Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Նավթով սնվող միկրոօրգանիզմներ

Նավթով սնվող միկրոօրգանիզմներ

ՄՈՏ հինգ միլիոն բարել (800 միլիոն լիտր) նավթ լցվեց Մեքսիկական ծոց, երբ 2010թ.-ին պայթեց այնտեղ գտնվող նավթահանման հարթակը։ Ամիսներ անց նավթային շերտի մեծ մասը վերացել էր։ Ինչպե՞ս էր դա եղել։

Նկատի առնենք հետևյալը։ Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ծովային մանրէների մի քանի տեսակներ կարողանում են կազմալուծել նավթի մեջ առկա ածխածնի ատոմների երկար շղթաները։ Բնապահպան, միկրոկենսաբան պրոֆեսոր Թերրի Հեյզենը այդ միկրոօրգանիզմներին անվանել է «նավթ փնտրող հրթիռներ»։ Մասամբ այս օրգանիզմների շնորհիվ է մաքրվել Մեքսիկական ծոցի նավթային շերտը։

Այդ թեմայի վերաբերյալ Բի-Բի-Սի-ի (BBC) մի հաշվետվության մեջ ասվում է. «Զարմանալի չէ, որ օվկիանոսի ջրերում բնակվում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ։ [Չէ՞ որ դարեր շարունակ] համաշխարհային օվկիանոսի հատակից միշտ էլ նավթի բնական արտահոսքեր են տեղի ունեցել»։

Ճիշտ է, մարդկանց հիմնականում հաջողվում է մաքրել նավթային շերտերը, սակայն այդ հարցում նրանց ձեռնարկած միջոցները հաճախ ավելի շատ վնաս են բերում քան օգուտ։ Նավթի շերտերը քայքայող քիմիական լուծիչները խոչընդոտում են նավթի տարրալուծման և քայքայման բնական պրոցեսները։ Բացի դրանից, այդ քիմիական նյութերը թունավոր են և մնայուն բացասական հետևանքներ են թողնում շրջակա միջավայրի վրա։ Մինչդեռ նավթը քայքայող բնական պրոցեսների, ինչպես նաև նավթով սնվող մանրէների շնորհիվ օվկիանոսը մաքրում է ինքն իրեն առանց բացասական հետևանքների։ *

Ի՞նչ եք կարծում։ Նավթով սնվող ծովային միկրոօրգանիզմները էվոլյուցիայի՞ արդյունք են, թե՞ ծրագրված են եղել։

^ պարբ. 6 Դեռևս հստակ չենք կարող ասել, թե Մեքսիկական ծոցում տեղի ունեցած պատահարը ինչ հետևանքներ կթողնի ծովի կենդանական և բուսական աշխարհի վրա։