Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Երկինք

Երկինք

Երկնքի մասին կարծիքներն ու ենթադրությունները բազմազան են։ Այս թեման դարձել է նաև թեժ բանավեճերի առարկա։ Այդուհանդերձ, այն, ինչ հայտնում է Աստվածաշունչը երկնքի մասին, զգալիորեն տարբերվում է այն ամենից, ինչ սովորել են շատերը։

Ի՞նչ է երկինքը

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

Երկնքի և նրա դերի մասին տարբեր հավատալիքներ կան։ Օրինակ՝

  • Իրենց քրիստոնյա համարող մարդկանցից շատերը համաձայն են «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» նշված այն մտքի հետ, որ երկինքը «Տիրոջը հավատարիմ նահատակների վերջին հանգրվանն է»։

  • Հուդայականությունը ներկայիս կյանքի վրա ավելի շատ է կենտրոնանում, քան հանդերձյալ կյանքի՝ համաձայն ռաբբի Բենտզոն Կրավիցի։ Բայց նա առաջ է քաշում նաև այն միտքը, թե «երկնքում հոգին ապրում է գերագույն բերկրանքը, քանի որ ըմբռնում և զգում է Աստծու ներկայությունը առավել, քան երբևէ»։ Կրավիցն ընդունում է, սակայն, որ «թեև հուդայականությունը հավատում է երկնային կյանքին, Թորայում քիչ է խոսվում դրա մասին»։

  • Հնդուականները և բուդդայականները հավատում են, որ երկնքում կան ոգեղեն տարբեր աստիճաններ։ Այն ժամանակավոր տեղ է, որից հետո մարդը կա՛մ վերածնվում է, կա՛մ հասնում է նիրվանայի ու միանում Բուդդային, ինչը ավելի բարձր է, քան երկինքը։

  • Ոմանք մերժում են երկնքի մասին կրոնական ցանկացած գաղափար՝ ասելով, որ այն ամբողջությամբ մանկական անմտություն է։

Երկնքի մասին կարծիքներն ու ենթադրությունները բազմազան են

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշնչում «երկինք» բառը մի քանի իմաստով է օգտագործված։ Օրինակ՝

  • Ծննդոց 1:20-ում խոսվում է թռչունների մասին, որ «թռչում են երկրի վրայով՝ երկնքի տարածությունով»։ Այստեղ «երկինքը» վերաբերում է մթնոլորտին՝ երկնակամարին։

  • Եսայիա 13:10-ում խոսվում է «երկնքի աստղերի» և «համաստեղությունների» մասին, այսինքն՝ տիեզերքի։

  • Աստվածաշունչը խոսում է Աստծու «բնակության վայրի՝ երկնքի» մասին և ասում է, որ այնտեղ են նաև հրեշտակները (1 Թագավորներ 8:30; Մատթեոս 18:10)։ Այս համարներում «երկինքը» փոխաբերական իմաստով չէ գործածված, այլ իրական բնակության վայր է։ *

«Նայիր երկնքից, տես սրբության ու գեղեցկության քո վեհաշուք բնակատեղից» (Եսայիա 63:15)

Մի՞թե բոլոր բարի մարդիկ մահանալուց հետո երկինք են գնում

Աստվածաշունչը չի սովորեցնում, որ երկիրը ժամանակավոր կացարան է, որտեղ մենք սպասում ենք մեր մահվանը և հետագա երկնային կյանքին։ Այն պարզ հայտնում է, որ մահը մարդկության հետ կապված Աստծու սկզբնական նպատակում չի եղել։ Նկատի առնենք հետևյալը.

  • Աստված առաջին զույգին ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը» (Ծննդոց 1:28)։ Երկիրը մարդու մշտական բնակավայրն է, որտեղ նա ապրելու էր հավիտյան։ Մահը տեղ չուներ այնտեղ, քանի դեռ առաջին տղամարդն ու կինը հավատարիմ էին Աստծուն։ Սակայն, ցավոք, նրանք ընտրեցին անհնազանդության ուղին (Ծննդոց 2:17; 3:6

  • Առաջին մարդու անհնազանդությունը մահ բերեց ոչ միայն իր ու իր կնոջ, այլև նրանց հետագա սերունդների վրա (Հռոմեացիներ 5:12)։ Մի՞թե մարդկության համար այլևս հույս չկար։

  • Աստվածաշունչն ասում է, որ Աստծու «խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում» * (2 Պետրոս 3:13)։ Իր Թագավորության միջոցով նա երկրի վրա կվերականգնի այն, ինչ ի սկզբանե նպատակադրել էր, և «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21:3, 4)։ Իսկ խոսքը երկնայի՞ն, թե՞ երկրային կյանքի մասին է։ Որպեսզի մի բան «այլևս չլինի», նախ պետք է լինի։ Բայց երկնքում մահ երբեք էլ չի եղել։ Ուստի տրամաբանական է, որ աստվածաշնչյան այս համարը վերաբերում է այն ամենին, ինչ տեղի է ունենալու երկրի վրա, որը մեր մշտական բնակավայրն է, և որտեղ ուզում ենք ապրել մեր սիրելի մարդկանց հետ։ Աստվածաշունչը նաև հայտնում է, որ մահացածները կկենդանանան և կմիանան իրենց հարազատներին (Հովհաննես 5:28, 29

Շատ մարդիկ տպավորվել ու մեծ ուրախությամբ են լցվել, երբ իմացել են, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը երկնքի մասին։ Օրինակ՝ Ջորջը, ով նախկինում կաթոլիկ էր, ասում է. «Երկրի վրա հավիտյան ապրելու խոստումը ինձ համար մխիթարական է։ Այն շատ ավելի տրամաբանական է, քան երկինք գնալու գաղափարը»։ *

«Երկինքը Եհովային է պատկանում, իսկ երկիրը նա մարդկանց որդիներին է տվել» (Սաղմոս 115:16)

^ պարբ. 13 Ինչ խոսք, Աստված ոգեղեն էակ է, ոչ թե ֆիզիկական (Հովհաննես 4:24)։ Ուստի իր բնակության վայրը պետք է ոգեղեն ոլորտ լինի՝ ֆիզիկական կամ տեսանելի տիեզերքից առանձին։

^ պարբ. 19 «Նոր երկիր» արտահայտությունը չի վերաբերում բառացի նոր մոլորակի, այլ ներկայացնում է երկրի վրա ապրող մարդկային հասարակությանը, որն ունի Աստծու հավանությունը (Սաղմոս 66:4

^ պարբ. 20 Աստվածաշնչում ասվում է, որ Աստծու Թագավորության ժամանակ միայն սահմանափակ թվով մարդիկ՝ 144000 հոգի են երկնքում Հիսուսի հետ թագավորելու (1 Պետրոս 1:3, 4; Հայտնություն 14:1