Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է աններելի մեղքը

Ի՞նչ է աններելի մեղքը

Աստվածաշնչի պատասխանը

 Աններելի մեղքն այն արարքն է, որի հետևում ընկած վերաբերմունքի պատճառով անհատը զրկվում է երբևէ Աստծու ներողամտությանը արժանանալու հնարավորությունից։ Ինչպե՞ս է հնարավոր, որ անհատի մեջ նման վերաբերմունք զարգանա։

 Աստված ներում է նրանց, ովքեր զղջում են իրենց գործած մեղքերի համար, հետևում են իր չափանիշներին և հավատ են ընծայում Հիսուս Քրիստոսին (Գործեր 3:19, 20)։ Սակայն անհատը կարող է այնքան մխրճվել մեղավոր ընթացքի մեջ, որ էլ երբեք չփոխի իր վերաբերմունքը կամ վարքը։ Աստվածաշունչը նման անձնավորությանը նկարագրում է որպես մեկը, ով «չար սիրտ» ունի, և այդ «սիրտը կարծրացել է՝ տրվելով մեղքի հրապույրին» (Եբրայեցիներ 3:12, 13)։ Ինչպես կավը թրծավառարանում թրծվելուց հետո ենթակա չէ ձևափոխման, այնպես էլ անհատի սիրտը. նա մեկընդմիշտ հակառակվում է Աստծուն (Եսայիա 45:9)։ Նման անհատի համար այլևս ներվելու հիմք չկա, ուստի նա մեղավոր է աններելի մեղք գործելու համար (Եբրայեցիներ 10:26, 27

 Հիսուսի օրերում ապրող որոշ հրեա կրոնական առաջնորդներ աններելի մեղք գործեցին։ Նրանք գիտեին, որ Աստծու սուրբ ոգու զորությամբ է Հիսուսը հրաշքներ գործում, սակայն նենգաբար պնդում էին, որ նա այդ զորությունը ստանում է Սատանայից (Մարկոս 3:22, 28–30

Մեղքեր, որ կարող են ներվել

  •  Աստվածհայհոյություն։ Պողոս առաքյալը նախկինում հայհոյել էր Աստծուն, բայց հետագայում ասաց. «Իմ հանդեպ ողորմություն ցուցաբերվեց, քանի որ տգիտությամբ և անհավատությամբ էի վարվում» (1 Տիմոթեոս 1:13

  •  Անբարոյություն։ Աստվածաշնչում նշվում է այնպիսի մարդկանց մասին, ովքեր մի ժամանակ անբարոյական են եղել, բայց հետագայում փոխել են իրենց ապրելակերպը և արժանացել Աստծու ներմանը (1 Կորնթացիներ 6:9–11

«Արդյո՞ք աններելի մեղք եմ գործել»

 Եթե անկեղծորեն զղջում ես քո սխալ ընթացքի համար, չես պարծենում քո սխալ արարքներով ու իրոք ուզում ես փոխվել, ապա աններելի մեղք չես գործել։ Աստված կարող է ներել նույնիսկ նրանց, ովքեր շարունակ գործում են միևնույն մեղքը, քանի դեռ նրանց սիրտը վերջնականապես չի կարծրացել իր դեմ (Եսայիա 1:18

 Ոմանք կարծում են, որ աններելի մեղք են գործել, քանի որ նրանց անընդհատ տանջում է մեղավորության զգացումը։ Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր զգացմունքները միշտ չէ, որ վստահելի են (Երեմիա 17:9)։ Աստված մեզ իշխանություն չի տվել դատելու որևէ մեկին, այդ թվում նաև մեզ (Հռոմեացիներ 14:4, 12)։ Նա կարող է ներել, անգամ երբ մեր սիրտը դեռ դատապարտում է մեզ (1 Հովհաննես 3:19, 20

Հուդա Իսկարիովտացին աններելի՞ մեղք գործեց

 Այո՛։ Նրա ագահությունը դրդեց նրան գողանալ նվիրաբերված փողը, ինչը օգտագործվում էր հոգևոր նպատակներով։ Նա նույնիսկ ձևացրեց, թե մտահոգված է աղքատ մարդկանցով, մինչդեռ իրականում մտածում էր, թե ինչպես ավելի շատ փող ձեռք բերի (Հովհաննես 12:4–8)։ Երբ Հուդայի սիրտը մեկընդմիշտ մխրճվեց սխալ ընթացքի մեջ, նա դավաճանեց Հիսուսին 30 կտոր արծաթով։ Հիսուսը գիտեր, որ Հուդան երբեք անկեղծորեն չի զղջա իր արածի համար, և նրան անվանեց «կործանման որդի» (Հովհաննես 17:12)։ Սա նշանակում է, որ Հուդան մահացավ առանց հարության հույսի, նրա կործանումը վերջնական էր (Մարկոս 14:21

 Հուդան անկեղծորեն չզղջաց իր մեղքի համար։ Ճիշտ է, նա խոստովանեց իր մեղքը, սակայն ոչ թե Աստծուն, այլ կրոնական առաջնորդներին, որոնց հետ դավադրություն էր կազմակերպել (Մատթեոս 27:3–5; 2 Կորնթացիներ 7:10