Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հույս, որն ինձ կրկին կյանք տվեց

Հույս, որն ինձ կրկին կյանք տվեց

Հանկարծ հասկացա, որ երեսնիվայր պառկած եմ ջրի վրա։ Փորձեցի բարձրացնել գլուխս, որ կարողանամ շնչել, բայց պարանոցիս մկանները չէին ենթարկվում ինձ։ Սարսափած՝ փորձեցի շրջվել, բայց ոտքերս ու ձեռքերս չէին շարժվում։ Թոքերիս մեջ սկսեց ջուր լցվել։ Այդ օրը կյանքս կտրուկ փոխվեց։

ԵՍ ԾՆՎԵԼ եմ Հունգարիայի Սերենչ քաղաքում և մեծացել եմ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Տիսալադանի գյուղում։ 1991թ. հունիսին մի քանի ընկերներով գնացինք լողալու Տիսա գետի մի անծանոթ հատվածում։ Ես գլխիվայր ջուրը նետվեցի՝ կարծելով, թե գետը խորն է։ Դա մեծ սխալ էր իմ կողմից։ Ողնուղեղի վնասվածք ստացա, նաև պարանոցիս երեք ողերը կոտրվեցին։ Երբ ընկերս տեսավ, որ չեմ շարժվում, զգուշությամբ ինձ բարձրացրեց ու դուրս հանեց ջրից, որ չխեղդվեմ։

Գիտակցությունս չէի կորցրել ու հասկանում էի, որ լուրջ վնասվածք եմ ստացել։ Ինչ-որ մեկը շտապօգնություն կանչեց, և ինձ ուղղաթիռով տարան հիվանդանոց, որտեղ վիրահատեցին ողնաշարս։ Ավելի ուշ ինձ տեղափոխեցին մայրաքաղաք Բուդապեշտ, որ այնտեղ վերականգնողական բուժում ստանամ։ Ես երեք ամիս պառկած մնացի մեջքի վրա։ Թեև կարողանում էի գլուխս շարժել, բայց ուսերիցս ներքև ոչ մի մկան չէր աշխատում։ Ընդամենը 20 տարեկան էի, բայց արդեն լիովին կախվածության մեջ էի ուրիշներից։ Այնքան ընկճված էի, որ ապրել չէի ուզում։

Վերջապես տուն վերադարձա։ Ծնողներս հատուկ դասընթաց անցան, որ կարողանան հոգ տանել իմ մասին։ Բայց ինձ խնամելը նրանց համար ծանր էր թե՛ ֆիզիկական, թե՛ զգացական առումով։ Մոտ մեկ տարի անց ես ընկա դեպրեսիայի մեջ։ Սակայն մասնագետների օգնությամբ կարողացա փոխել վերաբերմունքս իմ առողջական վիճակի հանդեպ։

Սկսեցի ավելի հաճախ մտածել, թե որն է կյանքի իմաստը, և թե ինչու ինձ այսպիսի դժբախտություն պատահեց։ Ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու համար շատ ամսագրեր ու գրքեր էի կարդում։ Նաև փորձեցի կարդալ Աստվածաշունչը, բայց շատ դժվար էր հասկանալ այն։ Ուստի չշարունակեցի ընթերցել։ Նույնիսկ զրուցեցի քահանայի հետ, բայց նրա տված պատասխանները չգոհացրին ինձ։

1994թ. գարնանը երկու Եհովայի վկա այցելեցին հորս, և նա խնդրեց նրանց, որ զրուցեն ինձ հետ։ Նրանք ասացին ինձ, որ Աստված երկիրը վերածելու է դրախտի և վերացնելու է հիվանդությունն ու տառապանքը։ Այդ ամենը հաճելի էր լսել, բայց դժվարանում էի հավատալ, որ դա իրականություն կդառնա։ Այդուամենայնիվ, նրանցից երկու գիրք վերցրի, որոնց օգնությամբ կարող էի ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը։ Ես կարդացի այդ գրքերը։ Հետո Վկաներն ինձ առաջարկեցին ուսումնասիրել Աստվածաշունչը, և ես սիրով համաձայնեցի։ Նրանք նաև հորդորում էին, որ աղոթեմ։

Համոզվեցի, որ Աստված իսկապես հոգ է տանում իմ մասին

Մեր քննարկումների ընթացքում ինձ հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները ստանում էի հենց Աստվածաշնչից։ Համոզվեցի, որ Աստված իսկապես հոգ է տանում իմ մասին։ Երկու տարի Աստվածաշունչն ուսումնասիրելուց հետո՝ 1997թ. սեպտեմբերի 13-ին, ես մկրտվեցի մեր տան լոգարանում։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից էր։

2007թ.-ին տեղափոխվեցի հաշմանդամների տուն, որը գտնվում է Բուդապեշտում։ Այստեղ շատ առիթներ եմ ունենում ուրիշներին պատմելու իմ սովորած հրաշալի բաների մասին։ Ես ունեմ շարժիչով աշխատող՝ հաշմանդամի սայլակ, որը ղեկավարում եմ կզակով։ Լավ եղանակին նույնիսկ կարողանում եմ դուրս գնալ և խոսել մարդկանց հետ։

Նաև իմ ժողովից մի ընտանիք ինձ գումար նվիրեց, և ես գնեցի այնպիսի մի նոութբուք, որն աշխատում է գլխի շարժումներով։ Այդ համակարգչի շնորհիվ կարողանում եմ ինտերնետով զանգահարել մարդկանց, ինչպես նաև նամակներ գրել այն բնակիչներին, ովքեր տանը չեն եղել, երբ մեր ժողովի անդամները այցելել են նրանց։ Այդպես ուրիշներին օգնելով՝ սկսել եմ ավելի լավ հաղորդակցվել մարդկանց հետ և այլևս շատ չեմ կենտրոնանում իմ անձի վրա։

Հատուկ համակարգչի օգնությամբ աստվածաշնչյան լուրը հայտնում եմ մարդկանց

Ես նույնիսկ կարողանում եմ ներկա լինել քրիստոնեական հանդիպումներին։ Երբ գալիս եմ Թագավորության սրահ, հավատակիցներս ինձ սայլակով բարձրացնում են վերևի հարկ, որտեղ տեղի է ունենում հանդիպումը։ Հանդիպման ժամանակ, երբ ունկնդիրները հրավիրվում են մեկնաբանություններ տալու, կողքիս նստած եղբայրը իմ փոխարեն ձեռք է բարձրացնում։ Եվ երբ ես մեկնաբանություն եմ տալիս, նա պահում է իմ Աստվածաշունչը և ուսումնասիրության ձեռնարկը։

Ես ժամանակ առ ժամանակ վհատվում եմ, քանի որ միշտ ցավեր եմ ունենում, և գրեթե ամեն բան ուրիշներն են անում իմ փոխարեն։ Բայց մխիթարվում եմ՝ իմանալով, որ Եհովան՝ իմ ընկերը, լսում է ինձ, երբ սիրտս բացում եմ նրա առաջ։ Նաև զորանում եմ՝ Աստվածաշունչն ամեն օր ընթերցելով, ինչպես նաև հոգևոր քույրերիս ու եղբայրներիս հետ շփվելով։ Նրանց ընկերակցության, աջակցության և ինձ համար արված աղոթքների շնորհիվ կարողանում եմ մտային ու զգացական հավասարակշռություն պահպանել։

Այո՛, Եհովան ինձ մխիթարություն տվեց հենց այն ժամանակ, երբ ամենից շատ ունեի դրա կարիքը։ Նա նաև ինձ տվեց հիանալի հույս, որ կապրեմ նոր աշխարհում և կունենամ կատարյալ առողջություն։ Անհամբերությամբ սպասում եմ այն ժամանակին, երբ կկարողանամ «քայլել, ցատկոտել ու Աստծուն գովաբանել» իր անսահման սիրո ու բարության համար (Գործեր 3։6–9