Սովորեցրեք ձեր երեխաներին
Գաղտնիք, որը կարող ես պատմել ուրիշներին
ԿՈՒԶԵ՞Ս քեզ մի գաղտնիք պատմեմ։~ * Աստվածաշունչն այն անվանում է «սրբազան գաղտնիք, որը վաղուց ի վեր լռությամբ պահված էր» (Հռոմեացիներ 16։25)։ Սկզբում միայն Աստված գիտեր այդ «սրբազան գաղտնիքը»։ Եկ տեսնենք, թե ինչ արեց նա, որպեսզի այդ գաղտնիքը շատերն իմանան։
Գիտե՞ս, թե ինչ է նշանակում «գաղտնիք» բառը։~ Այն նշանակում է մի բան, որը սուրբ է, մաքուր և շատ յուրահատուկ։ Գաղտնիքը, որն ուզում եմ քեզ հայտնել, սրբազան է կոչվում, քանի որ այն Աստծուց է, իսկ Աստված սուրբ է։ Ի՞նչ ես կարծում՝ նախկինում ովքե՞ր ցանկացան իմանալ այդ գաղտնիքը։~ Հրեշտակները։ Աստվածաշունչն ասում է. «Հենց այս բաներն են հրեշտակները տենչում հասկանալ»։ Այո՛, նրանք ուզում էին հասկանալ այս սուրբ գաղտնիքը (1 Պետրոս 1։12)։
Երբ Հիսուսը եկավ երկիր, նա հայտնեց այդ սրբազան գաղտնիքը։ Նա իր աշակերտներին բացատրեց, թե ինչ է այն՝ ասելով. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքը» (Մարկոս 4։11)։ Նկատեցի՞ր, թե ինչի մասին է այդ գաղտնիքը։~ Աստծու Թագավորության, որի մասին էլ Հիսուսը սովորեցրեց մեզ աղոթել (Մատթեոս 6։9, 10)։
Եկ տեսնենք, թե ինչպես է Աստծու Թագավորությունը «վաղուց ի վեր» գաղտնիք մնացել, մինչև որ Հիսուսը կգար երկիր և կբացատրեր այն։ Երբ Ադամն ու Եվան խախտեցին Աստծու օրենքը, նրանք վտարվեցին Եդեմի պարտեզից։ Հետագայում Աստծու ծառաները հասկացան, որ նա երկիրը դրախտի է վերածելու, ինչպես որ նպատակադրել էր (Ծննդոց 1։26–28; 2։8, 9; Եսայիա 45։18)։ Նրանք գրեցին, որ մարդիկ նրա Թագավորության ժամանակ երջանիկ և ուրախ ապրելու են երկրի վրա (Սաղմոս 37։11, 29; Եսայիա 11։6–9; 25։8; 33։24; 65։21–24)։
Այժմ տեսնենք, թե ով էր լինելու Աստծու Թագավորության Թագավորը։ Գիտե՞ս, թե ում է Աստված Թագավոր ընտրել։~ Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որը կոչվում է նաև «Խաղաղության Իշխան»։ Աստվածաշունչն ասում է, որ «իշխանությունը նրա ուսերին կլինի» (Եսայիա 9։6, 7)։ Մենք բոլորս էլ պետք է «Աստծու սրբազան գաղտնիքի, այսինքն՝ Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքներ» ունենանք (Կողոսացիներ 2։2)։ Նախ պետք է իմանանք, որ Աստված իր ստեղծած առաջին հրեշտակի (իր Որդու) կյանքը փոխադրեց Մարիամի ներսը։ Այդ Որդին, որը երկնքում հզոր հրեշտակ էր, ծնվեց երկրի վրա որպես մարդ և Աստծու կամքով իր կյանքը զոհաբերեց մեզ համար, որպեսզի մենք կարողանանք երկրի վրա հավիտյան ապրել (Մատթեոս 20։28; Հովհաննես 3։16; 17։3)։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Սրբազան գաղտնիքը միայն այն չէ, որ Աստված Հիսուսին ընտրել է իր Թագավորության Թագավորը։ Այդ գաղտնիքի մեջ մտնում է նաև այն, որ Հիսուսը թագավորակիցներ պիտի ունենար, որոնց թվում լինելու էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նրանք Հիսուսի հետ թագավորելու են երկնքում (Եփեսացիներ 1։8–12)։
Ովքե՞ր են լինելու նրանց թվում։~ Հիսուսն իր հավատարիմ առաքյալներին ասաց, որ գնալու է երկինք՝ նրանց համար տեղ պատրաստելու (Հովհաննես 14։2, 3)։ Աստվածաշնչյան հետևյալ համարներում նշված են նրանցից մի քանիսի անունները, ովքեր Հիսուսի հետ իշխելու են իր Հոր Թագավորությունում (Մատթեոս 10։2–4; Մարկոս 15։39–41; Հովհաննես 19։25)։
Բավական երկար ժամանակ անհայտ էր, թե Հիսուսի հետ քանի հոգի էին թագավորելու։ Սակայն հիմա նրանց թիվը հայտնի է։ Գիտե՞ս, թե քանի հոգին են նրանք։~ Աստվածաշնչում ասվում է, որ նրանց թիվը 144000 է։ Սա նույնպես սրբազան գաղտնիքի մեջ է մտնում (Հայտնություն 14։1, 4)։
Համաձա՞յն ես, որ «Աստծու թագավորության սրբազան գաղտնիքը» ամենակարևոր գաղտնիքն է, որը երբևէ մարդիկ կարող են իմանալ։~ Ուրեմն որքան հնարավոր է շատ մարդկանց հայտնիր այդ գաղտնիքը։ Բայց որպեսզի կարողանաս այն բացատրել նրանց, այդ գաղտնիքի վերաբերյալ ամեն ինչ սովորիր։
^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։