Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Արևմտյան Աֆրիկա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Արևմտյան Աֆրիկա

ՊԱՍԿԱԼԸ մեծացել է աղքատ թաղամասում (Կոտ դ’Իվուար)։ Փոքրուց երազում էր լավ կյանքով ապրել։ Նա սիրողական բռնցքամարտիկ էր և մտածում էր, թե որտեղ կարող է դառնալ սպորտի աստղ ու հարստանալ։ Երբ մոտ 25 տարեկան էր, Պասկալը եզրակացրեց, որ իր տեղը Եվրոպան է։ Բայց քանի որ փաստաթղթեր չուներ, միայն ապօրինի ճանապարհով կարող էր մտնել Եվրոպա։

1998թ.-ին Պասկալը, երբ 27 տարեկան էր, սկսեց իր ճանապարհորդությունը։ Նա անցավ Գանայի, Տոգոյի և Բենինի միջով ու հասավ Նիգերի Բիռնին Կոնի քաղաք։ Այստեղից սկսվելու էր նրա ճանապարհորդության ամենավտանգավոր հատվածը։ Հյուսիս գնալու համար Պասկալը պետք է բեռնատարով անցներ Սահարա անապատը։ Հետո հասնելով Միջերկրական ծով՝ նա Եվրոպա գնացող նավ էր նստելու։ Սա էր Պասկալի ծրագիրը։

Բայց նա այդպես էլ չիրագործեց այն։ Նախ՝ նրա փողը վերջացավ, և երկրորդ՝ Պասկալը հանդիպեց Նոե անունով մի ռահվիրայի և սկսեց նրա օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Պասկալը խորապես տպավորվեց իր սովորածից և փոխեց կյանքի վերաբերյալ իր տեսակետը։ Նրա նյութական նպատակները փոխարինվեցին հոգևոր նպատակներով։ 1999թ. դեկտեմբերին Պասկալը մկրտվեց։ Իր երախտագիտությունը Եհովային ցույց տալու համար նա 2001թ.-ին սկսեց ռահվիրա ծառայել Բիռնին Կոնիում, հենց այն քաղաքում, որտեղ լսել էր ճշմարտությունը։ Պասկալն իր ծառայության մասին ասում է. «Ես վայելում եմ կյանքը»։

ՆՐԱՆՔ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԸ... ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

Էնե-Ռաքել

Պասկալի նման՝ շատերն են զգացել, որ կյանքը վայելում ես այն ժամանակ, երբ կենտրոնանում ես հոգևոր նպատակների վրա։ Այդ նպատակներին հասնելու համար ոմանք թողել են Եվրոպան ու տեղափոխվել Աֆրիկա, որպեսզի ծառայեն այն տարածքներում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Մոտ 65 Վկաներ (17–70 տարեկան) Եվրոպայից տեղափոխվել են Արևմտյան Աֆրիկա՝ Բենին, Բուրկինա Ֆասո, Նիգեր և Տոգո *։ Ի՞նչն է մղել մեր այս հավատակիցներին այդ մեծ քայլը կատարելու, և ի՞նչ արդյունքների են նրանք հասել։

Էնե-Ռաքելը (Դանիա) պատմում է. «Ծնողներս միսիոներ են ծառայել Սենեգալում։ Նրանք միշտ հիացմունքով էին խոսում միսիոներական կյանքի մասին, ուստի ես էլ ցանկացա այդպիսի կյանքով ապրել»։ Մոտ 15 տարի առաջ Էնե-Ռաքելը (այդ ժամանակ 20-ն անց էր) տեղափոխվեց Տոգո։ Այստեղ նա ծառայում է ժեստերի լեզվով ժողովում։ Քրոջ այս քայլը ոգևորեց ուրիշներին։ Նա ասում է. «Հետագայում փոքր քույրս և եղբայրս նույնպես տեղափոխվեցին Տոգո»։

Ալբեր-Ֆեյեթ և Օրել

70-ամյա ամուսնացած եղբայր Օրելը (Ֆրանսիա) ասում է. «Հինգ տարի առաջ, երբ դարձա թոշակառու,  երկու ընտրություն ունեի. ապրել հանգիստ կյանքով Ֆրանսիայում՝ սպասելով Դրախտին, կամ ընդլայնել ծառայությունս»։ Եղբայրը ընտրեց երկրորդը։ Մոտ երեք տարի առաջ նա և իր կինը՝ Ալբեր-Ֆեյեթը, տեղափոխվեցին Բենին։ Օրելն ասում է. «Մեր անձը տրամադրելով սուրբ ծառայությանը այստեղ՝ մենք արել ենք լավագույն բանը, որ երբևէ կարող էինք անել»։ Հետո ժպտալով ավելացնում է. «Այնպես է ստացվել, որ ծառայում ենք այնպիսի տարածքում, որի որոշ ափամերձ հատվածներ այնքան գեղեցիկ են, որ դրախտ են հիշեցնում»։

Կլոդոմիրը և նրա կինը՝ Լիսիանը, 16 տարի առաջ Ֆրանսիայից տեղափոխվեցին Բենին։ Սկզբում նրանք շատ էին կարոտում Ֆրանսիայում գտնվող իրենց ընտանիքի անդամներին ու ընկերներին և վախենում էին, որ երբեք չեն կարողանա հարմարվել նոր կյանքին։ Բայց նրանք իզուր էին մտահոգվում։ Այս ամուսինները բազմաթիվ ուրախություններ տեսան Բենինում։ Կլոդոմիրն ասում է. «Այս 16 տարիների ընթացքում մենք ամեն տարի առանձնաշնորհում ենք ունեցել օգնելու միջին հաշվով մեկ հոգու»։

Լիսիանը և Կլոդոմիրը այն մարդկանցից մի քանիսի հետ, ում սովորեցրել են ճշմարտությունը

Ժոանա և Սեբաստիան

Սեբաստիանը և նրա կինը՝ Ժոանան, 2010թ.-ին Ֆրանսիայից տեղափոխվեցին Բենին։ «Այնքա՜ն շատ բան կա անելու ժողովում,— ասում է Սեբաստիանը։— Այստեղ ծառայելը նման է արագացված աստվածապետական դասընթաց անցնելուն»։ Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում բարի լուրին։ Ժոանան ասում է. «Մարդիկ ճշմարտության ծարավ են։ Նրանք իրենք են մեզ փողոցում կանգնեցնում, որպեսզի հարցեր տան Աստվածաշնչից և գրականություն վերցնեն»։ Ինչպե՞ս է տեղափոխությունը ազդել նրանց փոխհարաբերությունների վրա։ Սեբաստիանը նշում է. «Դա ամրացրել է մեր կապը։ Մեծ հաճույք եմ ստանում՝ ամբողջ օրը ծառայելով կնոջս հետ»։

Էրիկը և նրա կինը՝ Քետին, ռահվիրաներ են Բենինի ոչ խիտ բնակեցված հյուսիսային շրջանում։ Մոտ տասը տարի առաջ, երբ դեռ ապրում էին Ֆրանսիայում, նրանք սկսեցին կարդալ հոդվածներ այն Վկաների մասին, որոնք ծառայում էին այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կար։ Նրանք նաև զրուցում էին լիաժամ ծառայողների հետ։ Էրիկն ու Քետին լցվեցին արտասահման տեղափոխվելու ցանկությամբ, ինչը և իրագործեցին 2005թ.-ին։ Այն աճը, որ ամուսինները տեսան նոր վայրում, ապշեցուցիչ էր։ Էրիկն ասում է. «Երկու տարի առաջ Տանգիետա քաղաքի մեր խմբում կար ընդամենը 9 քարոզիչ. այժմ կա 30 քարոզիչ։ Կիրակի օրերին 50–80 մարդ է ներկա լինում հանդիպմանը։ Մենք աննկարագրելի ուրախություն ենք զգում՝ տեսնելով այս աճը»։

Քետի և Էրիկ

ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԴՐԱՆՔ

Բենիամին

Ի՞նչ դժվարությունների են բախվում Աֆրիկա տեղափոխված քարոզիչները։ Բենիամինը, որը 33 տարեկան  է, Էնե-Ռաքելի եղբայրն է։ 2000թ.-ին Դանիայում նա հանդիպեց մի միսիոների, որը ծառայում էր Տոգոյում։ Բենիամինը հիշում է. «Երբ նրան ասացի, որ ուզում եմ ռահվիրա ծառայել, նա պատասխանեց. «Գիտե՞ս, կարող ես ռահվիրա ծառայել Տոգոյում»»։ Բենիամինը մտածեց նրա խոսքերի շուրջ։ Եղբայրն ասում է. «Այդ ժամանակ 20 տարեկան էլ չկայի, բայց քանի որ երկու քույրերս այնտեղ էին ծառայում, ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ տեղափոխվել Տոգո»։ Բենիամինը մեկնեց այդ երկիր։ Բայց ուրիշ դժվարություն էլ կար։ Նա ասում է. «Ես ֆրանսերեն մի բառ անգամ չգիտեի։ Առաջին վեց ամիսները շատ դժվար էին, որովհետև չէի կարողանում մարդկանց հետ խոսել»։ Ժամանակի ընթացքում Բենիամինը սովորեց լեզուն։ Եղբայրն այժմ ծառայում է Բենինի Բեթելում. նա առաքում է գրականություն և օգնում է համակարգչային բաժնին։

Միշել և Մարի-Անյես

Էրիկն ու Քետին, որոնց մասին նշվեց վերևում, նախքան Բենին տեղափոխվելը ծառայեցին օտարախոս դաշտում Ֆրանսիայում։ Իսկ ինչպիսի՞ն էր կյանքը Արևմտյան Աֆրիկայում։ Քետին ասում է. «Հեշտ չէր ապրելու հարմար տեղ գտնելը։ Ամիսներ շարունակ ապրեցինք մի տան մեջ, որտեղ էլեկտրականություն և հոսող ջուր չկային»։ Էրիկն ավելացնում է. «Դրսում մինչև ուշ գիշեր շատ բարձր երաժշտություն էր հնչում։ Պետք է համբերատար լինես նման բաների նկատմամբ ու հարմարվես»։ Սակայն երկուսն էլ ասում են. «Այս տարածքում բարի լուրը գրեթե չի քարոզվել, ուստի ծառայելը բերում է մի ուրախություն, որը ստվերում է թողնում բոլոր դժվարությունները»։

Միշելն ու Մարի-Անյեսը 60-ին մոտ ամուսիններ են (Ֆրանսիա)։ Մոտ հինգ տարի առաջ նրանք տեղափոխվեցին Բենին։ Սկզբնական շրջանում, սակայն, նրանք անհանգիստ էին։ Ինչո՞ւ։ Միշելն ասում է. «Ոմանք մեր տեղափոխությունը համեմատեցին լարի վրայով սայլակով անցնելու հետ, ընդ որում մենք ոչ թե լարախաղացն էինք, այլ սայլակում նստածները։ Դա կարող է ահուսարսափի մեջ գցել քեզ, եթե մոռանաս, որ լարախաղացը Եհովան է։ Ուստի մենք տեղափոխվեցինք Եհովայի համար ու Եհովայի հետ»։

ԻՆՉՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Նրանք, ովքեր փորձ ունեն ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, շեշտում են նախապատրաստվելու կարևորությունը. հարկավոր է պլանավորել, սովորել հարմարվել, նախատեսածից ավելի փող չծախսել ու Եհովային ապավինել (Ղուկ. 14։28–30

Սեբաստիանը, որի մասին խոսվեց վերևում, պատմում է. «Նախքան տեղափոխվելը ես ու Ժոանան երկու տարի խնայողություն արեցինք. մենք կրճատեցինք ժամանցին հատկացվող ծախսերը և չարեցինք անտեղի գնումներ»։ Իսկ որպեսզի շարունակեին արտասահմանում ծառայել, նրանք ամեն տարի մի քանի ամիս աշխատում էին Եվրոպայում։ Այդպես կարողանում էին տարվա մնացած մասը Բենինում ծառայել ռահվիրա։

Մարի-Թերեզը

 Մոտ 20 ամուրի քույրեր Արևմտյան Աֆրիկա են եկել, որպեսզի ծառայեն այնտեղ, որտեղ կարիք կա, և Մարի-Թերեզը նրանցից մեկն է։ Քույրը Ֆրանսիայում ավտոբուսի վարորդ էր աշխատում։ 2006թ.-ին նա որոշեց մեկ տարով գնալ Նիգեր՝ ռահվիրա ծառայելու։ Այստեղ, շատ չանցած, Մարի-Թերեզը հասկացավ, որ հենց այսպիսի կյանքով է ուզում ապրել։ Քույրն ասում է. «Ֆրանսիա վերադառնալուց հետո գործատիրոջս ասացի, որ ցանկանում եմ աշխատանքային գրաֆիկս փոխել։ Նա համաձայնվեց։ Հիմա մայիսից մինչև օգոստոս ավտոբուսի վարորդ եմ աշխատում Ֆրանսիայում, իսկ սեպտեմբերից մինչև ապրիլ ռահվիրա եմ ծառայում Նիգերում»։

Սաֆիրա

Նրանք, ովքեր «նախ Թագավորությունն են փնտրում», կարող են վստահ լինել, որ Եհովան իրենց կապահովի ամեն անհրաժեշտ բաներով (Մատթ. 6։33)։ Ահա մի օրինակ։ Սաֆիրան, որը մոտ 30 տարեկան ամուրի քույր է (Ֆրանսիա), ռահվիրա է ծառայում Բենինում։ 2011թ.-ին նա վերադարձել էր Ֆրանսիա, որպեսզի փող աշխատի ու ևս մեկ տարի մնա Աֆրիկայում (դա վեցերորդ տարին էր լինելու)։ Քույրը պատմում է. «Ուրբաթ էր՝ իմ վերջին աշխատանքային օրը։ Բայց կարիք ունեի ևս տասը օր աշխատելու, որպեսզի բավականաչափ գումար ունենամ, ընդ որում ես երկու շաբաթից պետք է Ֆրանսիայից մեկնեի։ Աղոթեցի Եհովային՝ խոսելով իրավիճակիս մասին։ Դրանից կարճ ժամանակ անց աշխատանքի ապահովման գործակալությունից զանգեցին ու հարցրին, թե կարող եմ արդյոք երկու շաբաթով մեկին փոխարինել»։ Երկուշաբթի Սաֆիրան գնաց նոր աշխատավայր, որպեսզի աշխատանքը սովորի այն կնոջից, որին փոխարինելու էր։ Քույրը պատմում է. «Որքա՜ն մեծ էր զարմանքս, երբ իմացա, որ այդ կինը մեր քույրն է. նա կարիք ուներ տասը օրով գործից բացակայելու, որպեսզի սովորի Ռահվիրայական ծառայության դպրոցում։ Գործատերը թույլ չէր տալու նրան բացակայել աշխատանքից, եթե քույրը փոխարինող չգտներ։ Մեր այդ քույրը աղաչել էր Եհովային, որ օգնի։ ...Նույն բանը ես էի արել»։

ԻՍԿԱԿԱՆ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Տարբեր երկրներից եկած եղբայրներից ու քույրերից ոմանք երկար տարիներ ծառայում են Արևմտյան Աֆրիկայում և այն իրենց տունն են դարձրել։ Մյուսներն էլ կարողացել են մնալ միայն մի քանի տարի և վերադարձել են իրենց երկիր։ Բայց այն քարոզիչները, ովքեր նախկինում ծառայել են այնտեղ, որտեղ կարիք կա, նույնիսկ այսօր շարունակում են զգալ արտասահմանում ծառայելու օգուտները։ Նրանք հասկացել են, որ կյանքից իսկական բավականություն ստանում ես այն ժամանակ, երբ ծառայում ես Եհովային։

^ պարբ. 6 Բենինի մասնաճյուղը վերահսկում է աստվածապետական գործունեությունը այս չորս երկրներում, որտեղ ֆրանսերեն են խոսում։