Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

1

Աստծու անունը Եբրայերեն Գրություններում

Աստծու անունը Եբրայերեն Գրություններում

Աստծու անունը եբրայերեն այն տառատեսակով, որ գործածվել է նախքան բաբելոնյան գերությունը

Աստծու անունը եբրայերեն այն տառատեսակով, որ գործածվել է բաբելոնյան գերությունից հետո

Եբրայերեն Գրությունների բնագրում Աստծու անունը հանդիպում է չորս բաղաձայններից կազմված բառով՝ יהוה, գրեթե 7000 անգամ։ Այն հայտնի է քառագիր անվանումով։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունում քառագիրը թարգմանված է «Եհովա»։ Այն ամենաշատ հանդիպող անունն է Աստվածաշնչում։ Ճիշտ է, Աստվածաշունչը գրողները, Աստծուց ներշնչված, օգտագործել են նրան բնութագրող տիտղոսներ և արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «Ամենակարող», «Բարձրյալ» և «Տեր», բայց որպես անձնանուն, որը բնորոշում է Աստծուն, օգտագործել են միայն քառագիրը։

Եհովա Աստված ինքն է առաջնորդել Աստվածաշնչի գրողներին, որ օգտագործեն իր անունը։ Օրինակ՝ Հովել մարգարեին նա ներշնչեց գրել. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։32)։ Իսկ մի սաղմոսերգու Աստծու ներշնչմամբ գրեց. «Մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։ Աստծու անունը միայն «Սաղմոսներ» գրքում հանդիպում է մոտ 700 անգամ։ Բանաստեղծական ոճով գրված այս գրքի խոսքերը Աստծու ծառաները երգում էին ու բարձրաձայն արտասանում։ Այդ դեպքում ինչո՞ւ է Աստծու անունը բացակայում Աստվածաշնչի շատ թարգմանություններից։ Իսկ ինչո՞ւ է «Նոր աշխարհ» թարգմանությունում օգտագործվել Աստծու անվան «Եհովա» ձևը, և ի՞նչ է այդ անունը նշանակում։

Հատված «Սաղմոսներ» գրքից Մեռյալ ծովի ձեռագրերից մեկում, որը թվագրվում է առաջին դարի առաջին կեսով։ Տեքստը գրվել է եբրայերեն այն տառատեսակով, որը գործածական է եղել բաբելոնյան գերությունից հետո, բայց քառագիրը, որ հստակ ընդգծված է, բազմաթիվ անգամ հանդիպում է այն տառատեսակով, որ գործածական է եղել մինչև բաբելոնյան գերությունը

Ինչո՞ւ է Աստծու անունը բացակայում Աստվածաշնչի շատ թարգմանություններից։ Պատճառները տարբեր են։ Ոմանց կարծիքով՝ Ամենակարող Աստված կարիք չունի ճանաչվելու հատուկ անունով։ Ուրիշների վրա, ըստ ամենայնի, ազդել է հրեաների այն ավանդույթը, ըստ որի՝ չի կարելի օգտագործել Աստծու անունը։ Պատճառը, հավանաբար, այն էր, որ նրանք վախենում էին այն այդպես պղծելուց։ Մյուսներն էլ կարծում են, որ քանի որ ոչ ոք չգիտի Աստծու անվան արտասանության ճշգրիտ ձևը, ապա ավելի լավ է պարզապես օգտագործել որևէ տիտղոս, օրինակ՝ «Տեր» կամ «Աստված»։ Նման կարծիքները, սակայն, հիմնավոր չեն հետևյալ պատճառներով։

  • Նրանք, ովքեր պնդում են, թե Ամենակարող Աստված հատուկ անվան կարիք չունի, անտեսում են այն իրողությունը, որ Աստվածաշնչի վաղ շրջանի ձեռագրերը, ներառյալ նախաքրիստոնեական շրջանի ձեռագրերը, պարունակել են Աստծու անձնանունը։ Ինչպես նշվեց վերևում, Աստծու անունը նրա առաջնորդությամբ Աստվածաշնչում գրվել է մոտ 7000 անգամ։ Ակնհայտ է, որ Աստված ուզում է՝ մենք իմանանք իր անունը և օգտագործենք այն։

  • Այն թարգմանիչները, ովքեր, հրեական ավանդույթի հանդեպ հարգանքից դրդված, տեքստից հանում են Աստծու անունը, մոռանում են մի կարևոր փաստ. հրեա որոշ դպիրներ, ճիշտ է, հրաժարվում էին անունն արտասանելուց, բայցև Սուրբ Գրքերն արտագրելիս այն չէին հանում տեքստից։ Կումրանում (գտնվում է Մեռյալ ծովի մոտակայքում) հայտնաբերված ձեռագրերում Աստծու անունը հանդիպում է բազմիցս։ Աստվածաշնչի որոշ թարգմանիչներ, երբ Աստծու անվան փոխարեն մեծատառերով օգտագործում են «տեր» բառը (ՏԵՐ), անուղղակի հասկացնում են, որ Աստծու անունը գրված է եղել բնագրերում։ Այդուհանդերձ, հարցեր են առաջանում. «Ինչո՞ւ են այդ թարգմանիչները փոխարինել Աստծու անունը կամ հանել այն Աստվածաշնչից՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ այն հազարավոր անգամ գրված է բնագրում։ Ո՞վ է նրանց իրավունք տվել նման փոփոխություն անելու»։ Այս հարցերին միայն նրանք կարող են պատասխանել։

  • Նրանք, ովքեր ասում են, թե Աստծու անունը չպետք է օգտագործել, որովհետև հայտնի չէ անվան ճշգրիտ արտասանությունը, չեն վարանում, այնուամենայնիվ, ազատորեն օգտագործել «Հիսուս» անունը։ Բայց Հիսուսի առաջին դարի աշակերտները նրա անունը բոլորովին այլ կերպ էին արտասանում։ Հրեա քրիստոնյաների արտասանությամբ «Հիսուս» անունը հավանաբար հնչում էր Եշուա‛, իսկ «Քրիստոս» տիտղոսը՝ Մաշիախ (Մեսիա)։ Հունախոս քրիստոնյաները նրա անունը արտասանում էին Իեսուս Քրիստոս, իսկ լատինախոս քրիստոնյաները՝ Իեսուս Քրիստուս։ «Հիսուս» անվան հունարեն տարբերակը Աստծու ներշնչանքով գրվեց Աստվածաշնչում, ինչը ցույց է տալիս, որ վաղ քրիստոնյաները օգտագործել են անվան այն ձևը, որը տարածված է եղել հունարենում։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն կարծում է, որ տրամաբանական է օգտագործել «Եհովա» անունը, նույնիսկ եթե եբրայերենում Աստծու անունը այդպես չի արտասանվել։

Ինչո՞ւ է «Նոր աշխարհ» թարգմանությունում օգտագործվել Աստծու անվան «Եհովա» ձևը։ Քառագիրը (יהוה) հայերեն տառադարձվում է ՅՀՎՀ։ Եբրայերենում բոլոր բառերը գրվել են առանց ձայնավորների, և քառագիրը բացառություն չէ։ Երբ հին հրեաները կարդում էին որևէ բառ, նրանք այդ բառի մեջ հեշտությամբ դնում էին համապատասխան ձայնավորները։

Եբրայերեն Գրությունների գրության ավարտից մոտ հազար տարի անց հրեա գիտնականները մշակեցին նշանների մի համակարգ, որը հնարավորություն էր տալիս ճիշտ ձայնավորներով կարդալու եբրայերեն տեքստը։ Այդ ժամանակ, սակայն, շատ հրեաներ սնապաշտորեն կարծում էին, որ Աստծու անունը չի կարելի բարձրաձայն ասել, և անվան փոխարեն օգտագործում էին այլ բառեր։ Ըստ ամենայնի, նրանք, երբ արտագրության ժամանակ հանդիպում էին քառագրին, չորս բաղաձայններին միացնում էին փոխարինող բառերի ձայնավորները։ Բնականաբար, այն ձեռագրերը, որոնք պարունակում էին այդ ձայնավորների նշանները, չեն կարող օգնել որոշելու, թե սկզբնապես ինչպես է արտասանվել Աստծու անունը։ Ոմանց կարծիքով՝ այն հնչել է «Յահվե»։ Ուրիշները այլ տարբերակ են առաջարկում։ Մեռյալ ծովի ձեռագրերից մեկում, որը պարունակում է մի հատված հունարեն «Ղևտական» գրքից, Աստծու անունը տառադարձված է Իաո։ Բացի այս ձևից, հին հույն գրողները այն տառադարձել են նաև Իաե, Իաբե և Իաուե ձևերով։ Ինչևէ, դոգմատիկ լինելու կարիք չկա։ Իրողությունն այն է, որ մենք չգիտենք, թե Աստծու վաղեմի ծառաներն ինչպես են արտասանել նրա անունը (Ծննդոց 13։4; Ելք 3։15)։ Բայց մենք հաստատ գիտենք, որ Աստված նրանց հետ խոսելիս բազմիցս օգտագործել է իր անունը, որ նրանք նրան դիմել են այդ անունով և որ ուրիշների հետ խոսելիս ազատորեն օգտագործել են այն (Ելք 6։2; 1 Թագավորներ 8։23; Սաղմոս 99։9

Եվ այսպես, ինչո՞ւ է «Նոր աշխարհ» թարգմանությունում օգտագործվել Աստծու անվան «Եհովա» ձևը։ Օգտագործվել է անվան այդ ձևը, որովհետև այն վաղուց հայտնի է շատ լեզուներով, այդ թվում նաև հայերենով։

Աստծու անունը Ծննդոց 15։2-ում Վիլյամ Թինդալի թարգմանած Հնգամատյանում, 1530թ.

Այն, որ հայերենում «Եհովա» անունը գործածական է եղել վաղուց, երևում է մի շարք փաստերից։ Աստվածաշնչի «Արարատ» արևելահայերեն թարգմանությունը (1896թ. հրատարակություն), որն այսօր մատչելի է բոլորին, 2300-ից ավելի անգամ օգտագործում է Աստծու անվան «Եհովա» ձևը։ Անվան այս ձևը ավելի քան 400 անգամ հանդիպում է արևմտահայերեն Աստվածաշնչում, որը լույս է տեսել 1853թ.-ին։ «Բառարան Սուրբ Գրոցը» (1881թ.) մի առանձին բառահոդված է ներկայացնում «Եհովա» անվամբ։ Եվ վերջապես, 19-րդ և 20-րդ դարի շատ հայ գրողներ իրենց ստեղծագործություններում օգտագործել են «Եհովա» անունը, ինչը նույնպես փաստում է, որ Աստծու անվան այս ձևը հայտնի է եղել հայ իրականության մեջ։

Աստծու անունն անգլերեն Աստվածաշնչում առաջին անգամ հանդիպում է Վիլյամ Թինդալի թարգմանած Հնգամատյանում (1530թ.)։ 1911թ.-ին հարգված աստվածաշնչագետ Ջոզեֆ Ռոդերհամը, բացատրելով, թե իր մի աշխատությունում (Studies in the Psalms) ինչու է «Յահվեի» փոխարեն օգտագործել «Եհովա» ձևը, ասաց, որ ինքը ցանկացել է օգտագործել «անվան այնպիսի ձև, որն ավելի ծանոթ է Աստվածաշունչ ընթերցող լայն շրջաններին և լիովին ընդունելի է նրանց կողմից»։ 1930թ.-ին պրոֆեսոր Ա. Քիրկպատրիկը «Եհովա» անվան գործածության մասին նման միտք արտահայտեց՝ ասելով. «Ամենից կարևորը ոչ թե ճշգրիտ արտասանությունն է, այլ այն բանի ըմբռնումը, որ դա Հատուկ Անուն է և ոչ թե մի հասարակ տիտղոս, ինչպիսին «Տերն» է»։

ՅՀՎՀ քառագիրը՝ «նա դարձնում է»

ՀՎՀ բայը՝ «դառնալ»

Ի՞նչ է «Եհովա» անունը նշանակում։ «Եհովա» անունը ծագում է եբրայերեն մի բայից, որը նշանակում է «դառնալ», և մի շարք գիտնականների կարծիքով՝ այդ անունը կապ ունի այդ բայի պատճառական ձևի հետ։ Ուստի Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն այն կարծիքին է, որ Աստծու անունը նշանակում է «նա դարձնում է»։ Գիտնականները տարբեր տեսակետներ ունեն Աստծու անվան իմաստի վերաբերյալ, ուստի մենք չենք կարող անթեք լինել այս հարցում։ Ինչևէ, անվան այս նշանակությունը համապատասխանում է այն բանին, որ Եհովան ամեն բանի Արարիչն է և իր նպատակներն իրագործում է։ Նա է ստեղծել տիեզերքը և բանական էակներին։ Բացի այդ, ինչպես երևում է դեպքերի զարգացումից, նա շարունակում է իրագործել իր կամքը և նպատակը։

Ուստի «Եհովա» անվան իմաստը չի սահմանափակվում անվան հետ կապված այն բայի իմաստով, որը գրված է Ելք 3։14-ում. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ»։ Այս խոսքերը լիովին չեն արտացոլում Աստծու անվան նշանակությունը։ Դրանք արտացոլում են Աստծու անձնավորության երեսակներից մեկը միայն՝ ցույց տալով, որ նա յուրաքանչյուր իրավիճակում դառնում է այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրագործելու համար։ Այսպիսով՝ «Եհովա» անվան իմաստը չի սահմանափակվում միայն այն բանով, թե ինչ է Աստված որոշում դառնալ։ Այն նաև պարունակում է հետևյալ իմաստը. Աստված այնպես է անում, որ այս կամ այն բանը տեղի ունենա՝ կապված իր ստեղծագործությունների և նպատակի իրագործման հետ։