Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իմաստուն թագավոր Սողոմոնը

Իմաստուն թագավոր Սողոմոնը

Պատմություն 63

Իմաստուն թագավոր Սողոմոնը

ՍՈՂՈՄՈՆԸ պատանի հասակում թագավոր է դառնում։ Նա սիրում է Եհովային ու հետևում իր հոր՝ Դավթի տված իմաստուն խորհուրդներին։ Եհովան հավանում է նրան ու մի գիշեր երազի մեջ հարցնում է. «Սողոմո՛ն, ի՞նչ կուզեիր ինձանից ստանալ»։

Ի պատասխան՝ Սողոմոնն ասում է. «Ո՜վ Եհովա, իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ։ Ուստի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։

Եհովային դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար, նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք»։

Կարճ ժամանակ անց մի դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,— բացատրում է նրանցից մեկը,— ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ՝ նա իմ կողքից վերցնում է երեխայիս, ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։

Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։

Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։

— Ո՛չ,— ճչում է իսկական մայրը։— Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։— Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։

Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։

Սողոմոնի իշխանության տարիներին Աստված իր ժողովրդին օրհնում է բարիքների առատությամբ՝ ցորենով, գարիով, խաղողով, թզով և այլ պտուղներով։ Ժողովուրդը լավ է հագնվում և ապրում է հարմարավետ տներում։ Բոլորն ապրում են առատության մեջ և ոչ մի բանի կարիք չունեն։

Գ Թագաւորաց 3։3–28; 4։29–34։