Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես զարգացնել համբերություն

Ինչպես զարգացնել համբերություն

 «Ամուսնու և կնոջ համբերությունը փորձվում է ամեն օր։ Երբ ամուրի ես, համբերությանը գուցե այդքան էլ մեծ կարևորություն չտաս, բայց այն չափազանց կարևոր է հաջող ամուսնություն ունենալու համար» (Ջոն)։

 Ինչո՞ւ կարիք կա համբերատար լինելու

  •   Ամուսնանալուց հետո հստակ տեսնում եք ձեր կողակցի թերությունները։

     «Երբ ռոմանտիկան անցնում է, հեշտ է կենտրոնանալ կողակցի ոչ այդքան ցանկալի հատկությունների վրա։ Իսկ երբ այդ բացասական տրամադրվածությունը ներս է սողոսկում, հեշտ է կորցնել համբերությունը» (Ջեսինա)։

  •   Անհամբերության պատճառով գուցե անմտածված խոսեք։

     «Ես անմիջապես արտահայտում եմ այն, ինչ զգում եմ։ Եթե մի փոքր համբերատար լինեի, գուցե ուրիշ աչքով նայեի իրավիճակին և որոշեի ոչինչ չասել» (Կարմեն)։

     Աստվածաշունչն ասում է. «Սերը համբերատար է ու բարի» (1 Կորնթացիներ 13։4)։ Տրամաբանական է, որ իրար սիրող երկու մարդիկ համբերություն կդրսևորեն։ Բայց ոչ միշտ է այդպես լինում։ Ջոնը, ում խոսքերը մեջբերված են վերևում, ասում է. «Ինչպես և ցանկացած լավ հատկություն, այնպես էլ համբերությունը ավելի հեշտ է կորցնել, քան զարգացնել։ Հարկավոր է ջանք թափել ավելի համբերատար լինելու համար»։

 Ինչպե՞ս կարող եք համբերություն դրսևորել

  •   Երբ անսպասելի լարված իրավիճակ է ստեղծվում, և ձեր համբերությունը փորձվում է։

     Օրինակ։ Ձեր կողակիցը կոպտորեն ինչ-որ բան է ասում ձեզ։ Դուք անմիջապես ուզում եք նույն կերպ պատասխանել։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել, որովհետև հիմարներն են վիրավորանքը պահում իրենց ծոցում» (Ժողովող 7։9

     Ինչպես համբերություն դրսևորել։ Նախքան պատասխանելը մի պահ կանգ առեք։ Մի՛ շտապեք ձեր կողակցի ասածը մեկնաբանել որպես ցավ պատճառելու միտում։ «Պայքար ձեր ամուսնության համար» գրքում ասվում է. «Շատերս արձագանքում ենք՝ ավելի շատ հիմնվելով մեր իսկ ենթադրությունների վրա և ոչ թե այն բանի, թե ինչ նկատի ուներ մեր կողակիցը, և թե իրականում ինչ ասաց նա» (Fighting for Your Marriage)։

     Նույնիսկ եթե ձեր կողակիցը միտումնավոր կերպով ուզում է հունից հանել ձեզ, համբերություն դրսևորելով և նույն կերպ չպատասխանելով՝ դուք կթուլացնեք լարվածությունը և կրակի վրա յուղ չեք լցնի։ «Փայտ չլինելիս կրակը հանգչում է»,— գրված է Աստվածաշնչում (Առակներ 26։20

     «Երբ զգում եք, որ սկսում եք ձեր կնոջը հակառակորդ համարել, կանգ առեք ու մտածեք, թե ինչու եք սիրում նրան, և անմիջապես ինչ-որ հաճելի բան արեք նրա համար» (Իթըն)։

     Մտածեք

    •  Ինչպե՞ս եք արձագանքում, երբ ձեր կողակիցը իր խոսքով կամ արարքով նեղացնում է ձեզ։

    •  Երբ հաջորդ անգամ նման բան տեղի ունենա, ինչպե՞ս կարող եք ավելի համբերատար լինել։

  •   Երբ ձեր համբերությունը նորից ու նորից է փորձվում։

     Օրինակ։ Ձեր կողակիցը միշտ ուշանում է, և դուք ստիպված եք լինում սպասել նրան, իսկ դա հունից հանում է ձեզ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13

     Ինչպես համբերություն դրսևորել։ Փորձեք ձեր ամուսնական փոխհարաբերությունները անձնական կարիքներից վեր դասել։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Եթե դրանից մեծ հարց սարքեմ, դա օգուտ կտա՞ մեր փոխհարաբերություններին, թե՞ կվնասի»։ Հիշեք նաև, որ «բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2)։ Դա նշանակում է, որ դուք նույնպես բարելավվելու տեղ ունեք։

     «Երբեմն ընկերուհուս հանդեպ ավելի համբերատար եմ լինում, քան ամուսնուս հանդեպ։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ ամուսնուս հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում և տեսնում եմ նրա թերությունները։ Բայց համբերությունը սիրո երեսակներից է, հարգանքի դրսևորում, ուստի շատ կարևոր է մեր ամուսնության մեջ» (Նիա)։

     Մտածեք

    •  Որքա՞ն համբերատար եք ձեր կողակցի թերությունների նկատմամբ։

    •  Ապագայում ինչպե՞ս կարող եք ավելի համբերատար լինել։