Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

Ինչպես զիջումներ անել

Ինչպես զիջումներ անել

ԽՆԴԻՐ

Դուք և ձեր կողակիցը տարբեր տեսակետ ունենք ինչ-որ հարցի վերաբերյալ։ Խնդրի լուծման առնվազն երեք տարբերակ կա.

  1. Դուք կարող եք համառորեն պնդել, մինչև որ ձեր ուզածին հասնեք։

  2. Դուք կարող եք դժկամությամբ համաձայնվել, որ ձեր կողակցի ուզածը լինի։

  3. Երկուսդ էլ կարող եք զիջումներ անել։

Գուցե ասեք. «Բայց զիջումներ անելը լավ տարբերակ չէ, քանի որ այդ դեպքում մեզանից ոչ ոք իր ուզածը չի ստանա»։

Մի՛ մտածեք, թե զիջումներ անելով՝ երկուսդ էլ դժգոհ կմնաք։ Դժգոհ չեք մնա, եթե ճիշտ ձևով զիջեք։ Սակայն նախքան կքննենք, թե ինչպես է պետք զիջումներ անել, նկատի առնենք զիջելու հետ կապված որոշ կարևոր մանրամասնություններ։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Երկուսդ էլ պետք է ջանքեր թափեք։ Նախքան ամուսնանալը դուք թերևս ինքնուրույն էիք որոշումներ կայացնում։ Սակայն այժմ հանգամանքները փոխվել են, և երկուսդ էլ պետք է ձեր փոխհարաբերությունները վեր դասեք ձեր նախասիրություններից։ Ձեր նոր հանգամանքները խոչընդոտ համարելու փոխարեն՝ մտածեք, թե ինչ առավելություններ ունեք այժմ։ Ալեքսանդրա անունով մի կին ասում է. «Համատեղելով երկու անձանց առաջարկած տարբերակները՝ կարելի է ավելի լավ լուծում գտնել, քան միայնակ որոշում կայացնելու դեպքում»։

Պետք է պատրաստ լինեք լսելու։ «Պարտադիր չէ, որ դուք համաձայն լինեք ձեր կողակցի տեսակետի կամ ամեն ասածի հետ, բայց պետք է անկեղծորեն ցանկանաք լսել և հաշվի առնել նրա տեսակետը,— գրում է ընտանեկան խորհրդատու Ջոն Գոտմանը։— Երբ ձեր կողակիցը փորձում է քննարկել խնդիրը, իսկ դուք ձեր կեցվածքով ու գլխի շարժումներով ցույց եք տալիս, որ համաձայն չեք նրա հետ (կամ մտքում եք այդպես որոշել), ապա ձեր զրույցը ոչ մի արդյունք չի տա» *։

Պետք է անձնազոհ լինեք։ Ոչ ոք չի ցանկանա ապրել մեկի հետ, ով մտածում է, թե միայն իր տարբերակն է լավագույնը, և իր կողակիցը պետք է ընդունի այն։ Ընտանեկան կապը ավելի ամուր կլինի, եթե երկու կողմերն էլ անձնազոհ ոգի ցուցաբերեն։ «Լինում է ժամանակ, երբ ես եմ զիջում, որ ուրախացնեմ ամուսնուս, երբեմն էլ նա է այդպես վարվում,— ասում է Ջուն անունով մի կին։— Հենց այդպիսի փոխհարաբերություններ պետք է ունենան ամուսինները. պետք է և՛ տալ, և՛ ստանալ, ոչ թե միայն ստանալ»։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Ճիշտ ձևով ու տոնով սկսեք զրույցը։ Ինչ ձևով ու տոնով սկսվում է զրույցը, հաճախ այդպիսի տոնով էլ ավարտվում է։ Եթե զրույցը սկսում եք կոպիտ խոսքերով, հավանականությունը քիչ է, որ փոխհամաձայնության կգաք՝ պահպանելով խաղաղ մթնոլորտ։ Ուստի հետևեք աստվածաշնչյան հետևյալ խորհրդին. «Հագեք խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը» (Կողոսացիներ 3։12)։ Այդ հատկությունները կօգնեն ձեզ ու ձեր կողակցին, որ խուսափեք վեճից և փորձեք լուծել խնդիրը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 4։6։

Ընդհանուր եզրեր փնտրեք։ Եթե փորձում եք զիջումներ անել, բայց ձեր զրույցը միայն թեժ վեճի է վերածվում, պատճառը թերևս այն է, որ դուք և ձեր կողակիցը ավելի շատ կենտրոնանում եք հարցի այն կողմերի վրա, որոնց վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեք։ Փոխարենը՝ կենտրոնացեք այն կողմերի վրա, որոնց վերաբերյալ նույն կարծիքն ունենք։ Ընդհանուր եզրեր գտնելու համար փորձեք հետևյալը.

Թող ձեզանից յուրաքանչյուրը երկու սյունակով ցուցակ կազմի։ Մի սյունակում գրեք, թե տվյալ իրավիճակում ո՛ր հարցերն են ձեզ ամենից շատ անհանգստացնում։ Մյուս սյունակում գրեք, թե ո՛ր հարցերում կարող եք զիջումներ անել։ Ապա միասին քննարկեք ձեր կազմած ցուցակները։ Գուցե նկատեք, որ ավելի շատ հարցերում եք համամիտ, քան կարծում էիք։ Այդ դեպքում զիջումներ անելը այդքան էլ դժվար չի լինի։ Սակայն նույնիսկ եթե շատ հարցերում համամիտ չեք, խնդրի բոլոր կողմերը գրի առնելով՝ դուք և ձեր կողակիցը կկարողանաք ավելի հստակ պատկերացնել իրավիճակը։

Միասին լուծում փնտրեք։ Որոշ հարցեր համեմատաբար հեշտ է լուծել։ Իսկ բարդ հարցերի համար ամուսինն ու կինը կարող են, միասին խորհրդակցելով, լուծում գտնել, ինչը կամրացնի նրանց փոխհարաբերությունները։ Այդպես նրանք գուցե այնպիսի լուծում գտնեն, որ իրարից անկախ որոշում կայացնելու դեպքում թերևս չգտնեին։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 4։9։

Պատրաստ եղեք փոխելու ձեր տեսակետը։ Աստվածաշունչն ասում է. «Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։ Երբ կողակիցները սիրում ու հարգում են իրար, պատրաստ են լինում հաշվի առնելու միմյանց տեսակետը և անգամ փոխելու իրենց կարծիքը։ Կամերոն անունով մի մարդ ասում է. «Որոշ բաներ նախկինում գուցե այդքան էլ չես սիրել, սակայն կողակցիդ շնորհիվ ժամանակի ընթացքում թերևս սկսես սիրել»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ծննդոց 2։18։

^ պարբ. 12 «The Seven Principles for Making Marriage Work».