Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ութոտնուկի զարմանահրաշ «ձեռքերը»

Ութոտնուկի զարմանահրաշ «ձեռքերը»

 Ինժեներ-ռոբոտագետները մշակում են այնպիսի մի սարք, որը կօգնի բժիշկներին մարդու մարմնի դժվար հասանելի հատվածներում կատարելու նվազագույն ինվազիվ վիրահատություն։ Ութոտնուկի՝ բարձր ճկունությամբ օժտված «ձեռքերը», կամ՝ շոշափուկներն են ոգեշնչել մասնագետներին ստեղծելու նորարարական վիրաբուժական գործիքներից մեկը։

 Նկատի առնենք հետևյալը։ Իր ձգվող և ճկուն ութ «ձեռքերով» ութոտնուկը կարող է անգամ նեղ տարածության մեջ բռնել, պահել և սեղմել տարբեր առարկաներ։ Ութոտնուկը ոչ միայն ցանկացած ուղղությամբ ճկում է իր շոշափուկները, այլև ըստ անհրաժեշտության լարում՝ քարացնում է իր «ձեռքերի» տարբեր հատվածները։

 Հետազոտողները համոզված են, որ նմանատիպ փափուկ և ճկուն ռոբոտ-ձեռքը անգնահատելի գործիք կլինի նվազագույն ինվազիվ վիրաբուժության մեջ։ Այն բավականին կհեշտացնի բարդ վիրահատությունները։

 Դիտեք, թե որքան ճկուն են ութոտնուկի շոշափուկները

 Այսպիսի ռոբոտ-ձեռք արդեն ստեղծվել է և օգտագործվում է կեղծ վիրահատությունների ժամանակ։ 135 միլիմետր (5 դյույմ) երկարությամբ «ձեռքի» մի մասը կարող է բարձրացնել ու պահել ներքին օրգանները՝ առանց որևէ վնաս հասցնելու դրանց։ Միևնույն ժամանակ մյուս մասը բուն վիրահատությունն է իրականացնում։ Այդ սարքը ստեղծող խմբի անդամներից մեկը՝ դ-ր Տոմասո Ռանզանին ասում է. «Վստահ ենք, որ այս համակարգը նոր և կատարելագործված տարբերակների սկիզբը կլինի, որոնք ավելի մեծ հնարավորություններ կունենան»։

Փափուկ և ճկուն ռոբոտ-ձեռքը անգնահատելի գործիք կլինի վիրաբուժության մեջ

 Ի՞նչ եք կարծում։ Ութոտնուկի «ձեռքը» էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։