Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարեկից եղեք

Կարեկից եղեք

Ինչու

Եթե անդադար կենտրոնանանք այն բանի վրա, թե ուրիշները ինչով են տարբերվում մեզանից, հնարավոր է՝ սկսենք այդ տարբերությունները թերություններ համարել։ Արդյունքում գուցե նույնիսկ եզրակացնենք, թե նրանցից ավելի լավն ենք։ Եթե թույլ տանք, որ մեր մեջ այդպիսի բացասական վերաբերմունք զարգանա, մեզ համար դժվար կլինի կարեկից լինել։ Իսկ եթե մարդ դժվարանում է կարեկից լինել, դա կարող է վկայել, որ նրա սիրտն ախտահարված է նախապաշարում կոչված վիրուսով։

Աստվածաշնչյան սկզբունք

«Ուրախացողների հետ ուրախացեք, լաց լինողների հետ լաց եղեք» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։15

Ինչ են նշանակում այս խոսքերը։ Այս հորդորը կարելի է ամփոփել երկու բառով՝ կարեկից եղեք։ Կարեկից մարդը կարողանում է մտնել դիմացինի դրության մեջ և զգալ այն, ինչ նա է զգում։

Կարեկցանքն ինչով է օգնում

Եթե մտնենք դիմացինի դրության մեջ, կնկատենք, որ նրա հետ բավականին ընդհանրություններ ունենք, որ եթե այս կամ այն դեպքում նրա տեղը լինեինք, մենք էլ նույն ձևով կարձագանքեինք։ Կարեկցանքը կօգնի տեսնել, որ բոլորս էլ, անկախ մեր ազգությունից, մի ընտանիք ենք։ Որքան շատ կենտրոնանանք միմյանց ընդհանրությունների վրա, այնքան քիչ հավանական է, որ բացասաբար կտրամադրվենք մեկս մյուսի նկատմամբ։

Կարեկցանքը նաև օգնում է հարգել մյուսներին։ Սենեգալում բնակվող Ան-Մարին վերևից էր նայում այն մարդկանց, ովքեր, այսպես ասած, ցածր խավից էին։ Նա պատմում է, թե կարեկցանքն ինչպես օգնեց իրեն. «Երբ տեսա՝ այդ մարդիկ ինչպիսի տառապանքներ են կրում, ինքս ինձ հարցրի, թե ինչ կզգայի, եթե ե՛ս այդ վիճակում լինեի։ Ու հասկացա, որ անմտություն է կարծել, թե նրանցից ինչ-որ բանով ավելի լավն եմ։ Ես ոչինչ չէի արել, որ վաստակեի իմ բարեկեցիկ կյանքը»։ Այո՛, եթե ձգտենք հասկանալ, թե ինչ դժվարություններ են կրում մարդիկ, հակված կլինենք ոչ թե քննադատելու, այլ կարեկցելու նրանց։

Ինչ կարող եք անել

Փորձեք ակնհայտ տարբերություններից ավելին տեսնել. նկատեք նմանությունները, որ կան ձեր ու այն մարդկանց միջև, որոնց հանդեպ բացասական տրամադրվածություն ունեք։ Օրինակ՝ պատկերացրեք, թե ինչ են զգում նրանք, երբ...

Կարեկցանքն օգնում է գիտակցել, որ բոլորս էլ մարդկային մեծ ընտանիքի անդամներ ենք

  • ընտանիքով ճաշում են

  • ծանր աշխատանքային օրվա վերջում տուն են գնում

  • ժամանակ են անցկացնում ընկերների հետ

  • իրենց սիրած երաժշտությունն են լսում

Այժմ ձեզ դրեք նրանց տեղը և հարցրեք ինքներդ ձեզ.

  • «Ի՞նչ կզգամ, եթե ինչ-որ մեկը նվաստացնի ինձ»։

  • «Ի՞նչ կզգամ, եթե ուրիշները առանց ինձ ճանաչելու դատողություններ անեն իմ մասին»։

  • «Եթե այդ մարդկանց խմբից լինեի, ինչպե՞ս կուզենայի, որ մարդիկ վարվեին ինձ հետ»։