլխավոր վարչությունում հիմնեց հիվանդանոցային տեղեկատվական ծառայության բաժինը։ Հետագայում ամուսինս և երկու այլ եղբայրներ նշանակվեցին անցկացնելու հատուկ սեմինարներ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ այլ երկրներում։ Շուտով մասնաճյուղերում հիմնվեցին հիվանդանոցային տեղեկատվական բաժիններ, ինչպես նաև տարբեր քաղաքներում հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ ստեղծվեցին։ Եհովայի այս սիրառատ նախաձեռնությունը աննկարագրելի օգուտներ է բերել թե՛ Վկաներին, թե՛ նրանց երեխաներին։ Երբ Յուջինը սեմինարներ էր անցկացնում և հիվանդանոցներ այցելում, ես ծառայում էի տեղի Բեթելում, հաճախ՝ կարի արհեստանոցում կամ խոհանոցում։

Սեմինար՝ հիվանդանոցների հետ կապի կոմիտեի անդամների համար (Ճապոնիա)

Իմ ամենածանր փորձությունը

 2006 թ.-ին բախվեցի իմ ամենածանր փորձությանը՝ մահացավ իմ սիրելի Յուջինը։ Նրան անսահման կարոտում եմ։ Իսկ ի՞նչն է օգնում ինձ ամուր մնալ՝ չնայած վշտին։ Շատ բաներ կան։ Օրինակ՝ մտերիմ փոխհարաբերություններ եմ պահպանում Եհովայի հետ աղոթքի և Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության միջոցով։ Միշտ լսում եմ Բեթելում անցկացվող օրվա խոսքի քննարկումը, ապա կարդում եմ այն գլուխը, որից վերցված է օրվա խոսքը։ Բացի այդ՝ շարունակում եմ ջանասիրաբար կատարել իմ նշանակումը Բեթելի կարի արհեստանոցում, ինչն ինձ համար մեծ պատիվ է։ Տարիներ առաջ հնարավորություն եմ ունեցել վարագույրներ կարել Նյու Ջերսի և Նյու Յորք նահանգներում գտնվող համաժողովների սրահների համար։ Այժմ ծառայում եմ Ֆիշքիլի Բեթելում, որտեղ հագուստի ձևափոխում և այլ փոքր աշխատանքներ եմ կատարում։ b

 Ինձ համար կյանքում ամենակարևորը Եհովային սիրելն է և նրան ու նրա կազմակերպությանը հնազանդվելը (Եբրայեցիներ 13։17; 1 Հովհաննես 5։3)։ Այնքան ուրախ եմ, որ իմ ու Յուջինի համար դրանք միշտ առաջնահերթ են եղել։ Ես համոզված եմ, որ Եհովան կվարձատրի մեզ հավերժ կյանքով դրախտային երկրում, ու մենք կրկին կտեսնենք իրար (Հովհաննես 5։28, 29

a Շրջանային վերակացուն առանձին ժողովներ է այցելում, մինչդեռ մարզային վերակացուի դերը շրջաններ այցելելն էր և շրջանային համաժողովներին ելույթներ ներկայացնելը։

b Մինչ պատրաստվում էր այս հոդվածը, 2022 թ. մարտին՝ 94 տարեկանում, քույր Կամիլա Ռոզեմը մահացավ։