Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինձ համար բարի է եղել Աստծուն մոտենալը

Ինձ համար բարի է եղել Աստծուն մոտենալը

ԻՆԸ տարեկանում աճս կանգնեց։ Դա 34 տարի առաջ էր, երբ ապրում էի Կոտ դ’Իվուարում։ Այժմ ընդամենը 1 մետր հասակ ունեմ։ Երբ պարզ դարձավ, որ այդ հասակին եմ մնալու, ծնողներս քաջալերեցին ինձ արտաքինիս մասին անընդհատ չմտածելու համար ծանր աշխատել։ Ես մրգի տաղավար դրեցի մեր տան առաջ ու այն մաքուր վիճակում էի պահում։ Դա գրավում էր շատ հաճախորդների։

Ինչ խոսք, ծանր աշխատանքը շատ բան չփոխեց։ Ես մնացի կարճահասակ, և նույնիսկ հասարակ բաները դժվարացնում էին կյանքս, օրինակ՝ ինձ համար բարձր էին խանութներում տեղադրված վաճառասեղանները։ Թվում էր՝ ամեն բան նախատեսված էր ինձնից հասակով գրեթե երկու անգամ բարձր մարդկանց համար։ Ինքս ինձ խղճում էի։ Բայց 14 տարեկանում այդ զգացումն անցավ, իսկ թե ինչի շնորհիվ, հիմա կպատմեմ։

Մի օր երկու Եհովայի վկա կանայք միրգ գնեցին և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին ինձ հետ։ Շուտով հասկացա, որ Եհովային ճանաչելը և նրա նպատակն իմանալը ավելի կարևոր են, քան իմ վիճակը։ Դա ինձ շատ օգնեց։ Սաղմոս 73։28-ը դարձավ իմ սիրելի համարը, որի առաջին մասն այսպես է հնչում. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը»։

Մեր ընտանիքը շատ անսպասելի տեղափոխվեց Բուրկինա Ֆասո, և իմ կյանքը կտրուկ փոխվեց։ Կոտ դ’Իվուարում մարդիկ սովոր էին ինձ տեսնել մրգի տաղավարի մոտ կանգնած։ Բայց նոր միջավայրում ես օտարական էի, իսկ շատերի համար՝ տարօրինակ։ Մարդիկ ապշահար նայում էին վրաս։ Այդ պատճառով շաբաթներով տնից դուրս չէի գալիս։ Բայց հիշեցի, թե ինձ համար որքան բարի է եղել Եհովային մոտենալը, և նամակ գրեցի Եհովայի վկաների մասնաճյուղ։ Ինձ այցելեց Նանի անունով մի միսիոներ։ Նա հենց այնպիսի անձնավորություն էր, որը կարող էր օգնել ինձ։

Նանին մոտոռոլեր ուներ, բայց քանի որ մեր ավազոտ փողոցները միշտ սայթաքուն էին, իսկ անձրևային սեզոններին՝ ցեխոտ, նա մեր տուն գալիս շատ անգամներ էր ընկել մոտոռոլերից, բայց շարունակել էր գալ։ Մի օր նա առաջարկեց իր հետ ժողովի հանդիպումների գնալ։ Հասկանում էի, որ դա նշանակում էր խիզախել, դուրս գալ տնից ու ճանապարհ գնալ մարդկանց սևեռուն հայացքների ներքո։ Բացի այդ, ես պետք է նստեի մոտոռոլերի հետնամասում, ինչը ավելորդ ծանրացնելու էր այն. առանց այդ էլ մոտոռոլերը դժվար էր վարել։ Այնուհանդերձ, համաձայնեցի՝ հիշելով իմ սիրած համարի երկրորդ մասը. «Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել»։

Ես և Նանին ճանապարհին երբեմն ընկնում էինք ցեխի մեջ, բայց արժեր նման բանի միջով անցնել ժողովի հանդիպումներին հասնելու համար։ Որքա՜ն էին տարբերվում Թագավորության սրահում գտնվող մարդկանց ուրախ ժպիտները ինձ բաժին ընկած սևեռուն հայացքներից։ Ինը ամիս անց մկրտվեցի։

Իմ սիրելի համարի երրորդ մասում ասվում է. «Որպեսզի հռչակեմ նրա բոլոր գործերի մասին»։ Գիտեի, որ ծառայությունը իմ ամենամեծ դժվարությունն է լինելու։ Դեռ չեմ մոռացել այն օրը, երբ առաջին անգամ քարոզեցի տնից տուն։ Մեծ ու փոքր խեթ-խեթ նայում էին, ընկնում էին հետևիցս ու իմ քայլելու տնազն էին անում։ Դա ինձ ցավ էր պատճառում, բայց անընդհատ հիշեցնում էի ինձ, որ նրանք, ինչպես և ես, շատ ունեն դրախտի կարիքը։ Ուստի շարունակում էի քարոզել։

Որպեսզի ինձ համար ծառայելը հեշտ լիներ, գնեցի ձեռքով կառավարվող եռանիվ հեծանիվ։ Զառիվեր ճանապարհներին ծառայակիցս հեծանիվը հրում էր դեպի վեր, հետո ցատկում էր դրա վրա, ու մենք ներքև էինք սլանում։ Այո՛, ծառայությունը, որը սկզբում դժվար էր, դարձավ մեծ ուրախության աղբյուր, ուստի 1998թ.-ին ռահվիրայություն սկսեցի։

Ես շատ Աստվածաշնչի ուսումնասիրություններ էի անցկացնում, որոնցից չորսը մկրտվեցին։ Բացի այդ, քույրերիցս մեկը նույնպես ընդունեց ճշմարտությունը։ Ինձ քաջալերում էր այն, որ լսում էի, թե ինչպես են ուրիշները առաջադիմում։ Եվ դա հատկապես լինում էր այն ժամանակ, երբ դրա կարիքը շատ էի ունենում։ Մի օր, երբ հիվանդ էի մալարիայով, Կոտ դ’Իվուարից նամակ ստացա։ Բուրկինա Ֆասոյում մի ուսանողի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն էի սկսել դռան առաջ և խնդրել էի, որ մի եղբայր շարունակեր այցելել նրան։ Հետագայում նա տեղափոխվել էր Կոտ դ’Իվուար։ Անչափ ուրախացա, երբ իմացա, որ նա դարձել է չմկրտված քարոզիչ։

Իսկ ինչպե՞ս էի հոգում կարիքներս։ Մի կազմակերպություն, որն օգնում էր հաշմանդամներին, ինձ կարել սովորելու առաջարկ արեց։ Ուսուցիչներից մեկը նկատեց իմ ջանասիրությունը աշխատանքի մեջ և ասաց. «Մենք քեզ պետք է օճառ պատրաստել սովորեցնենք»։ Ու սովորեցրին։ Ես տանը տնտեսական օճառ եմ պատրաստում։ Մարդկանց դուր է գալիս իմ օճառը և նույնիսկ առաջարկում են ուրիշներին։ Ինքս եմ այն առաքում իմ եռանիվ մոտոռոլերով։

Ցավոք, 2004թ.-ին դեֆորմացված ողնաշարիս ցավերն այնքան ուժգնացան, որ ստիպված եղա դադարեցնել ռահվիրայությունս։ Այնուհանդերձ, առայսօր լիարժեքորեն մասնակցում եմ ծառայությանը։

Մարդիկ ասում են, որ վարակիչ ժպիտ ունեմ։ Ես բոլոր պատճառներն ունեմ երջանիկ լինելու, քանի որ ինձ համար բարի է եղել Աստծուն մոտենալը։ Պատմեց Սառա Մայգան։